«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2003-11-26 | #218, 2003-11-27 | #219, 2003-11-28


«ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԿՈՐՈՒՍՏԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»

Ասում է սփյուռքահայ լրագրողը

Սալբի Գասպարյանը ծնվել է Հալեպում, ծնողները Արեւմտյան Հայաստանից ենՙ Ուրֆայից։ Ավարտել է Հալեպի համալսարանի անգլերեն լեզվի եւ գրականության բաժինը, այժմ հայերեն է դասավանդում Հալեպի Կիլիկյան ճեմարանում, որը Սիրիայի ամենահին դպրոցն է, հիմնված 1921 թվականին։ Սալբին զբաղվում է նաեւ լրագրությամբ. ՌԱԿ Բեյրութի «Զարթօնք» թերթի պաշտոնական թղթակիցն է Հալեպում եւ Հայաստանի Հանրապետության Հալեպի հյուպատոսարանի թղթակիցը։ Դասախոսում է Վենետիկի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի ամառային դասընթացներում, խմբագրում է այդ ամբոնի 20¬ամյակին նվիրված հուշամատյանը։ Մի շարք մենագրությունների ու թարգմանությունների հեղինակ է։ Նրա «Չորրորդ իշխանությունը որպես դրույթ եւ ուժ» վերնագրով ընդարձակ ուսումնասիրությունը միջազգային մամուլի մասին է, այդ թեմայով դասախոսել է Բեյրութում։ Օրերս նա «Ազգ» թերթի խմբագրատան հյուրն էր։ 15 տարվա ընդմիջումից հետո հայրենիք գալու առիթը «Հայաստան¬Սփյուռք» լրատվամիջոցների համահայկական առաջին համաժողովին մասնակցելն էր։ Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը։

- Ի՞նչ հոգսեր ունեն այսօր սփյուռքի լրագրողները, ի՞նչն է ձեզ դրդում զբաղվել լրագրությամբ։

¬ Սփյուռքի մամուլը, ի տարբերություն հայաստանյան մամուլի, նախ զուրկ է պրոֆեսիոնալիզմից, չկան մասնագիտացված լրագրողներ, թեեւ գրում են այն ամենի մասին, ինչի կարիքն իրոք զգացվում է։ Շատերի պես ես էլ գրեթե ամեն թեմա շոշափում եմ, Հալեպում ոմանց դա անկեղծորեն զարմացնում է։ Լրագրությունը սփյուռքում ինքնակամ ծառայություն է, աշխատում ենք առանց վարձատրության։ Եթե լրագրողը որեւէ խմբագրակազմի մեջ ընդգրկված չէ, ուրեմն ոչ մի պահանջ չի ներկայացնում, քանի որ սփյուռքի մամուլը նյութական սուղ վիճակում է։

Լրագրողներն աշխատում են մեծ նվիրումով եւ իրենց ի վերուստ տրված շնորհքը ծառայեցնում սփյուռքի հայությանը տանջող խնդիրների արծարծմանը։ Ես գրում եմ ազգային, քաղաքական, ինչպես նաեւ արվեստի զանազան ճյուղերի մասին։ Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ 2000 թվականին արժանացա «Զարթօնք» օրաթերթի «Հայկազուն եւ Անահիտ Վարդիվառյան» մրցանակին, որի համար անչափ երախտապարտ եմ։ Ինձ շնորհեցին այդ մրցանակը, բնավ հաշվի չառնելով, որ կուսակցական շրջանակի մեջ չեմ։

Սփյուռքահայ մամուլը ձգտում է լիցքավորել հայերին, հույս ու հավատ ներշնչել հայրենիքի հանդեպ, ինչն այսօր պակասում է, քանի որ մի տեսակ նահանջ ենք ապրում։ Եղավ մի շրջան, երբ խորը հիասթափության պատճառով մոտ մեկ տարի ոչ մի հոդված չգրեցի, ոչ թե հավատս էի կորցրել, այլ հիասթափվել էի հայրենիքի ծանր վիճակից։ Հայաստանի անկախությունը սկզբնապես համայն հայությանը ոտքի կանգնեցրեց, բայց հետո իրավիճակն այնպես փոխվեց, որ միանգամից կորցրեցինք մեր մեծ հավատը։ Սփյուռքում մեր գոյությունը պայմանավորված է հայրենիքի կենսունակությամբ, մինչդեռ այն, ինչ նկատվում է այսօր, այլ բան է հուշում։ Երեւանում շրջելիս այսօր նկատում եմ Եվրոպան հիշեցնող ռեստորաններ, խանութներ, բայց երբ անծանոթ մեկին հարցնում եմ, թե ի՞նչ վիճակում է ապրում, հավատս իսկույն խախտվում է, որովհետեւ հասկանում եմ, որ այդ շքեղությունները ամենքի համար չեն, այլ քիչ թվով մարդկանց։

¬ Տեղեկատվություն ստանալու իմաստով հայրենիքի հետ ունեցած կապը բավարա՞ր եք համարում։

¬ Անշուշտ, անհամեմատ սերտացել է կապը հայրենիքի հետ։ Ինտերնետի, Հանրային եւ «Արմենիա» հեռուստատեսությունների միջոցով կարծես Հայաստանում ենք ապրում։ Դրանք բարեբեր դեր ունեցան Հալեպի հայկական համայնքում, որովհետեւ շատերը արաբերեն չիմանալով մինչ այդ միայն թուրքական հեռուստաալիքներ էին դիտում։ Մեզ համար ուղղակի առաջադիմություն էր, մանավանդ որ Սիրիայում նույնիսկ հայկական մամուլ չունենք։ Բացի առաջնորդարանի «Գանձասար» շաբաթաթերթից, որեւէ այլ թերթ գոյություն չունի։ Ամեն առավոտ ստանում ենք միմիայն Բեյրութի հայ մամուլը։

Գոհունակությանս հետ մեկտեղ պիտի նշեմ, որ հայաստանյան որոշ թերթերում, եւ հատկապես Հանրային հեռուստատեսությամբ Պաղեստինում Իսրայելի գործողությունները մեկնաբանելիս պաղեստինցիներին հաճախ ահաբեկիչ են անվանում, մոռանալով, որ արաբական երկրներում ունենք հայկական մեծ համայնքներ, որոնք իրենց լիարժեք ու ապահով են զգում։ Այս թեման կարեւոր է, քանի որ պաղեստինցիների պայքարը չափազանց նման է ղարաբաղցիների պայքարին։ Պաղեստինն ու Ղարաբաղը առաջ են ընթանում իրենց ընտրած պայքարով ու նպատակներով։

¬ Ի՞նչն է ձեզ այսօր ամենից շատ անհանգստացնում հայրենիքում։

¬ Չեմ կարող զայրույթս չարտահայտել ժամանակակից հայ գրականության արդի էջերում աչք ծակող այլասերված պատմվածքների վերաբերյալ։ Հայրենասիրության ոչ մի նշույլ, ոչ մի գաղափար, դրանց հեղինակները կարծես հեռացել են հայ ժողովրդին բնորոշ արժեքներից։ Չեմ ուզում նշել այդ գրքույկների ու հոդվածների անունները, որպեսզի հեղինակների անունները չկարեւորվեն։ Ես հասկանում եմ, որ երբեմն կարելի է ռաբիս երգ լսել կամ անորակ նկար դիտել, բայց մարդկային ոգու խաթարումը Հայաստանում ուղղակի անթույլատրելի է։

Իսկ Թուրքիայի հետ մերձենալ կամեցողները պիտի գիտակցեն, որ սփյուռքի գոյատեւման հիմնակետը Հայ դատն է, Ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունը։ Հետեւաբար անպայման պետք է հաշվի առնել նաեւ սփյուռքի կարծիքը։

Սփյուռքը հակված է դեպի հայրենիք, ինչ որ այստեղ կա, մեր ազգի հավերժության համար է, իսկ երբ դա խաթարվում է, սոսկալի զգացում է առաջացնում։ Այստեղ կան մարդիկ, որ մինչ օրս Եռաբլուր չեն այցելել, Անդրանիկ զորավարի, Վազգեն Սարգսյանի եւ մյուս նահատակների շիրիմների տեղը չգիտեն, մի՞թե կարելի է այդպես ապրել։

¬ Համաժողովի աշխատանքը գոհացրե՞ց ձեզ, ստացա՞ք ձեզ հուզող հարցերի պատասխանները։

¬ Իբրեւ առաջին փորձ, համաժողովն, իհարկե, այնքան էլ կազմակերպված չէր։ Պիտի նկատեմ, որ կազմակերպվածության կարիք ունենք համարյա բոլոր բնագավառներում։ Ինչ խոսք, առաջադիմական քայլ էր եղած կարիքների մասին բացահայտորեն արտահայտվելը։ Մենք արժանի ենք հայ մարդուն վայել կյանքով ապրելու ու դրան պիտի ձգտենք մեր ամենօրյա աշխատանքով։

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4