«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2003-11-21 | #215, 2003-11-22 | #216, 2003-11-25


ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՄՓՈՓԵՑ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության ավարտից մեկ օր անց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջանի արդյունքները։ Ըստ նախագահի, առաջնությունն անցավ նորմալ պայմաններում, առանց միջադեպերի։ Առաջին անգամ անցկացվեցին նաեւ կրտսեր տարիքի պատանիների առաջնություններ, ինչը կնպաստի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մարզերում։ Ծրագիր է մշակված Հայաստանում ֆուտբոլով զբաղվողների թիվը հասցնել 20-25 հազարի։ Բացառությամբ առանձին միջադեպերի, մրցավարությունից եւս նախագահը գոհ էր, միաժամանակ նշելով, որ գործկոմի որոշմամբ իրեն իրավունք է վերապահված միտումնավոր սխալներ թույլ տված մրցավարներին ենթարկել դրամական խոշոր տուգանքների։ Ինչ վերաբերում է գալիք առաջնությունում թիմերի քանակին, ապա նախատեսվում է բարձրագույն խմբում մասնակիցների թիվը հասցնել 10-ի։ Մասնավորապես «Արարատը», որը մեկ տարով որակազրկված էր, եթե ցանկություն հայտնի մասնակցելու բարձրագույն խմբի մրցաշարին, ապա մինչեւ դեկտեմբերի 15-ը պետք է հայտ ներկայացնի ֆեդերացիա։ Նմանատիպ ցանկության դեպքում «Վաղարշապատին» էլ, որն առաջին խմբում 2-րդ տեղն էր գրավել, հնարավոր է թույլատրեն հանդես գալու ուժեղագույնների խմբում։

Անդրադառնալով հավաքականների ելույթներին, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ հաշվի առնելով պատանեկան հավաքականների հաջող մրցելույթները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլում, արդյունքը բավարար է համարում, իսկ ահա ազգային հավաքականն իր առջեւ դրված խնդիրը չկատարեց, ուստի անբավարար է գնահատում։ Շուտով Ֆրանկֆուրտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը, որից հետո ֆեդերացիան կաշխատի, որպեսզի ազգային հավաքականը հստակ խաղացանկ ունենա եւ ՖԻՖԱ-ի կողմից ընկերական հանդիպումների համար նախատեսած օրերին մրցի այլ հավաքականների հետ։ Մասնավորապես, արդեն հայտնի է, որ փետրվարին ՀՀ ընտրանին կմասնակցի Կիպրոսում կայանալիք մրցաշարին։ Ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականները, որոնց առաջիկայում լուրջ մրցախաղեր են սպասում։ Նրանք կմասնակցեն արտասահմանյան հավաքներին, որի ընթացքում ընկերական մրցախաղեր կանցկացնեն։

Ինչ վերաբերում է Հունաստանի հավաքականի հետ խաղի շուրջ բարձրացված աղմուկին, ապա Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ՈՒԵՖԱ-ի կողմից հետաքննությունը շարունակվում է։ Արծարծվեցին նաեւ մարզադաշտերի հետ կապված խնդիրներ։ «Նաիրի» մարզադաշտի առնչությամբ Երեւանի քաղաքապետի հրահանգով արգելված է շրջապատի տարբեր բենզալցակայանների եւ այլ կառույցների շինարարությունը, ուստի հնարավորություն է ընձեռվում իրականացնել այդ մարզադաշտի հիմնովին վերակառուցման ծրագիրը։ Ինչ վերաբերում է Մալաթիայի մարզադաշտերը վարձավճարով «Բանանց» ակումբին հատկացնելու ֆեդերացիայի նախնական համաձայնությանը, ապա Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ այս առնչությամբ տարբեր բողոքներ ու ասեկոսեներ են տարածվում, ուստի նպատակահարմար է գտնում ոչ մի ակումբի էլ չընդառաջել եւ թողնել ֆեդերացիայի տրամադրության տակ։ Ըստ նրա, ակումբներն իրենք պետք է հոգան սեփական մարզադաշտի խնդիրը։ Ռուբեն Հայրապետյանը նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ մշակում են ֆուտբոլի մասին օրենքը, որն առաջիկայում կներկայացվի պատգամավորների դատին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4