«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2003-11-26 | #218, 2003-11-27 | #219, 2003-11-28


ԹՈՒՐՔԻԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ «ԲՌՆԻ» ՏԱՊԱԼՄԱՄԲ

Ակնհայտ են իշխանափոխության առնչությամբ նրա մտահոգությունները

Նախորդ համարում «Ազգը», անդրադառնալով Վրաստանի վերջին իրադարձություններին, կարծիք հայտնեց, որ «թավշյա» հեղաշրջումը որեւէ խնդիր չի լուծել, հազիվ թե լուծեն կանխորոշված արդյունքներով ընտրությունները։ Կարծիքի համար հիմք էր ծառայել Էդուարդ Շեւարդնաձեի «քաղաքական ճիշտ ուղղվածությունը», պահպանելու եւ «նրա որդեգրած ռազմավարությանը» հետամուտ լինելու Վրաստանի ժամանակավոր իշխանությունների պատրաստակամությունը, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հայտարարությունը. «Շեւարդնաձեն չի կատարել ԱՄՆ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները»։

Այլ կերպ, Վրաստանի պաշտոնանկ նախագահի նման ԱՄՆ-ին անձնատուր են եղել նաեւ նրա ընդդիմադիրները։ Այն տարբերությամբ, որ Էդուարդ Շեւարդնաձեն անձնատուր էր եղել իշխանության գալուց հետո, իսկ Միխայիլ Սաակաշվիլին, Նինո Բուրջանաձեն եւ Զուրաբ Ժվանիանՙ մինչեւ գալը։ Ուրեմն, Շեւարդնաձեի տապալման գլխավոր պատճառը ԱՄՆ-ին անձնատուր վիճակում նրա եւ Ռուսաստանի միջեւ խուսանավելու անզգուշությունն է։ Համենայն դեպս, Վրաստանում իշխանափոխությունը փաստ է, առաջիկա հունվարի 4-ին նշանակվել են նաեւ նախագահական ընտրությունները։ Որքան էլ դրանց արդյունքները կանխորոշված լինեն, դրանք դեռեւս չեն ենթադրում Վրաստանի քաղաքական ճակատագրի կանխորոշումը։

Տվյալ դեպքում խոսքն Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Աջարիայի մասին է։ Ինքնավար այս հանրապետությունները ոչ միայն փաստացի անկախ են եւ ընդհատել են իրենց հարաբերությունները Թբիլիսիի հետ, այլեւ չեն ճանաչում Վրաստանի ժամանակավոր իշխանություններին։ Ակամա հարց է ծագումՙ ընտրություններից հետո կճանաչե՞ն։ Հազիվ թե։ Անկանխատեսելի հետեւանքներով հղի այս իրավիճակն անկախ դիրքորոշումների բնույթից հավասարապես մտահոգում է Վրաստանի անմիջական հարեւաններ Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Թերեւս անհոգը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիրներն էին, սակայն ԱՄՆ պետքարտուղարը նրանց չուրախացրեց ակնկալվող հայտարարությամբ։ Այսպիսով, նրանց ոգեւորությունը վերածվեց կատարյալ հիասթափության։

Նախորդ համարում «Ազգն» անդրադարձել էր նաեւ Վրաստանի հարեւաններին, մասնավորապես նշելով, որ Թուրքիային մտահոգում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղու կառուցումն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի նախագիծը։ Թուրքական մտահոգություններն, ինչ խոսք, էներգակիրներով չեն սահմանափակվում։ Կան նախ մի շարք այլ մտահոգություններ, որոնք կապակցված լինելով էներգակիրների հետ, կարեւոր նշանակություն են ստանում նաեւ Անդրկովկասում թուրքական պետության տեղի, դերի եւ քաղաքական ազդեցության համար։

Ինչո՞ւ, որովհետեւ Վրաստանը Թուրքիայի ռազմական եւ ռազմավարական դաշնակիցն է, միաժամանակ այն դուռը, որի միջոցով թուրքերն Ադրբեջան են դուրս գալիս։ Քանի որ Թուրքիան Ադրբեջանն օգտագործում է որպես Միջին Ասիա ներթափանցելու ցատկահարթակ, ուստի Վրաստանը նրա համար առանձնակի նշանակություն է ձեռք բերում նաեւ ներթափանցման առումով։ Այլ կերպ, Վրաստանն ապահովելով Թուրքիայի անմիջական ցամաքային կապն Ադրբեջանի հետ, նրան տալիս է Միջին Ասիա ներթափանցելու հնարավորություն։ Թերեւս դրանով էլ տարանցիկ միջանցքի դեր կատարում։

Ակնհայտ է, որ ամեն մի ապակայունացում սպառնում է այդ միջանցքի անխափան գործունեությանը։ Սակայն Թուրքիայի պարագայում խնդիրը սոսկ Վրաստանը չէ, այլեւ Աջարիան, նրա սեփական բանակը, ներքին գործերի զորքերը, ռուսական կողմնորոշումն ու համեմատաբար լավ կառավարումը։ Այս ամենն Աջարիային հնարավորություն է տալիս ոչ միայն Թբիլիսիի վերահսկողությունը մերժելու, այլեւ նրանից անկախ գործելու եւ ինքնուրույնություն պահպանելու։

Հետեւաբար, Թուրքիային ոչ այնքան ոգեւորում է Վրաստանի ժամանակավոր իշխանությունների ամերիկամետ դիրքորոշումը, որքան մտահոգումՙ Աջարիայի վերահսկողության բացակայությունը։ Դա լուրջ հիմքեր ունի, որոնցից թերեւս կարելի է առանձնացնել նաեւ Աջարիային վերապահվող տարանցիկ միջանցքի դերը։ Այսինքն, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի ցամաքային կապը Վրաստանն է ապահովում, ապա Վրաստանի հետ Թուրքիան անմիջական կապ է հաստատում հենց Աջարիայի միջոցով։

Ուրեմն, Աջարիա-Վրաստան կապի խզման դեպքում Թուրքիան ակամա կանգնում է Վրաստանի միջոցով Ադրբեջան, այնտեղից էլ Միջին Ասիա դուրս գալու հնարավորությունից զրկվելու փաստի առջեւ։ Թերեւս դա է պատճառը, որ թուրքական հանրային հեռուստատեսությունը, որն իրականում պետական է, նոյեմբերի 27-ին Վրաստանի իշխանափոխությունը պայմանավորեց Էդուարդ Շեւարդնաձեի «բռնի տապալմամբ»։ Մինչդեռ դրանում ակնհայտ էր ԱՄՆ-ի դերը, իսկ Թուրքիան վերջինիս դաշնակիցն է։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4