«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2003-11-21 | #215, 2003-11-22 | #216, 2003-11-25


ԴԵՄ ԲԻԶՆԵՍԻ ԱՅԲՈՒԲԵՆԻՆ

Երբ «Արմենտելը» հայտարարեց, որ սկսվել է բջջային նոր քարտեր ստանալու համար քաղաքացիների գրանցումը, քաղաքի ավտոմատ հեռախոսակայաններում իրարանցում սկսվեց. քաղաքացիները, ծանոթ-բարեկամների անձնագրերը վերցրած, շտապում էին գրանցվելու։ Փաստը, որ նոյեմբերի վերջին շուկա հանվելիք քարտերի թիվը սահմանափակ էՙ 20.000, ավելի էր շտապեցնում նրանց։ Հայտարարության առաջին օրերին գոյացած հերթերը ոչ վաղ անցյալն էին հիշեցնում։ Զարմանալի էր նաեւ ցուցակագրվելու եկածների կազմըՙ հիմնականում միջինից բարձր տարիքի, արտաքինիցՙ ոչ շատ լավ պայմաններում ապրողներ։

Առաջին օրերին շատերը բողոքում էին, որ ստիպված երկրորդ կամ նույնիսկ երրորդ անգամ են հերթ կանգնում։ Այժմ վիճակը մի քիչ փոխվել է. ցուցակագրվել ցանկացողները կարողանում են մի քանի ժամվա ընթացքում լրացված դիմումը հանձնել հեռախոսակայանի աշխատակցին։ Գուցե պատճառը, որ այսօր հերթ կանգնողների թիվը նվազել է, այն է, որ մարդիկ մոտ ապագայում քարտ ստանալու հույսը կորցրել են։ «Շատ դժգոհ եմ, ասաց նրանցից մեկը, դիմումս վերցրել են, բայց, միեւնույն է, ինձ քարտ չի հասնելու։ «Դաստաներով» կողքից ուրիշ անձնագրեր են բերում, նրանց դիմումների վրա նշան անում։ Կարծում են, թե չենք հասկանումՙ առաջինն ում են տալու»։ Այս կինը Երեւանի 14 հեռախոսակայաններից մեկիՙ «52»-ի բաժանորդներից էր։ Նրա դիմումի համարն անցնում էր 3700-ը։ Եթե հաշվի առնենք, որ մինչ հայտարարությունը տարբեր կազմակերպություններ մի քանի ամիս առաջ արդեն բջջային քարտ ստանալու դիմումներ էին ներկայացնում «Արմենտել» եւ դեռ սպասում են, կարելի է պատկերացնելՙ «Արմենտելում» դիմումների ինչ կուտակումներ կան։

Զարմանալի է, «Արմենտելն» անում է մի բան, որ դեմ է բիզնեսի այբուբենին։ Յուրաքանչյուր ընկերություն, շահույթ հետապնդելով, ձգտում է մեծացնել իր ապրանքի պահանջարկը եւ արագորեն ավելացնում է առաջարկը։ Այսօր Հայաստանում բջջային քարտերի պահանջարկը մեծ է, իսկ առաջարկ չկա։ Ո՞ւմ է ձեռնտու, որ քարտերը վաճառվեն ոչ թե «Արմենտելում»ՙ իրենց սահմանված գնով, այլ «ձեռքի վրա»ՙ գրեթե 10 անգամ թանկ։

Ամեն դեպքում, եթե նոյեմբերի վերջին 20.000 բջջային քարտ եւս մտնի շուկա, վատ չէ։ Վատն այն է, որ լրացուցիչ ներդրումներ չկատարելու դեպքում ավելի կվատանա առանց այն էլ շատ հաճախ «անհասանելի» կապի վիճակը։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4