«Մեր տան տերերը» Պարոնյանի անվան թատրոնում
Մեր անհոգությամբ, թեթեւամտությամբ, մեր երկրի ու զավակների նկատմամբ անպատասխանատվությամբ բերեցինք, մեր գլխին նստեցրինք սրիկաների, խաբեբաների, շահամոլների ու, երբ զգում ենք մեր հուսահատ վիճակըՙ նվնվում ենք կատվի ձագի պես։ Ու մեզ թալանում, ճորտացնում են, որովհետեւ, պարզվում է, մենք այս ստրկացմանը պատրաստ ենք եղել ու թեթեւությամբ ենք գնում...
Այս է ասված Ժիրայր Անանյանի նորՙ «Մեր տան տերերը» պիեսում, որի բեմադրության պրեմիերան է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այս օրերին։ Պիեսի հեղինակը եւ բեմադրության հեղինակըՙ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյանը գործը ներկայացնում են որպես կատակերգություն։ Նշանակում է, որ մենք դեռ այնքան ուժեղ ենք, որ կարող ենք ծիծաղել ողբերգության երեսին...
Մի «Տանձ» Հայրո, պարզվում է, պիտի գա, նստի մեր գլխին ու մեր ճակատագիրը որոշի։ Անչափ հետաքրքիր մի արտիստՙ Արա Դեղտրիկյանը (որին տեսել ենք նաեւ այս թատրոնում բեմադրված «Ընթրիք հիմարի հետ» կատակերգության մեջՙ գլխավոր հերոսի տաղանդավոր ներկայացման ժամանակ) «Տանձ» Հայրո է ներկայացնում նրբանկատությամբ ու վարպետությամբ, ներկայացնում է մի մարդու, որը մի քանի հարյուր դոլարով մեզ էժան-էժան գնում է։ Ու գնվում են Կարապետ-Կարոն (ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան), նրա կին Վերժինեն (Մարիամ Ղազարյան), նրա աղջիկ Գայանեն (Նարինե Ալեքսանյան), փեսանՙ Լիպարիտ-Լիպոն (Հովակ Գալոյան), հարեւանըՙ Գերասիմը (Զավեն Աբրահամյան), ոստիկանը (Վարուժան Մանուկյան)։ Իսկ այս «Տանձի» քարտուղարուհի Լալան (Լուսինե Արշակյան) իր ծննդյան օրից է վաճառված։
Պիեսի հեղինակ Ժիրայր Անանյանն իր հերոսին տեղավորել է էկզիստենցիալ իրավիճակում։ Եվ նրանցից ամեն մեկն իր-ականանում է։ Այս ի՜նչ էժան ենք ծախվում։
Իր-ականացող, ծախվողներից մեկն էլ Կարո-Կարապետի զոքանչն է («Ինձ զոքանչ մի ասա, ես Կարապետի կնոջ մայրն եմ ու նաեւ կին եմ, ոչ թեՙ կնիկ»), որի դերը, ինչպես միշտ, փայլուն է կատարում ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանը։
Փառք Աստծո, որ դեռ Սվետլանա Գրիգորյան ունենք, ով այս պիեսի բեմադրության ժամանակ ոչ թե պարզապես Թագուհի է, նույնիսկ ոչ թե Թագուհի Գուրգենովնա, այլ հենցՙ Թագուհի Գրիգորեւնա։
Այդպե՛ս։ Սվետլանա Գրիգորյանի Թագուհի Գրիգորեւնան էլ է վաճառվում, բայց համարձակություն ունի Հայրո Հայրումյան Վաղինակիչին իր ճշմարիտ անունով դիմելուՙ «Տանձ»։
Բեմադրության ժամանակ Հակոբ Պարոնյանի թատրոնում ծիծաղը պակաս չէր։ Բայց տխուր ծիծաղ էր դա, նաեւՙ զգաստացնող։ Ժիրայր Անանյանը եւ Երվանդ Ղազանչյանը ողբերգություն են ստեղծել, մեր իսկ ողբերգությունը։
Երվանդ Ղազանչյանն անչափ խիստ է պիեսների ընտրության, առավել եւսՙ բեմականացման ժամանակ։ Եվ եթե հաջողությամբ ու փայլուն կերպով բեմադրել է Ժիրայր Անանյանի նաեւ այս պիեսը, նշանակում է անպայման տեսել է գործի կարեւորությունը։ Ի բարեբախտություն հանդիսատեսի եւ թատրոնիՙ շահել ենք։
Ու բնավ էլ զարմանալի չէ, որ այսօր, երբ առավել դաժան ներկայացումները տեղի են ունենում քաղաքական ջունգլիներում, արվեստի ճշմարիտ գնահատողը ոչ թե նստում է հեռուստացույցի առաջ (բալամ, զզվել ենք ձեր անտաղանդ խաղերից), այլ հերթ է կանգնում տոմսարկղի մոտՙ Ժիրայր Անանյանի եւ Երվանդ Ղազանչյանի «Մեր տան տերերը» կատակերգությանը ներկա գտնվելու համար։ Եվս մեկ անգամ հաստատում ենք այն տրավիալ միտքը, որ եթե կարողանում ենք ծիծաղել, ապա դեռ ուժեղ ենք, դեռ աշխարհը չի կործանվել, դեռ ամեն ինչ վերջացած չէ։
ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆ