Օտար քաղաքակրթությունների լավն ու արատավորը այսօր անկաշկանդ թափանցում են նաեւ Հայաստան։ Վերջին 15 տարիների սոցիալական հեղաբեկումները, լայն ծավալներ ստացած աշխատանքային արտագաղթը մեր հանրապետությունը եւս չափազանց դյուրաբեկ են դարձրել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուս-ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) կամ ԴԱՎ¬ի (դիմադրողականության անկման վարակ) հանդեպ։ Մասնագետների համոզմամբ համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում եւս բարենպաստ չէ, եւ լավատեսության հիմքեր ամենեւին չկան։
ՄԻԱՎ-ով վարակված մարդուն անհնար է տարբերել, որովհետեւ վիրուսը օրգանիզմում կարող է ապրել երկար տարիներՙ առանց որեւէ ախտանշանով իրեն մատնելու։ Վիրուսի գործունեության այս անտեսանելիությունն է, որ բարդացնում եւ շատ հաճախ անհնար է դարձնում արդյունավետ պայքարը համաճարակի դեմ կամ տուժածին ժամանակին օգնություն ցուցաբերելը։ ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վարակի վերջին եւ ամենածանր փուլն է, որն ավարտվում է մահվամբ։
Հայաստանում ՄԻԱՎ-ի առաջին վարակակիրը եւ առաջին ՁԻԱՀ-ով հիվանդը գրանցվել են 1988 թվականին, իսկ 2001-ին հայտնաբերվել են ՄԻԱՎ-ով ու ՁԻԱՀ-ով հիվանդ առաջին երեխաները։ Իրավիճակային վերլուծություններ առաջին անգամ իրականացվել են 2000 թ.։ 1988 թ. մինչեւ 2001 թ. դեկտեմբերը արձանագրվել են 217 ՄԻԱՎ վարակակիրներ, որոնցից 10-ը եղել են օտարերկրացիներ։ Վարակակիրներից 163-ը եղել են տղամարդիկ, 44-ըՙ կանայք, 3-ըՙ երեխաներ։ Մեծամասնությունը եղել է 20-39 տարիքային խմբերում։
Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրանյութերի ներերակային օգտագործումը (50,7 տոկոս) եւ հետերոսեքսուալ ճանապարհը (39,1 տոկոս)։ Եղել են նաեւ մորից երեխային, արյան ու հոմոսեքսուալ ճանապարհով ՄԻԱՎ վիրուսի օրգանիզմ թափանցման օրինակներ։ Վարակակիրների առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում (101 դեպք), երկրորդ ռեկորդային նիշը զբաղեցնում են Արարատի եւ Լոռու մարզերը (8,2 տոկոս), Շիրակում եւ Գեղարքունիքում հայտնաբերվել են 14 հիվանդներ, Արմավիրումՙ 11։ Իսկ վերջին տարիներին գրանցված մահերը գերազանցում են նախորդ բոլոր տարիների ցուցանիշները։ Սակայն ինչպիսի տվյալներ էլ արձանագրվեն, համաճարակի ծավալների իրական պատկերը չեն։ Մասնագետների համոզմամբ, իրական թվերը 10 անգամ գերազանցում են պաշտոնական ցուցանիշներին։
Աշխարհի առողջապահական կազմակերպությունները 21-րդ դարի աղետի տարածվածության ծավալները նվազեցնելու կարեւոր նախապայմանը համարում են ՄԻԱՎ համաճարակաբանական հսկողությունը։ ՄԻԱՎ վարակի հսկումը Հայաստանում անցկացվեց անցած տարվա մարտ-ապրիլ ամիսներինՙ Երեւանում եւ մի քանի մարզերում։ Հետազոտվող խմբերի մեջ ներառվեցին թմրանյութերի ներերակային օգտագործողները (201 մարդ), մարմնավաճառները (250), հոմոսեքսուալ տղամարդիկ (50), ազատազրկման վայրերում գտնվողները (438), հղի կանայք (500 մարդ)։ Ուսումնասիրությունները կատարվել են Երեւանում, Շիրակի, Սյունիքի, Արարատի մարզերում։ ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղիներից է արյունը, երբ սրսկումների համար օգտագործում են չախտահանված ասեղներ եւ ներարկիչներ։ Այս տեսակետից վտանգավոր է հատկապես միեւնույն ներարկիչով թմրանյութերի ներարկման թմրամոլների շրջանում սովորական դարձած պրակտիկան։
Հետազոտության արդյունքները բազմաթիվ տագնապեցնող ցուցանիշներ բացահայտեցին. պարզվեց, որ վերջին տարիներին նկատելի փոխվել է ներերակային ճանապարհով թմրանյութեր օգտագործողների տարիքային կազմը։ Նրանց գրեթե կեսը այս վտանգավոր ախտին ու մոլությանը տրվել է 20-24 տարեկանից, մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ այդ սահմանանիշն սկսվում էր 30 տարեկանից։ Հայաստանի թմրամոլների նախընտրած թմրանյութը հերոինն է, ընդ որումՙ հարցվածների մի զգալի հատվածը (կեսից քիչ պակաս) սկսել է օգտագործել այլ երկրներում գտնվելու ժամանակ (հիմնականում տալիս են Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի անունը)։ Բարեբախտաբար, թմրամոլների 69 տոկոսն իրազեկ է եղել գոնե միանվագ ներարկիչներ օգտագործելու անհրաժեշտությանը, սակայն նշել է, որ հաճախակի օգտագործել է նաեւ ուրիշի ներարկիչը կամ ասեղը։ Թմրամոլների մեկ երրորդն օգտագործել է բազմակի օգտագործման ասեղներ եւ նույնիսկ հրաժարվել անվճար ներարկիչներ ստանալու առաջարկից։ Նրանց մեծամասնությունը վարակվել է սեռավարակներով, հեպատիտ բե-ով կամ ցե-ով։
Մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունն արձանագրել է 3 տոկոսի ցուցանիշ։ Հաճախորդների հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելիս գրեթե կեսը պահպանակներ չի օգտագործում։ Ինքնախաբեությանը տրվելով իրենք իրենց համոզում են, թե ՄԻԱՎ-ի վարակի հնարավորությունը մտացածին է եւ վարակվելու հավանականությունըՙ չնչին, այն դեպքում, երբ նրանց կեսից ավելին 1 տարվա ընթացքում անպայման վարակվել է որեւէ սեռավարակով։ Հետաքրքրական է, որ մշտապես պահպանակ օգտագործելու մասին նշել են միայն բարձրագույն կրթությամբ մարմնավաճառները։
Լաբորատոր հետազոտման են ենթարկվել նաեւ հոմոսեքսուալ տղամարդիկ, որոնց օրգանիզմում, սակայն, ՄԻԱՎ-ի վիրուս չի հայտնաբերվել։ Սակայն սրանք չեն դադարում մնալ իբրեւ ռիսկային խումբ, քանի որ այսօրինակ հարաբերությունների միջոցով վարակի օրինակները բազմաթիվ են։ Բացի այդ, հետազոտվածների 72 տոկոսն իրեն բիսեքսուալ է համարում, այսինքն սեռական կապեր է ունենում նաեւ կանանց հետ, հետեւաբար, անմիջականորեն այս շերտից դեպի բնակչության մյուս հատվածները հնարավոր վարակի տարածման ռիսկն ու նախադրյալները միանգամայն իրական են։
Հետազոտության արդյունքներից մասնագետները հանգեցին այն եզրակացության, որ Հայաստանը գտնվում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի համաճարակի 2-րդՙ այսպես կոչված խտացման փուլում, երբ բնակչությունն ամբողջությամբ համաճարակային գործընթացի մեջ չէ։ Վարակը տարածվում է, սակայն ռիսկային խմբերի միջոցով, իսկ այդտեղից դեպի բնակչության լայն շրջաններ տանող արահետը երկար չէ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ