«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2003-11-21 | #215, 2003-11-22 | #216, 2003-11-25


«ՄԵԼՏԵՔՍԸ» ԴԻՄԵԼՈՒ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Կարճ ժամանակահատվածում 6 մրցույթների մասնակցած ու անընդմեջ պարտություն կրած «Ա1+» հեռուստաընկերությունը մտադիր չէ դադարեցնելու պայքարըՙ հեռուստաեթերում կրկին գերիշխող դիրք գրավելու համար։

«Վրաստանում անարյուն իշխանափոխություն եղավ, որովհետեւ մարդիկ ճշմարիտ տեղեկատվություն էին ստանում, հստակ գիտեին, թե ինչ է կատարվում։ Եթե Վրաստանի նման մի շարժում սկսվի մեզանում, հենց հիմքից հեշտությամբ կխեղդվի, որովհետեւ մենք չունենք «Ռուսթավի 2»-ի նման հեռուստաընկերություն, դա չարիք է հասարակության ու լրատվական դաշտի համար», երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց «Ա1+» հեռուստատեսության գլխավոր տնօրեն, «Մելտեքս» ՍՊԸ-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը։

63-րդ դեցիմետրային կապուղու համար հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման վերջին մրցույթը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՌՀԱՀ) անցկացրեց այս աշնան հոկտեմբերի 13-ին։ «Մելտեքս» ՍՊԸ-ն ստացավ 27 միավոր, մրցակից «Սինեմաքս» ՍՊԸ-նՙ 33։ «Ա1+»-ի տնօրենը հրապարակավ վիճարկեց մրցույթի արդյունքներն այն հիմնավորմամբ, թե «Սինեմաքսի» մրցութային փաթեթում կեղծ ու խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է ներկայացվել։ ՀՌԱՀ-ի թիվ 75Ա որոշումը «Սինեմաքսին» հեռարձակման լիցենզիա տալու վերաբերյալ ապօրինի է եւ հակասում է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածին։ Վերջինիս պահանջով արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ գործելու են հետեւյալ չափորոշիչներըՙ 1. սեփական, 2. հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը, 3. դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները, 4. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը։

Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը տող առ տող ներկայացրեց «Մելտեքսի» բողոքի հիմնավորվածությունը եւ «Սինեմաքսի» մրցութային առաջարկների անհամապատասխանությունն օրենքի տառին ու ոգուն։ «Մելտեքսի» գլխավոր փաստարկն այն է, որ ե՛ւ եթերում, ե՛ւ նախագծային փաթեթում «Սինեմաքսի» փոխարեն փաստորեն հանդես է եկել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, որն իբրեւ այդպիսին իրավաբանորեն գոյություն չունի, գրանցված չէ պետռեգիստրում եւ արդարադատության նախարարությունում։ Մրցույթի հայտատուն փաստացի «Սինեմաքսն» է, բայց հեռարձակումն այսօր էլ, ակնհայտ էՙ հետո էլ իրականացնելու է «Արմնյուզը»։

Մրցութային պայմանների շարադրանքն ամբողջությամբ վերաբերում է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը։ Նշվում է, թե վերջինս ժամանակակից ու հարուստ հեռուստատեխնիկա ունի։ Փաստորեն, դիմողի տեխնիկական հնարավորությունները գնահատելիս ՀՌԱՀ-ը հենվել է այս տվյալի վրաՙ մոռանալով, որ մրցույթի մասնակիցը «Սինեմաքսն» է, ոչ թե «Արմնյուզը»։ Սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը գնահատելիս դարձյալ տրվում է «Արմնյուզ» հեռուստաընկերության անունըՙ «Արմնյուզն» օրական 12 ժամ սեփական արտադրության լրատվություն է հաղորդում»։

Տիգրան Տեր-Եսայանն ընդգծում է, որ թիվ 63 կապուղով հեռարձակվելու թույլտվություն, բացի «Սինեմաքս» ՍՊԸ-ից, ոչ մի ուրիշ լրատվամիջոցի չի տրվել։ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը ոչ միայն 63-րդ կապուղով հեռարձակվելու թույլտվություն չի ունեցել, այլեւ իբրեւ լրատվամիջոց գրանցված չի եղել եւ գրանցման վկայագիր չի ունեցել ընդհուպ արտոնագրման մրցույթը։ Ստացվում է, որ «Մելտեքս» ընկերությունը կեղծ տվյալներ է ներկայացրել ՀՌԱՀ-ին եւ հեռարձակման արտոնությունը փոխանցել մեկ ուրիշի։ Իսկ եթե ՀՌԱՀ-ը գիտակցաբար է անտեսել այս իրողությունը, դա արդեն իշխանազանցություն է նշանակում, այսինքնՙ թե ՀՌԱՀ-ի, թե «Սինեմաքսի» դեմ միանգամայն իրական հանցակազմն է առկա։

«Սա առաջին դեպքը չէ, որ ՀՌԱՀ-ը օրինախախտում է թույլ տալիս, հետո աղմուկ բարձրացնում ու մեղադրանքներ հնչեցնում մեր հասցեին։ Վերջին մրցույթն ապացուցեց անպատժելիության մթնոլորտի ներգործությունը ե՛ւ ՀՌԱՀ-ի, ե՛ւ «Սինեմաքսի», ե՛ւ «Արմնյուզի» վրա։ ՀՌԱՀ-ը շարունակաբար միակողմանի որոշումներ է ընդունում։ Այսպիսի լկտիության հետեւանքը վաղը կարող է լինել այն, որ «Ա1+»-ի ճակատագրին կարժանանան անցանկալի այլ հեռուստաընկերություններ ու թերթեր», եզրափակեց «Ա1+»-ի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը։

Ի դեպ, անցած տարվա մրցույթի ավարտից հետո «Ա1+»-ը դիմեց Եվրադատարանՙ միանգամից 2 հայցով, որ 2002 թ. ապրիլի 2-ին ՀՌԱՀ-ի կազմակերպած մրցույթն օրենքի շրջանցումով է եղել, իսկ երկրորդը վերաբերում է իրՙ իբրեւ վարձակալի, իրավունքների խախտմանը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4