Նշում է ԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյան
Այս օրերին Երեւանում տեղի է ունենում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հերթական նիստը։ Կազմակերպությանն անդամակցող երկրների ներկայացուցիչները քննարկում են առողջապահության բնագավառի զարգացումները, առկա խնդիրները։ Առաջին անգամ ԱՊՀ տարածքում գումարված նիստը որոշվել է անցկացնել Հայաստանում։
Նիստին մասնակցում է նաեւ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մարկ Դանզոնը, որը երեկ հանդիպեց լրագրողների հետ։ ԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյան նշում է, որ կազմակերպությունն առաջիկայում եւս պատրաստ է աջակցել հայ մասնագետներին ոլորտի բարեփոխումներն իրականացնելու գործում։
Արդեն երկար տարիներ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն անդամակցող Հայաստանն, ի դեմս առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի, վերջերս Կոպենհագենում ստորագրել է այդ կառույցի հետ մեր երկրի համագործակցության առաջիկա երկու տարիների համաձայնագիրը։ Հիմնական ուղիները, որոնք նախանշվել են այդ ծրագրում, ենթադրում են առողջապահական քաղաքականության մշակումըՙ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համատեքստում։ Ենթադրվում է առողջապահական ծառայությունների բարելավում, ռիսկի գործոնների կանխարգելում, մոր եւ մանկան առողջությանը, ինչպես նաեւ մալարիային եւ տուբերկուլյոզին առնչվող ծրագրերի իրականցում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ, Արաբկիրի բժշկական համալիրի տնօրեն Արա Բաբլոյանի խոսքերով, թեեւ զարգացած երկրներում առողջապահության բնագավառի խնդիրները տարբերվում են մեր երկրում առկա խնդիրներից, այդուհանդերձ, համատեղ քննարկումները մեր երկրի համար օգտակար կարող են լինել։
Առողջապահություն բոլորի համար։ Գործունեության այս մոտեցումն է որդեգրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունըՙ առողջապահական ծառայություններից օգտվելու հավասար պայմաններ հասարակության բոլոր խավերի համար։
Այսօր մեր երկրում բուժօգնության հավասար պայմանների մասին խոսելը, թերեւս վաղաժամ է։ Յուրաքանչյուր հայաստանցի առողջապահական համակարգի մասին խոսելիս բազմաթիվ լուրջ խնդիրներ կնշի եւ ոլորտում իրականացվող բարեփոխումները դժվար թե կարողանա բարեփոխում անվանել։ Սակայն օտարի աչքին երեւի ամեն ինչ այլ կերպ է ներկայանում։
ԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյան լավատեսորեն է տրամադրված։ Մարկ Դանզոնի խոսքերով, առողջապահությունն այնպիսի բնագավառ է, որտեղ խնդիրներ եւ բողոքներ միշտ էլ առկա են, սակայն ընդհանուր առմամբ մեր երկրում առողջապահությունը զարգանում է ճիշտ ուղով։
Մ. Հ.