Անցած շաբաթ օրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային տուրքի մարաթոնը, որին լոռեցիները ակտիվորեն մասնակցեցին։ Նախնական հաշվարկներով, հավաքվել է 5,7 մլն դրամ եւ տրվել են 3 մլն դրամից ավելի գումարի խոստումներ։
Մարաթոնի ընթացքում մշակույթի պալատի դահլիճում ելույթ էին ունենում Վանաձորի գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները։
Մարաթոնին, առանց բացառության, մասնակցել են մարզի բոլոր համայնքները, ինչպես նաեւ դպրոցներն ու բուժհիմնարկները։ Հատկապես կազմակերպված են մասնակցել քաղաքապետարանները։
Հատուկ ձեւավորված աշխատանքային խումբը թե՛ այդ օրը, թե՛ հաջորդ օրերին անուն առ անուն գրանցում էր կոլեկտիվների ու անհատ քաղաքացիների նվիրատվությունները։
Փոխանցումները «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ կանխիկ վճարումները շարունակվում են։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ