ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Հունվարի 4-ին Վրաստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Հարեւան հանրապետությունում նոր ղեկավար կընտրվի կամ այդ երկրում նոյեմբերի 22-23-ին պետական հեղաշրջում իրականացրած Միխայիլ Սաակաշվիլին, կամ նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն, որը պետական հեղաշրջում իրականացնելու գործում առանցքային դեր չէր խաղում։ (Երեկ «Միացյալ ազգային շարժումը» եւ «Բուրջանաձե-ժողովրդավարները» նախագահական ընտրություններում առաջադրեցին Սաակաշվիլու թեկնածությունը)։
Մարտավարական առումով եւ վրաց-ռուսական հարաբերությունների տեսակետից Սաակաշվիլու, Բուրջանաձեի եւ Զուրաբ Ժվանիայի միջեւ տարբերությունն էական չէ. վերջինս ընդգծված արեւմտամետ (ամերիկամետ) է, Բուրջանաձենՙ չափավոր արեւմտամետ, Սաակաշվիլինՙ ծայրահեղ արեւմտամետ։
Մ. Նահանգները Վրաստանում իրականացված պետական հեղաշրջմանը տալիս է «վարդյա» կամ «թավշյա» հեղափոխություն անունըՙ ըստ էության ողջունելով եւ արդարացնելով Վրաստանի օրինական նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի բռնի տապալումը։ Այստեղ էական չէ Շեւարդնաձեի անձը, փաստն այն է, որ տապալվել է (ճիշտ է, վրաց ժողովուրդը մեծ մասամբ ողջունում է) երկրի նախագահը։
Վրաստանում տեղի ունեցած բռնի իշխանափոխությունը Հայաստանում տարբեր կերպ է մեկնաբանվում։ Այսպես, նախագահամետ մամուլը թմբկահարում է նոյեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած զանգվածային կեղծիքներըՙ ենթադրաբար արդարացնելու եւ մոռացության տալու զանգվածային այն կեղծիքները, որոնք տեղ գտան Հայաստանի ընտրություններում։ Ընդդիմադիր մամուլը եւ քաղաքական գործիչները, բնականաբար, ողջունում են «վարդյա» հեղափոխությունըՙ ակնկալելով, որ ամերիկացիները վարդեր կնվիրեն նաեւ իրենց։
Այսպես, «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «Մեդիամաքս» գործակալությանն ասել է, որ «Վրաստանի վերջին իրադարձությունները կարող են հոգեբանական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, եւ ոչ լեգիտիմ նախագահը պետք է հետեւություններ անի», հավելելով, որ «շուտով Հայաստանում ընդդիմությունը եւս հաղթելու է»։
Վերոնշյալ երկու տեսակետներն էլ կոնյունկտուրային են, իսկ փաստը, կրկնենք, հետեւյալն է. ամերիկյան «վարդերով» Վրաստանում տապալվել է երկրի օրինական նախագահը, եւ իշխանությունն անցել է մի ժամանակ Շեւարդնաձեի օժանդակությամբ քաղաքական, պետական գործիչներ դարձած «երիտասարդ բարեփոխիչներին»ՙ Սաակաշվիլու, Ժվանիայի, Բուրջանաձեի գլխավորությամբ։
Հայաստանի համար հայ-վրացական հարաբերությունները, որոնք վերջին 10-12 տարիներին եղել են բարդ, կենսական նշանակություն ունեն։ Պաշտոնական Երեւանն այսուհետեւ գործ է ունենալու վրացական նոր իշխանությունների հետՙ ի դեմս արեւմտամետ «երիտասարդ բարեփոխիչների»։
Արդեն երկուշաբթի երեկոյան Շեւարդնաձեի կողմնակիցներից Իրինա Սարիշվիլին «Մզե» («Արեւ») հեռուստատեսությամբ պետական հեղաշրջման մեջ կրկին ընդգծեց հայկական լոբբիի դերակատարությունըՙ նշելով, թե փորձ է արվում կասպյան խողովակաշարերի ուղին փոխել եւ անցկացնել Հայաստանով։
Սաակաշվիլու, Բուրջանաձեի եւ Ժվանիայի իրական կամ ենթադրյալ հայկական ծագումը կարող է նոր տհաճություններ պատճառել հայ-վրացական հարաբերություններին։ Այսօր Թբիլիսիում ազգայնական շրջանակներն օգտագործում են «սոմխեբիս ռեւոլյուցիա»ՙ «հայերի հեղափոխություն» անունըՙ բնութագրելու նոյեմբերի 22-23-ի պետական հեղաշրջումը։ Սաակաշվիլին, Բուրջանաձեն, Ժվանիան, անշուշտ, վրաց քաղաքական, պետական գործիչներ են, սակայն եթե նրանց չհաջողվի Վրաստանում արմատական փոփոխություններ կատարելՙ դրական իմաստով, նեղացնել կոռուպցիայի ծավալները, նվազեցնել քրեածին տարրերի գործունեության արեալն ու բազում սոցիալական խնդիրներ, ապա էյֆորիայի մեջ գտնվող վրաց ժողովուրդը հիասթափվելու է պետական հեղաշրջումն իրականացրած գործիչներից։ Կասկածելի է թվում, թե եռյակն ի վիճակի կլինի արմատապես բարելավելու իրավիճակը, ինչն ակնկալում է վրաց ժողովուրդը, եւ այդ դեպքում Սաակաշվիլին, Բուրջանաձեն ու Ժվանիան մեղադրվելու են առաջին հերթին հայկական ծագում ունենալու մեջ։ Հայ-վրացական հարաբերությունների ապագայի տեսակետից ամենավտանգավորը հենց սա է։
Հեղափոխական եռյակի իշխանության առաջին օրերի գործունեությունը չի խոսում նրանց ժողովրդավարական գործելակերպի մասին։ Մայրաքաղաք Թբիլիսիում նրանց կողմնակիցները ջարդուփշուր են անում «Աղորձինեբա» կուսակցության գրասենյակները, ահաբեկում կուսակցության ակտիվիստների ընտանիքներին։ Եվ ժողովրդավարական այս գործելակերպը չի սահմանափակվում Թբիլիսիով։ Վրաստանի տարբեր երկրամասերում ընդդիմությունը բռնի ուժով զավթում եւ զբաղեցնում է շրջանային վարչակարգերի շենքերը։ Օրինակ, նախկին նախագահ Գամսախուրդիայի կառավարությունում ֆինանսների նախարար Գուրամ Աբսանձեն, որ միայն վերջերս է դուրս եկել բանտից, բռնի ուժով զբաղեցրել է Սամեգրելո-Զեմո Սվանեթում Շեւարդնաձեի լիազոր Բոնդո Ջիկիայի գրասենյակը։ Վերջինս համարվում է օրինական լիազոր, քանի որ հրաժարական չի տվել կամ չի հեռացվել զբաղեցրած պաշտոնից։
Ի՞նչ ապագա է սպասում Աջարիային, որի տարածքով են բեռնափոխադրումներ իրականացվում դեպի Հայաստան։ Ըստ էության, Ասլան Աբաշիձեն փակել է Վրաստանի հետ սահմանները, եւ չի բացառվում, որ Աջարիայի բնակիչները Ռուսաստան մեկնելու համար այլեւս այցագրի կարիք չունենան։ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ արդեն 2 տարի գործում է այցագրային կարգըՙ բացառությամբ «դե ֆակտո» անկախ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի։ Երեկ Մոսկվայում ՌԴ վարչապետ Մ. Կասյանովի հետ հանդիպումից հետո Աբաշիձեն կրկնել է. «Վրաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, եւ այդ դեպքում լեգիտիմության մասին խոսք լինել չի կարող»։
Ի՞նչ ապագա է սպասում վիրահայությանը։ Թերեւս այս հարցերն են Հայաստանի համար առաջնային եւ ոչ թե իշխանությունների կամ ընդդիմության նեղ, կոնյունկտուրային շահերը։