ՄՈՍԿՎԱ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը եւ Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա Երկրորդը այսօր Մոսկվայում իրենց զրույցն սկսելուց առաջ համատեղ աղոթել են Ռուսաստանի եւ Վրաստանի խաղաղության ու հանգստության համար։ Ողջունելով հյուրինՙ պատրիարք Ալեքսին շնորհակալություն է հայտնել նրան այն բանի համար, որ, չնայած Թբիլիսիում քաղաքական իրադարձությունների ծավալմանը, Իլյա Երկրորդը հնարավորություն գտավ մասնակցելու առաջիկա քառակողմ հանդիպմանը, որը նվիրված է Կովկասի իրավիճակի կարգավորմանը։
Նա հայտնել է, որ չորեքշաբթի օրը Սբ. Դանիլի վանքում սկսվելու են բանակցությունները, որոնց կմասնակցեն նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշյուքյուր Փաշազադեն։
Իր հերթին Իլյա Երկրորդն ընդգծել է, որ «վրաց եկեղեցին մեծ ափսոսանքով է ընկալում Ռուսաստանի եւ Վրաստանի արհեստական բաժանման փորձերը»։ Միաժամանակ նա նշել է, որ «ռուս եւ վրաց ուղղափառ եկեղեցիների միջեւ ոչ մի հակասություն չկա»։