Կանադական Վանկուվեր քաղաքում ավարտվեցին ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները։ Ցավոք, մրցումների ավարտական երկու օրերն ուրախանալու ոչ մի առիթ չտվեցին հայ մարզասերներին։ Մինչեւ 105 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Չախոյանը շատ անհաջող հանդես եկավ։ Նա առաջին վարժությունում առաջին մոտեցման ժամանակ բարձրացնելով 172, 5 կգ ծանրաձողը, այնուհետեւ երկու անգամ չկարողացավ պոկել 177,5 կգ ծանրաձողը։ Էլ ավելի անհաջող էր հայ ծանրորդի ելույթը հրում վարժությունում։ Բոլոր 3 մոտեցումների ժամանակ էլ նախնական պատվիրված 207,5 կգ ծանրությունը չհաջողվեց հաղթահարել։ Այսպիսով, հրում վարժությունում Չախոյանը 0 ստացավ եւ զրկվեց մեդալների համար պայքարելու հնարավորությունից։
Մարզասերների սպասելիքները չարդարացրեց նաեւ հավաքականի գլխավոր հույսըՙ Աշոտ Դանիելյանը։ Գերծանր քաշայինների մրցավեճում հայ դյուցազն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ։ Նա միայն երկրորդ փորձից պոկում վարժությունում իրեն ենթարկեց 190 կգ-անոց ծանրաձողը, սակայն 3-րդ մոտեցման ժամանակ անհաջողության մատնվեց 200 կգ ծանրությունը բարձրացնելիս։ Հրելով 240 կգ, Դանիելյանը երկամարտի 430 կգ արդյունքով գրավեց 7-րդ տեղը։ Իսկ չեմպիոնի կոչմանն արժանացավ իրանցի Հոսեյն Ռեզա-Զադեն, որը երկամարտում ցույց տվեց 457,5 կգ (207,5+250) արդյունք։ Հաղթողին 7,5 կգ-ով զիջեց արծաթե մրցանակակիր ուկրաինացի Արտյոմ Ուդաչինը։ Բրոնզե մեդալը բաժին հասավ բուլղարացի Վելիչկո Չոլակովինՙ 447,5 կգ (205+242,5)։ Հատկանշական է, որ պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց քաթարցի Ջաբեր Սալեմը (210 կգ), որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել մրցավեճը եւ չմասնակցեց հրում վարժությանը։ Իսկ աշխարհի չեմպիոն հռչակված իրանցի ծանրորդն այս վարժությունում բավարարվեց բրոնզե մեդալով։ Արծաթը բաժին հասավ ուկրաինացի Ուդաչինին (210 կգ)։ Հրում վարժությունում լավագույնը իրանցի ծանրորդի ցուցանիշն էր (250 կգ), երկրորդ տեղը գրավեց բուլղարացի Չոլակովը (242,5 կգ), բրոնզե մեդալը նվաճեց լատվիացի Վիկտոր Շերբատիշը (245 կգ)։ Մինչեւ 105 կգ քաշային կարգում ոսկե մեդալին արժանացավ քաթարցի Սահիդ Ասադըՙ 422,5 կգ (195+227,5)։ Ռուսաստանցի Վլադիմիր Սմորչկովը 417,5 կգ (195+222,5) արդյունքով 2-րդն էր։ Բրոնզե մրցանակակիր դարձավ թուրք Բունյամի Սուդասըՙ 415 կգ (185+230)։
Կանանց մրցաշարն ավարտվեց 75 կգ-ից բարձր քաշ ունեցող մարզուհիների ելույթով։ Կրկին իրենց բարձրության վրա գտնվեցին չին մարզուհիները։ Աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց Մեյույան Դինգըՙ 300 կգ (137,5+162,5)։ Աշխարհի 2001 թ. չեմպիոնուհի, Եվրոպայի քառակի չեմպիոնուհի ռուսաստանցի Ալբինա Խոմիչը 290 կգ (130+160) արդյունքով 2-րդն էր։ Բրոնզե պարգեւին արժանացավ ուկրաինուհի Օլգա Կորոբկանՙ 277,5 կգ (125+152,5)։
Ավարտվեց ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որը նաեւ վարկանիշային մրցաշար էր Աթենքի օլիմպիական խաղերի ուղեգրերի ձեռք բերման համար։ Հայաստանից մրցահարթակ դուրս եկած 8 ծանրորդներից միայն Գեւորգ Դավթյանին հաջողվեց արժանանալ առաջնության պարգեւների։ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Դավթյանը դարձավ 2-րդ մրցանակակիր։