«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2003-11-22 | #216, 2003-11-25 | #217, 2003-11-26


Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍՏՈՒՄ

2003թ. նոյեմբերի 5-ին Երեւանում, վերաքննիչ դատարանում, դռնբաց դատական նիստում քննվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավորՙ Վ. Լալայան) 2002թ. նոյեմբերի 14-ին կայացված վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի հիման վրա քաղաքացիական գործն ըստ հայցի Արկադի Անդրեասյանի ընդդեմ «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի խմբագրությանՙ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության եւ շաբաթաթերթի գործունեության կասեցման պահանջի մասին։

Ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր-ի 218 հոդվածով, վերաքննիչ դատարանը

ՎՃՌԵՑ

Հայցը բավարարել մասնակիորեն։

Պարտավորեցնել «Ֆուտբոլ +» շաբաթաթերթին հերքելու «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի 21.06.2002թ. թիվ 26 համարում տպագրվածՙ իրականությանը չհամապատասխանող եւ հայցվոր Արկադի Անդրեասյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորողՙ «Նորից Անդրեասյանը» եւ 03.07.2002թ. թիվ 29 համարում տպագրված «Արկադի Անդրեասյանը անցանկալի անձ ֆուտբոլում» վերնագրերով հոդվածների տեղեկությունները։

Հայցը մնացած մասով մերժել։

Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 14.000 ՀՀ դրամ որպես առաջին եւ վերաքննիչ ատյաններում վճարված պետական տուրքի գումար։

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատինՙ տասնհինգ օրվա ընթացքում։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցովՙ պարտապանի հաշվին։

Այս վճռի մասին «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը տեղեկացրել էր նոյեմբերի 13-ին «Պրոմեթեւս» հեռուստաընկերությամբ Վարդան Թադեւոսյանի ֆուտբոլային հաղորդման ժամանակ։ Սակայն Սուրեն Բաղդասարյանն անտեսելով վերաքննիչ դատարանի վճռի գոյությունը, 2003թ. նոյեմբերի 19-ի «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի թիվ 45 համարում «Արկադի Անդրեասյանը փորձում է խեղաթյուրել հասարակական կարծիքը» վերնագրով հոդվածում հերթական անգամ վիրավորել է Արկադի Անդրեասյանինՙ նրան անվանելով ստախոս, փորձելով ժխտել այն փաստը, որ վերջինս իրոք շահել է դատը։ Եվ որպես իր խոսքերի ապացույց, տպագրել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2002թ. նոյեմբերի 14-ին կայացրած վճիռը, որը փաստորեն բեկանվել է վերաքննիչ դատարանի կողմից։ Այսպիսով, ո՞վ է իրականում ստում։ Նա, ով տեղեկացրել է վերաքննիչ դատարանի կայացրած վճռի մասին, թե՞ նա, ով այդ վճռի գոյությունը թաքցրել է իր ընթերցողներից։

«Արարատ» ՖԱ մամլո ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4