«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2003-11-22 | #216, 2003-11-25 | #217, 2003-11-26


ՍԱՄԱՐԱՅՈՒՄ ՕԾՎԵՑ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ

Ռուսաստանի գավառական որեւէ քաղաքում հայկական տաճարի կառուցմամբ այսօր այլեւս ոչ ոքի չես զարմացնի։ «Ոտքի կանգնելով»ՙ հայ գործարարներն սկսում են եկեղեցիներ կառուցել։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շարժառիթները։ Բայց իրողությունն այն է, որ Հայաստանից մեկնելով, մեր հայրենակիցները բախվում են ոչ միայն արդեն հայտնի եւ բազմիցս նկարագրված դժվարություններին, այլեւ մեկ ուրիշ բարդության. դա կնունքի, հարսանիքի, հոգեհացի ժամանակ քրիստոնեական ավանդույթների պահպանման հնարավորության բացակայությունն է...

Սամարայում Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողության ժամանակ հայերի նման կուտակում չէին ակնկալում նույնիսկ իրենքՙ կազմակերպիչները։ Շատերը եկել էին ընտանիքներով, զավակների հետ։ Նրանցից մեծ մասը Հայաստանից մեկնել է 10-15 տարի առաջ եւ այդ ընթացքում ոչ մի անգամ այնտեղ չի եղել հայտնի պատճառներով։ Բնակության նոր վայրում նրանց վաստակած փողերը միայն բավականացնում են մի կերպ ծայրը ծայրին հասցնելու եւ Հայաստանում ապրող մերձավորներին օգնելու համար։

Ընդունված է կարծել, որ կառուցված եկեղեցին վկայություն է, թե նոր վայրում մարդիկ հաստատվել են լրջորեն եւ երկար ժամանակով։ Բայց Սամարայում ինձ զարմացրեց, որ այդ թեմայով խոսող փաստորեն բոլոր անձինք ցանկություն էին հայտնում վերադառնալ Հայաստան։ Նույնիսկ նրանք, ովքեր այնտեղ բավական լավ էին հաստատվել, եւ ում կարելի է հարուստ համարել։ Նրանք համոզված են, որ, միեւնույն է, Հայաստանում երեխաների համար ավելի լավ է։ Նրանցից է նաեւ Սամարայի հայկական համայնքի ղեկավարըՙ հայտնի մեկենաս եւ ձեռնարկատեր Արթուր Մարտիրոսյանը, որի միջոցներով է հիմնականում կառուցվել եկեղեցին։

Սամարայում հայերին վերաբերող առաջին տեղեկությունները 19-րդ դարից են։ 1897 թ. Սամարայի մարզում հայ լուսավորչականների թիվը եղել է 77 (37 տղամարդ եւ 40 կին)։ Հարյուր տարում նահանգում նրանց թիվն ավելանալով հասել է 120 հազարի։

Իշխանությունների հետ հայերի հարաբերությունները բավական լավ հիմքերի վրա են։ Սամարայի քաղաքապետ Գեորգի Լեմանսկին, որը մինչեւ 12 տարեկանը ծնողների հետ ապրել է Հայաստանում (հայրը զինվորական է), մինչ օրս գոհունակությամբ վերհիշում է այդ ժամանակները, հայկական խոհանոցը, դուդուկը, Ժան Թաթլյանի երգերը, իր մանկության ընկերներին։

Նահանգապետ Տիտովի ամենամերձավոր մարդկանցից մեկն է համարվում Վլադիմիր Ավետիսյանըՙ «Հյուսիսվոլգյան միջշրջանային կառավարիչ էներգետիկ ընկերության» տնօրենը։ Նրան համարում են ոչ միայն «ԵԷՍ Ռոսիի» ՌԲԸ-ի համակարգի, այլեւ ամբողջ Ռուսաստանի լավագույն կառավարիչներից մեկը։ Նա ծնվել է 45 տարի առաջ Կույբիշեւի մարզում։ Հորը վատ է հիշում։ Հայերին հատկապես ուրախացնում է, որ վերջերս նա չի խուսափում համայնքից եւ օգնում է։ Տեղաբնակ հայերը նրա անունն արտաբերում են առանձնակի զգացումով։

Տաճարի բացման արարողությանը վերադառնալով նշեմ, որ տեղական իշխանությունները եւս օգտվել են առիթից, որպեսզի ամեն կերպ ընդգծեն իրենց օրինապահ վերաբերմունքը Սամարայի հայ համայնքի հանդեպ, որն, իրենց խոսքերով, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մյուս (թաթարական, չուվաշական, հրեական եւ այլն) համայնքների կողքին։ Քաղաքապետի խոսքերով, ի տարբերություն մյուս համայնքների, իշխանությունները զգում են իրենց տարածաշրջանում Հայաստանի ղեկավարության հատուկ վերաբերմունքը հայկական սփյուռքի նկատմամբ։ Ի դեպ, նոր տաճարի օծման եւ Ցեղասպանության ու 1988 թ. երկրաշարժի զոհերի հուշարձանի բացման արարողությանը մասնակցելու համար Մոսկվայից, Եզրաս եպիսկոպոսից բացի, եկել էր նաեւ հայ դիվանագետ Մարիա Բաբայանը, որը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում Ռուսաստանի շրջանների հետ կատարվող աշխատանքի պատասխանատուն է։

Ի դեպ, շատ հյուրեր կային նաեւ Սամարայի հարեւան տարածաշրջանների (Բաշկիրիա, Ուլյանովսկ, Վոլգոգրադ եւ այլն) հայ համայնքների ղեկավար կազմից։ Մի խոսքով, ինչպես նախորդ հոդվածում արդեն գրել ենք Սամարայի եկեղեցու բացման առթիվ, Ռուսաստանի հայությունը դառնում է սփյուռք։ Սփյուռք, որը հույս ունի վերադառնալ Հայաստան։

ԼՈՒՍԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4