Երեւանի թաղապետարանները ամեն շաբաթ ՆԳ բաժանմունքներից վարչատուգանային ակտեր են ստանում համայնքի տարածքում արձանագրված օրինախախտումների վերաբերյալ։ Դրանք հնարավորություն են տալիս հստակ պատկերացում կազմելու նաեւ մեր քաղաքում մարմնավաճառության ակտիվության ու ծավալների մասին։ Մեկ-մեկ աչքակապության համար բռնված մարմնավաճառները սովորաբար գրում ու ստորագրում են նույն բանըՙ կներեք, էլ չեմ անի։ Իրավախախտման համար նրանցից պահանջվում է ընդամենը 600 դրամ տուգանք եւ վերջ, կրկին կարող են անցնել իրենց գործին։
Մարմնավաճառների ոչ պաշտպանության, ոչ էլ նրանց մերժելու կամ դաշտը վերահսկելու ոչ մի օրենք կամ կարգ չի գործում Հայաստանում։ Թերեւս այս զիջողամիտ վերաբերմունքի հետեւանքն էր ամռանը տեղի ունեցած սահմռկեցուցիչ ողբերգությունը, երբ կրկեսի մոտ «աշխատանքի» դուրս եկած մարմնավաճառուհին տառացիորեն մորթեց 10-րդ դասարանցի մի տղայիՙ բժշկական վիրադանակով կտրելով նրա կոկորդը։
Այս առումով, մեր իրավական դաշտն ամայի է, ավելին, մարմնավաճառությունը դարձել է եկամտի աղբյուր նաեւ ոստիկանների ու հանրային սպասարկման ոլորտի որոշ գործարարների համար։
Ցրտերն ընկնելու հետ սիրո արվեստի քրմուհիները կամաց-կամաց տեղափոխվում են աշխատանքային այլ տարածքներ։ Թաղապետարաններից մեկի մի պաշտոնյայի տեղեկատվությամբ, որը չուզեց ներկայանալ տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար, մայրաքաղաքի մի շարք սրճարաններ, ինչպես «Ռիլաքսը», «Մոնտե Քրիստոն» եւ ուրիշներ, որոնց հետեւում հասարակությանը քաջ հայտնի անուններ են, դարձել են մարմնավաճառների հետ գիշերային հանդիպավայրեր, եւ անկասկած, շահույթի իրենց բաժինն ունեն եկամտաբեր բիզնեսից։
Կ.Դ.