Տրուբնիկով. «Ռուս-ադրբեջանական կապերն օրինակելի են»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Դեկտեմբերի 5-8-ը տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ կժամանեն ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) եռանախագահները։ Սպասվում է, որ միջնորդները կներկայացնեն հակամարտության կարգավորման բանավոր առաջարկներ։
«Այս պահին ճշտված չէ, թե ինչ երթուղով կժամանեն միջնորդները։ Հայտնի է միայն, որ նրանք տարածաշրջանում են լինելու դեկտեմբերի 5-8-ը», ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը։
Սովորաբար միջնորդները մեկնում են Բաքու, ապա ժամանում Երեւան եւ ուղեւորվում Ստեփանակերտ։
Եռանախագահների այս այցելությունն ուշագրավ է նրանով, որ առաջինն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո, ինչպես նաեւՙ միջնորդներն արդեն գործ են ունենալու Հեյդար Ալիեւի որդի Իլհամի հետ։
«Հուսով եմ, որ միջնորդ պետություններըՙ ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ Ֆրանսիան, կանեն հնարավորը հակամարտության խաղաղ կարգավորման համար», ասել է Ի. Ալիեւը չորեքշաբթի երեկոյան ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ։
Համաձայն Բաքվի «Զերկալո» թերթի, Ալիեւը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, որը 10 տարիների ընթացքում արդյունքներ չի տվել։
Տրուբնիկովը ոչ միայն ՌԴ առաջին փոխարտգործնախարարն է, այլեւ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ռուսաստանի վերջին երեք տարիների գլխավոր բանագնացը։ Սովորաբար Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի իր եռանախագահի հետ տարածաշրջան է գործուղում նաեւ Տրուբնիկովին։
Բաքու այցելելու որոշումն ընդունվել է ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ի. Իվանովի եւ Վ. Գուլիեւի նոյեմբերի 25-ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։ Ադրբեջանի արտգործնախարարը Բաքվի «Էխո» թերթում նշում է, որ Տրուբնիկովի այցի նպատակը ղարաբաղյան կարգավորման բանակցություններին ուժ հաղորդելն է։
Տրուբնիկովի Երեւան այց նախատեսված չէր, եւ նա Բաքվից մեկնել է Մոսկվա։
«Ռուսաստանը կանի հնարավորըՙ կարգավորելու Ղարաբաղի խնդիրը։ Կար մի փուլ, երբ բանակցությունները տարբեր պատճառներով կորցնում էին ուժը, բայց հիմա եկել է պահը, երբ մենք պետք է քննարկենք այդ հարցը», «Ֆրանսպրեսը» մեջբերում է Տրուբնիկովին։ Զրուցակիցները քննարկել են նաեւ ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, Տրուբնիկովը դրանք որակել է «օրինակելի»։
Ղարաբաղյան հակամարտության թեման քննարկվել է նաեւ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում։ Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության, Պուտինը եւ Ալիեւը շեշտել են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ։
«Զերկալո» թերթը նշում է, որ Ռուսաստանն առաջարկում է ղարաբաղյան կարգավորման համար վերցնել մերձդնեստրյան (Մոլդովայի եւ Մերձդնեստրի հակամարտության) մոդելը։ Մերձդնեստրյան մոդելը, որ մշակել է ՌԴ արտգործնախարարությունը, կոչվում է «Միացյալ պետության պետական կառուցվածքի հիմնական սկզբունքների մասին» եւ ընդհանրություններ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի 1998 թ. առաջարկած «Ընդհանուր պետության» բանաձեւի հետ։ Քիշնեւը եւ Տիրասպոլն իրենց համաձայնությունն էին տվել, սակայն վերջին պահին Մոլդովան մերժեց այդ առաջարկությունը։ «Ընդհանուր պետության» բանաձեւը ժամանակին մերժել էր Ադրբեջանը։
Ադրբեջանն անընդունելի է համարում ղարաբաղյան կարգավորման համար այսպես կոչված մերձդնեստրյան մոդելը, երեկ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի ղեկավար Նովրուզ Մամեդովը։ Նա հերքել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Տրուբնիկովն իբր Բաքու այցելության ժամանակ ղարաբաղյան կարգավորման համար առաջարկել է մերձդնեստրյան մոդելը։
Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի համար նման մոդելն անընդունելի է, քանզի միացյալ պետությունը հնարավորություն կստանա դառնալու դաշնային պետություն։