«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2003-11-22 | #216, 2003-11-25 | #217, 2003-11-26


ՉՈՐՍ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հնագոյն դարերէ ի վեր Հայաստան իբրեւ պետութիւն ունեցած է պատմական ելեւէջներ, անկումներու եւ բարձրացումներու շրջաններ։ Եղած են ժամանակներ, երբ կորսնցուցած է իր անկախութիւնը, միջոց մը դարձած է հովանաւորեալ ու երբեմն ալ հարկատու, բայց 1550-ական թուականներէն ետք մեծ մասամբ ենթարկուած է Օսմանեան Թուրքիոյ ու փոքր մասով Պարսկաստանի գերիշխանութեանը», կարդում ենք օրերս մեր ձեռքը հասած եգիպտահայ պատմաբան, երկար տարիների Կահիրեում լույս տեսնող ՌԱԿ պաշտոնաթերթ «Արեւ» օրաթերթի խմբագիր Հովհաննես Տեր-Պետրոսյանի «Հայ ժողովուրդին գոյամարտը. 1550-1930 թթ.» եռապատումի Ա. հատորի առաջաբանում։

«Մեր այս ուսումնասիրութիւնը, որ կ՛ընդգրկէ 1550-էն մինչեւ 1930 երկար ժամանակահատուածը, կը բացատրէ հայոց դիմադրութիւնները, թրքական քաղաքականութիւնը եւ մեծ պետութիւններու սինիք քաղաքականութիւնը հայերու նկատմամբ։ Յատկապէս ուշադրութեան առարկայ եղած է փանթուրանական թրքական ծրագրի էութիւնը, որ ցարդ կը շարունակէ մնալ Թուրքիոյ քաղաքականութեան օրակարգին վրայ», գրում է հեղինակը, նշելով, որ դժվարությունների է հանդիպել ոչ միայն պատմական տվյալները հավաքելու, այլեւ ուսումնասիրության հրատարակման գործում։ Ի վերջո առաջին երկու հատորները հրատարակվել են «Հայ ազգային հիմնադրամի» մատենաշարով։ Երրորդն ընթացքի մեջ է։

Ա. հատորըՙ 345 էջ, ընդգրկում է, այլոց շարքում, «Հայաստանը թուրք, պարսիկ, ռուս պատերազմներու թատերաբեմ», «Համաթրքացումի քաղաքականութեան սկզբնաւորութիւնը», «Հայ ազատագրական շարժումներ», «Փան-թուրանականութիւնը եւ միջազգային քաղաքականութիւնը», «Պալքանեան մշտախռով թերակղզին», «Հայկական ցեղասպանութեան պատասխանատուները», «Թրքացումի նպատակը եւ թրքահպատակ ազգություններու ազատագրական շարժումները», «Ի՞նչ կը գրեն օտարները Հայոց ցեղասպանութեան մասին», իսկ Բ. հատորը (294 էջ)ՙ «Գաւառներու բնակչութեանց կրած վնասները», «Ազատատենչ փոքր ժողովուրդները քաւութեան նոխազ կայսերապաշտ պետութիւններու քաղաքականութեան», «Բրեսթ-Լիթովսքի հաշտութեան դաշինքը եւ գերման-օսմանական նուաճողական քաղաքականութիւնը», «Սարտարապատի հերոսամարտը եւ Հայաստանի պետականութիւնը» գլուխները։

Օտար լեզուների տիրապետումը հնարավորություն է տվել հեղինակին հայկականի կողքին լայնորեն օգտագործելու նաեւ անգլիական, ֆրանսիական եւ արաբական աղբյուրներՙ գրքեր եւ պարբերականներ։ Հատկանշական են մասնավորապես Փարիզի խաղաղության վեհաժողովին (1919 թ.) Ավ. Ահարոնյանի ստորագրությամբ հանձնված ֆրանսերեն «Մոտավոր հաշվեկշիռ հայ ազգի կրած վնասների համար հատկացումների եւ հատուցումների» խորագրով գրքույկից եւ Կ. Պոլսո պատրիարքարանից վերցրած արեւմտահայության թվին վերաբերող տվյալների ներառումը հատորներում։

Այս արժեքավոր ուսումնասիրության հեղինակ Հովհաննես Տեր-Պետրոսյանը երիտասարդ տարիներին ընտանեկան դժվարին պայմաններում է ապրել։ Սակայն գիր ու գրականության ծարավի հայրենասերը կարողացել է շնորհիվ հաստատակամության, շարունակել ուսումը նախ «Բրիտիշ ինստիտյուտի» դասընթացներում, ապա անգլիական Այ-Սի-Էս արվեստի ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։ Հետագայումՙ 1960 թ. ավարտում է նույն ինստիտուտի Լոնդոնի հեռակա բաժինը։ Սակայն ճարտարապետությունը չէր նրա տարերքը, այլ հայ ժողովրդի պատմությունը։ Նրա պրպտող միտքն ու տքնաջան աշխատանքը տարիներ հետո տալիս են իրենց բեղմնավոր արգասիքը։ Նշանակալից դեր են կատարում նրա ծանոթությունները նախ Արշամ Տատրյանի եւ ապա Արշակ Ալպոյաճյանի հետ։ Նա դառնում է վերջինիս ժառանգության ուսումնասիրողն ու անավարտ գործերի շարունակողը։ «Արեւ» թերթի խմբագրի պաշտոնում նա թերթի էջերում կարողանում է լույս ընծայել պատմական եւ ազգային հարցեր շոշափող բազմաթիվ թերթոններ, որոնցից առաջինըՙ 1960-ին «Վերածնունդ արդի Հայաստանի» խորագրով։ 1975-ին հրատարակում է «Ջեյմս Բրայս եւ հայերը» մանրազնին ուսումնասիրությունը, 1976-ինՙ «Հայերի սատարը թուրք մշակույթին եւ տնտեսությանը» հույժ կարեւոր աշխատությունը, 1983-ինՙ «Կրթական շարժումը թրքահայոց մեջ. 1600-1900 թթ.», 1988-ինՙ «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը ԺԹ դարի Ա կեսին» հատորները։ Նա ջանասիրաբար պատրաստել է նաեւ «Արեւ» օրաթերթի մատենագրությունը, մի բան, որ մեծապես օժանդակելու է հետագայում հայ պարբերական մամուլի պատմությունն ուսումնասիրողներին։

Անձնուրաց նվիրվածությամբ նա ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել Եգիպտոսում։ Երկար տարիներ ղեկավարել է ՀՄԸՄ-«Նուբար» մարզական ակումբի սկաուտական շարժումը, դասախոսություններով հանդես է եկել Հայ գեղարվեստասիրաց միության եւ ՀԲԸՄ-ի ակումբներում։ Հայ ժողովրդի պատմություն է դասավանդել Կահիրեի նուբարյան ազգային վարժարանում։

Առողջություն եւ բեղմնավոր գրչի շարունակություն ենք ցանկանում հարգարժան պատմաբանին։ Ավելացնենք, որ գրքի օրինակներ ցանկացողները պետք է դիմեն Կահիրեի «Հայ ազգային հիմնադրամին» կամ «Արեւ» թերթի խմբագրությանը հետեւյալ հասցեով.

"AREV" Quotidien Armenien 3, Soliman El-Halabi, he Caire, Egypte, B. P. 1060 Fax (202) 5 754 703, e-mail։arev@intouch.com

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4