«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2003-11-22 | #216, 2003-11-25 | #217, 2003-11-26


ԱԲԱՇԻՁԵՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ԹԵ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

ՄՈՍԿՎԱ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիի իրադարձությունները չի կարելի «թավշյա» հեղափոխություն համարել, այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտարարել է Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեն։

«Թավշյա հեղափոխություններ չեն լինում, բոլոր հեղափոխություններն Էլ արյունալի են», ընդգծել է նա։ Աբաշիձեն այն կարծիքին է, որ Էդուարդ Շեւարդնաձեի կյանքը սպառնալիքի տակ էր, իսկ Վրաստանի իրադարձությունները պետական հեղաշրջում էին»։

Աջարիայի ղեկավարի խոսքերով, «Թբիլիսիում տակնուվրա է արվել «Վերածնունդ» կուսակցության շտաբը, վնասվել են աջարական հեռուստատեսության շարժական հեռուստակայանի մեքենաները»։ «Թբիլիսիում նախագահի նստավայրին են մոտեցել մի խումբ զինված անձինք,- ասել է Աջարիայի ղեկավարը։ - Մի՞թե դա կարելի է «թավշյա հեղափոխություն» անվանել»։

Իր հերթին «Ազգային շարժում» արմատական դաշինքի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ Վրաստանի նոր ղեկավարությունը «մտադիր չէ սրել հարաբերությունները Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ եւ դիմել ինչ-ինչ կոշտ միջոցների նրա դեմ»։

«Ասլան Աբաշիձեն կարեւոր դեմք է Վրաստանի քաղաքական կյանքում», ասել է Սաակաշվիլին։ Նա հաղորդել է, որ Զուրաբ Ժվանիանՙ Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի մերձավոր զինակիցը, «հեռախոսազրույց է ունեցել Ասլան Աբաշիձեի հետ եւ նրան հաղորդել վերոնշյալ դիրքորոշումը»։

Շեւարդնաձեի հրաժարականից հետո Աջարիայի խորհրդարանը արտակարգ դրություն մտցրեց ինքնավար հանրապետությունում։ Աբաշիձեի խոսքերով, «Աջարիայի ղեկավարության ձեռնարկած միջոցները կապված են այն բանի հետ, որ Թբիլիսիում իշխանության անցած շարժման ղեկավարները չեն թաքցնում իրենց նախահարձակ վերաբերմունքը Աջարիայի ղեկավարության նկատմամբ»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4