Հարցազրույց Ալեքսանդր Թոփչյանի հետ
- Ի՞նչ կասեիք վերջերս տեղի ունեցած հեռուստամարաթոնի մասին։ Գո՞հ եք արդյունքներից։
- Այդ միջոցառումը պարզեց մի կարեւոր բան. ժողովուրդը դեռեւս հավատում է իր գրականությանը, որ այսպիսի բազում հոգսերի մեջ, ցուրտ ձմռան, մոտալուտ թանկացումների նախօրեին իր օգնությունն է ցուցաբերում։ Սակայն զգույշ լինենք եւ հատկապես չընկնենք էյֆորիայի մեջ. առայժմ անցյալի իներցիան է գործում, սա մեծահոգի եւ նույնիսկ առատաձեռն մի ավանս է, որը պետք է արդարացնել երկու կարեւոր բանով. Ա. գրական բարձրարժեք երկեր, Բ. քաղաքացիական ակտիվ դիրքորոշում։
- Դուք, կարծես թերահավատ եք եւ շատ չեք ոգեւորված «մարաթոնի» արդյունքներով։
- Ես թերահավատ չեմ, ես պարզապես իրապաշտ եմ. եթե ամենայն խստությամբ փորձենք գնահատել անցած 10-15 տարվա գրական արտադրանքը, ապա (հատուկենտ գրքերը չհաշված) պատկերը փայլուն չի լինի, ինչ վերաբերում է երկրորդին, ապա մատների վրա կարելի է հաշվել այն գրողներին, որոնք դժվարին տարիների ընթացքում հավատարիմ մնացին մտավորականի իրենց պարտականությանը, որոնք անտարբեր չեղան, իշխանահաճո չեղան, որոնք չվարանեցին, չվախեցան ճշմարտությունն ասել... Այնպես որ, կրկնում եմՙ ժողովրդի առատաձեռնությունը գերազանցապես մեր գրականության հանդեպ եղած ավանդական պաշտամունքի արտահայտությունն էր։ Իսկ այդ պաշտամունքը սնուցված է եղել բացառապես անցյալի արժեքներով։
- «Մարաթոնի» ընթացքում հանրապետության Ազգային ժողովի նախագահն ասաց, թե օրինագիծ պիտի մշակվի ստեղծագործական միությունների մասին։ Ի՞նչ եք կարծում, դա կնպաստի՞ տաղանդավոր երկերի ծնունդին։
- Գիտեք ինչ, պետություն եւ գրականություն հարաբերությունները չափազանց խրթին են եւ վտանգներով հղի (հիմնականում գրականության համար)։ Ես հասկանում եմ, մեր պետականությունը դեռեւս կայացման ճանապարհ ունի անցնելու եւ բնականաբար ձգտում է իր ներսում եղած բոլոր ինստիտուտները կանոնակարգել, սակայն զգույշ լինենք եւ «մարդկային հոգու ինժեներների», հետեւաբար ձեռնասուն մտավորականության մի նոր բանակ չստեղծենք։
- Սակայն ինձ հասած տեղեկություններն ասում են, որ դա նախեւառաջ ստեղծագործական միությունների նախաձեռնությունն է։
- Հենց դա է ինձ վախեցնում, մանավանդ գրողների պարագայում։ Նրանք չկարողացան իրենց տեղը ճշտել հասարակական նոր պայմաններում եւ խնդրում են, որ այդ գործն իրենց փոխարեն խորհրդարանն անի։ Իսկ եթե ավելի շիտակ խոսենք, սա նշանակում է հետեւյալը. հարգելի խորհրդարան, կառավարություն եւ պետական այլ հաստատություններ, վերցրեք մեր ստեղծագործական ազատությունը, որը չգիտես ինչու, որտեղից եւ ինչպես մեր գլխին ընկավ, ազատեք մեզ այդ «պարգեւից» եւ տեղը տվեք կայուն մի կարգավիճակՙ դրանից բխող բոլոր նպաստավոր հետեւանքներով ու արտոնություններով...
- Ինչպե՞ս հասկանալՙ «չկարողացան իրենց տեղը ճշտել»։
- Չկարողացան նրանով, որ գրողներից շատերը մինչեւ այսօր դեռ չեն ազատվել մեսիանականության այն միամիտ հավատից, որ նախանցյալ դարից, զարմանալիորեն եկել հասել է մինչեւ մեր օրերը, նրանք մինչեւ հիմա էլ իրենց տեսնում են ազգի փրկչի, ազգային ոգու պահապանների դերում... Ես դեռ չեմ խոսում ՀԳՄ թափանցած իբսենյան «լուռ մեծամասնության» մասին...
- Ձեր ասելով ստացվում է, որ գրական կազմակերպությունը չի կարող նպաստել բարձրարժեք երկերի ստեղծմանը։
- Կարող է, եթե ճիշտ քաղաքականություն վարի, եթե հենվի նախեւառաջ արժեքների վրա եւ տաղանդին խստորեն սահմանազատի պարզապես ՀԳՄ անդամից, ամեն անդամ չէ, որ գրող է կամ մտավորական։ Սակայն սա շատ դժվարին եւ գրական ղեկավարության համար սայթաքուն մի ճանապարհ է, քանզի հիշենք, որ մեզ ժառանգություն հասած ստեղծագործական միություններն ստեղծվել են դեռեւս 1934 թ., Իոսիֆ Վիսարիոնովիչի անձնական նախաձեռնությամբ եւ ունեցել են շատ որոշակի հսկող ու դաստիարակող (խոսքը գրողներին դաստիարակելու մասին է) նշանակություն։ Տոտալիտար գաղափարախոսության այդ պրոդուկտը գրեթե անփոփոխ եկել հասել է մեզ, հիմա պիտի աշխատենք պահպանել այդ կառույցը նոր հասարակության մեջ։ Միայն թե «կերակրատաշտակի» եւ արտոնյալ մտավորականության գայթակղություններից հեռու մնանք։ Սակայն անկարելի է դիմադրել այդ գայթակղությանը, ուստի ստեղծագործական միությունները, ուզեն թե չուզեն, պիտի շարունակ փնտրեն իշխանությունների հովանավորությունը...
- Այո, տոտալիտար, սակայն դա չխանգարեց, որպեսզի բազմաթիվ տաղանդավոր, նույնիսկ հանճարեղ գործեր ստեղծվեն։
- Շատ ճիշտ եք, որովհետեւ տաղանդներին սիրաշահում էին, գիտեին, որ նրանք կարող են ազդեցություն ունենալ ժողովրդական զանգվածների վրա, իսկ տաղանդներն էլ հավատում էին այդ գաղափարախոսությանը... Մայակովսկու, Չարենցի, Ֆադեեւի ստեղծագործություններում մեծ հավատ կա, անսասան համոզվածություն... Ուրիշ հարց, որ նրանք հետո թանկ վճարեցին իրենց նվիրվածության համար... Բայց ես կուզեի, որ մենքՙ գրողներս անկեղծորեն խոստովանեինք, թե այսօր ունե՞նք այդպիսի աներեր համոզվածություն, շատ կուզեի իմանալ, թե ինչին ենք հավատում անմնացորդ... Ես չգիտեմ, թե պատասխաններն ինչպիսին կլինեն, բայց մեր ստորագրած ամեն մի տողը մեր հավատի եւ մեր խորունկ համոզմունքների արտահայտությունն է։
- Սակայն գրական աշխույժ կյանք կա, բազմաթիվ գրքեր են տպագրվում, քննարկումներ ու երեկոներ կազմակերպվում...
- Այո իսկապես աշխուժություն կա եւ բազմաթիվ գրքեր են տպագրվումՙ մանավանդ պետական պատվերով։ Բայց ասույթը շրջելով ասենք, որ չկա բարիք առանց չարիքի, եւ այդ չարիքը գնալով արդեն սպառնալից կերպարանք է ստանում, հազվագյուտ լավ գրքերն ուղղակի կորչում են գրամոլական եւ դիլետանտական պղտոր ալիքի մեջ, գորշությունը գլուխ է բարձրացրելՙ լպիրշորեն պահանջելով այն, ինչ տրվում է միայն ընտրյալներին... Եվ արդեն ստանում է... Ինձ չի ուրախացնում նաեւ գրական քննարկումների եւ շնորհանդեսների այդ ահագնացող հարահոսը, մանավանդ որ դրանք այլեւս քննարկում չենՙ բառիս իսկական իմաստով, այլ շատ հաճախ կենացային-գովաբանական շոուներ։ Ես հասկանում եմՙ գրողների միության ղեկավարությունն այդպիսով ձգտում է առավել լայնությամբ ընդգրկել գրական պրոցեսը, սակայն դա երբեմն կատարվում է խորության կորստի հաշվին... Հիշենք, որ անցած տարիներին ՀԳՄ ամեն անդամ չէր, որ կարող էր արժանանալ այդ պատվին, իսկապես բարձրարժեք, առնվազն լայն զանգվածների հետաքրքրության առարկա դարձած գրքերն էին դրվում քննարկման, եւ բոլոր գրողները չէին, որ ձգտում էին այդպիսի ուշադրության արժանանալ, որովհետեւ հայտնի չէրՙ դրվատական խոսքն ավելի շատ կլինի՞, թե՞ քննադատականը... Հեռուստատեսությունն էլ, երբեմն-երբեմն, արջի ծառայություն է մատուցումՙ մշակութային իրադարձություն դարձնելով անշուք եւ սովորական գրքի քննարկումը։ Երեք հոյակապ աղջիկ գնացին եւ դարձան շախմատի Եվրոպայի չեմպիոններ։ Այս փառահեղ հաղթանակը չափազանց աղքատիկ, ուղղակի հպանցիկ ներկայացվեց հեռուստածրագրերով, համենայն դեպս շատ ավելի աղքատիկ, քան հերթական գրքի առօրյա, աշխատանքային քննարկումը...
- Բայց գրողի աշխատանքը մի՞թե արժանի չէ ուշադրության եւ գնահատության։
- Անպայման արժանի է, եթե խոսքն իսկապես գրողի մասին է, որոնց թիվն այնքան էլ մեծ չէ, սակայն դրա համար կա նախեւառաջ մամուլ, լրատվական այլ միջոցներ։ Եթե մեր գրական մամուլը բավարար հմտությամբ կատարեր այդ աշխատանքը, եթե քննադատությունը հետեւողականորեն որոմը զատեր հատիկից, ապա քննարկումների թիվը բնականորեն կնվազեր... Սակայն ցավով պիտի նշենք գրական մամուլի երկու կարեւոր թերությունները. գրական հստակ քաղաքականության բացակայություն եւ պրոֆեսիոնալիզմի անկում։ Ոչ մի նոր գիրք (եթե անգամ տեղով գանձ է) չի կարող հայտնվել մեր գրական մամուլի ուշադրության կենտրոնում, եթե հեղինակը նախաձեռնություն չցուցաբերի (խմբագրության ներսում կամ խմբագրությունից դուրս)... Իսկ տաղանդավոր մարդիկ արժանապատվություն ունեն եւ նրանք թույլ չեն տա իրենցՙ քննադատների (եթե այդպիսիք մնացել են) օձիքներից կառչել եւ գրախոսություն մուրալ։ Ես դեռ չեմ խոսում սփյուռքի որոշ միջակությունների հանդեպ ցուցաբերվող չափազանցված ուշադրության մասին, որի տակից երբեմն-երբեմն կանաչ ցոլքեր են ճաճանչում... Ասում եք «գրողի աշխատանքը»... Գրողների Միությունն սկսել է թարգմանական հանդես լույս ընծայել։ Երանի՜ չսկսեր... Նյութ են պատվիրում, խոստանում են վճարել... Տպվելուց հետո պարզվում է, որ հոնորարի ոչ մի ակնկալիք չկա։ Ավելինՙ պարզվում է, որ անունդՙ որպես թարգմանիչ նշված չէ, «մոռացե՜լ» են (իրենց անուններըՙ խմբագիր, տեղակալ, եւ այլն, եւ այլն չեն մոռացել, հետաքրքիր էՙ ինչի՞ համար, գործը փառահեղորեն տապալելո՞ւ)... Ավելին, «մոռացել» են նաեւ բնագրի իրավատիրոջ C նշանը դնել (այս խախտումը Եվրոպայում համարվում է ոճրագործության հավասարազոր մի բան)... Ավելին, «մոռացել» են հովանավորի անունը նշել (զրկելով քեզ ոչ միայն իրենց խոստացած հոնորարից, այլեւ ուրիշ տեղ վճարված լինելու հնարավորությունից)... Ավելին, այդքանից հետո ոչ միայն չեն բարեհաճում ներողություն խնդրել, այլեւ զարմանում ենՙ տեսնելով քո վրդովմունքը... Սա ոչ այլ ինչ է, քան գրական բանդիտիզմ։ Կողոպտում են ոչ միայն արդար վաստակդ, այլեւ պատիվդ ու անունդ։
- Դառնալով մեր «մարաթոնին», չեք կարծո՞ւմ, որ հավաքված միջոցները կնպաստեն այդ թերությունների վերացմանը։
- Հավանաբար կնպաստեն, եթե խելացի ծախսվեն, չնայած պատասխանատվությունը եւ մասնագիտական մակարդակը միշտ չէ, որ նյութականով են պայմանավորվում։
- Դուք ավելի սկեպտիկ ու հոռետես եք թվում, քան լավատես, ուստի նույնիսկ կասկածում եմՙ արժե՞ արդյոք հարցնել, թե ինչ խորհուրդ կտայիք գրական ղեկավարությանըՙ ձեր իսկ նշած թերությունները վերացնելու համար։
- Նրանք լավ գիտեն, թե ինչպես պետք է վերացնել, եթե, իհարկե, ընդունում են իմ դիտողությունները, եւ հետո, խորհուրդ տալու փոխարեն ես կգերադասեի ընդամենը մեկ մաղթանք հայտնել բոլոր նրանց, ովքեր իսկապես գրող են. մշտական, դժվարին, տագնապալից ու ստեղծագործական տքնանք ճերմակ էջի առջեւ, ահա սա կլինի իմ անսասան լավատեսությունն ընդդեմ ամեն տեսակի հոռետեսության։
Հարցազրույցը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ