«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2003-11-26 | #218, 2003-11-27 | #219, 2003-11-28


ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՆՙ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ

Վրաստանի ժամանակավոր նախագահ Նինո Բուրջանաձեն պետական հեղաշրջում իրականացրած մյուս կողմնակիցների հետ եւ նրանց ենթարկվողՙ լիազորությունների ժամկետը սպառած հին խորհրդարանի օժանդակությամբ սկսել է նախարարական պորտֆելների բաշխումը։

Երեկ 144 կողմ, 0 դեմ ձայներով խորհրդարանը պետնախարարի պաշտոնում հաստատել է խորհրդարանի նախկին նախագահ (1995-2001 թթ.) Զուրաբ Ժվանիային։ Վրաստանում պետնախարարը կառավարության ղեկավարն է սահմանափակ լիազորություններով։ Այսպես, պետնախարարը չի կարող նշանակել նախարար կամ վարել կառավարության նիստը։

ՆԳ նախարար է նշանակվել Ժվանիայի «Միացյալ ժողովրդավարներ» կուսակցության առաջնորդներից Գեորգի Բարամիձեն։ Ենթադրվում է, որ պաշտպանության եւ պետանվտանգության նախարարների պաշտոնները կպահպանեն նախկին նախարարներ Դավիթ Թեւզաձեն եւ Վալերի Խաբուրձանիան։

«Թեւզաձեն բավական խիզախ էր, երբ նոյեմբերի 23-ին հայտարարեց, որ երբեք չի գնա սեփական ժողովրդի դեմ», «Ռուսթավի-2» հեռուստաընկերությամբ հայտարարել է Վրաստանի ապագա, ամենահավանական նախագահության թեկնածու Միխայիլ Սաակաշվիլին։

Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Զուրաբ Նողաիդելին, որը այդ պաշտոնը զբաղեցրել է 1999-2000 թթ.։ Ի դեպ, այսօրվա Վրաստանի բյուջեն անմխիթար վիճակում է։ Դեֆիցիտը կազմում է մոտ 150 մլն դոլար այն դեպքում, երբ պետական բյուջեն մոտ 550 մլն է։

Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեն Մոսկվայում, որտեղ նա հանդիպումներ է ունեցել ՌԴ վարչապետ Մ. Կասյանովի, չճանաչված Հարավային Օսիայի նախագահ Էդ. Կոկոեւի հետ, հայտարարել է, որ ինքը ռազմական ուժ կկիրառի Վրաստանի ժամանակավոր կառավարության դեմ, եթե վերջինս փորձի բռնի կերպով իր իշխանությունը հաստատել նաեւ Աջարիայում։

«Մարդիկ, ովքեր իշխանության են եկել ուժով, իրավունք չունեն որեւէ մեկին հրամաններ տալու, հատկապես նրանց, ովքեր ընտրվել են օրինական կերպով։ Մենք գործ ունենք ծայրահեղ ազգայնականների հետ, ովքեր կգնան ամեն ինչի, որպեսզի իրականացնեն իրենց նպատակները», ասել է Աբաշիձենՙ հավելելով նաեւ, որ Աջարիան անկախություն չի հռչակի։

Աբաշիձեի եւ Սաակաշվիլու հարաբերությունները բարդ են։ Այսպես, խորհրդարանական ընտրությունների նախօրեին «Առյուծի» կողմնակիցները հրդեհել էին Սաակաշվիլու Բաթումի կուսակցության գրասենյակը, ծեծել «Միացյալ ազգային» շարժման կողմնակիցներին։ Այդուհանդերձ, Սաակաշվիլին 2 օր առաջ հայտարարել է, որ ինքը պատրաստ է բանակցել Աբաշիձեի հետՙ նկատելով, որ նա կարեւոր դեր է խաղում Վրաստանի ներքաղաքական կյանքում։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4