«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2003-11-25 | #217, 2003-11-26 | #218, 2003-11-27


ՍԱԼԲԻ ԴԱՐԱՔՉՅԱՆԸՙ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻՆ

Բանաստեղծությունը ներքին վիճակ է կամ աշխարհի հետ ներդաշնակություն ստեղծելու մի ձեւ Սալբի Դարաքչյանի համար։ Մասնագիտությամբ քիմիկոս, էությամբ արտիստուհի է նաՙ բանաստեղծական ներշնչումներով։

Ծնվել եւ ուսում է ստացել Հալեպումՙ հայեցի կրթությամբ, մեծացել հայաշունչ մթնոլորտում, մտավորական ընտանեկան հարկի տակ։ Մանկուց սիրել է արվեստըՙ թատրոնն ու պոեզիան։ Երկար տարիներ մասնակցում է Հալեպի ՀԲԸՄ-ի «Ադամյան» թատերախմբի ներկայացումներինՙ հանդես գալով բազմաթիվ դերակատարումներով։ Հայ բանաստեղծությունը ներկայացրել է սփյուռքահայ շատ համայնքներում, ասմունքով հանդես է եկել Հալեպում, Բեյրութում, Միլանում, Վալանսում, Լիոնում, Կիպրոսում։ Հալեպում Թեքեյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հանդիսությանը հրաշալի ելույթից հետո հրավիրվեց Երեւանՙ մասնակցելու բանաստեղծի ծննդյան հոբելյանական հանդիսությանը եւ արժանացավ ջերմ ընդունելության։

Օրեր առաջ ՀԳՄ մեծ դահլիճում Սալբի Դարաքչյանն առաջին անգամ հայաստանցի ունկնդրին ներկայացավ ամբողջական ծրագրովՙ ընդգրկելով արեւմտահայ եւ սփյուռքահայ քնարերգության գեղեցիկ մի ընտրանի։ Բեյրութի «Սիփան» հրատարակչատան տնօրեն, գրող Արամ Սեփեթճյանը արտիստուհուն ներկայացրեց իբրեւ բանաստեղծության նկատմամբ պաշտամունքի հասնող սեր ունեցող հայուհու, որն իր ներաշխարհն ասմունքի միջոցով բացելով ունկնդրի առաջ, բանաստեղծությունների ընտրությամբ արդեն իսկ պատմում է իր խոհերի, զգացմունքների, հոգեվիճակների մասին։

Այդ օրը Սալբին երեւաց իր ներքին հմայքով ու ջերմությամբ։ Բանաստեղծական ամեն պատկեր վերապրված ու ըմբռնված էրՙ լիներ սեր, հոգեկան տվայտանք, կսկիծ, մորմոք թե ցավ, երազ, թե ահասարսուռ նախճիրի պատկեր, հուսահատ ճիչ, թե ընդվզում։

Ընտրված բանաստեղծություններն արտիստուհու գրական ճաշակն ու նախասիրությունն էին ներկայացնումՙ որքանՙ քնարական, երազային, խոհական, նույնքանՙ մարտնչող, ընդվզող, չհամակերպվող։ Ինքն ասես թարգմանում կամ սեփական հոգին փորձում էր պեղել սիրելի բանաստեղծների միջոցովՙ հոգեհարազատությունը հիմնականում արեւմտահայ եւ սփյուռքահայ բանաստեղծների մեջ փնտրելով։ Եվ ընտրությունը պատահական նախասիրությամբ չէր կատարված։ Արտիստուհուն հաջողվեց ստեղծել ներքին տրամաբանությամբ ընթացող դինամիկ կոմպոզիցիաՙ խոհաքնարական ապրումը, անհատի հոգու դրաման, համազգային վիշտն ու ցավը, ապա եւ ընդվզումն ու նահանջը, պայքարի ճիգը ներկայացնել իբրեւ հայի տարագիր ճակատագրի անցյալի ու ներկայի պատմություն։ Դուրյանի, Մեծարենցի, Ռ. Սեւակի, Վարուժանի, Սիամանթոյի ու Խրախունու, Զարիֆյանի, Զահրատի, Շահնուրի ու Թեքեյանի ստեղծագործությունները Սալբի Դարաքչյանի մեկնաբանությամբ հնչեցին իբրեւ հայ մարդու տրամադրությունների այժմեական արձագանքներ։

Այդպիսին են մեծերը, երբեք չեն հնանում, ափսոս, որ ժամանակի «կոշտ հանգույցներում» բանաստեղծության հմայքն աստիճանաբար խամրում է։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4