Աշխարհի երկրների միջեւ սահմանները խիստ փխրուն են դարձել։ Ներքին ու արտաքին հակամարտություններից ծվատվող մարդկությունը կանգնել է իր գոյատեւմանը սպառնացող համընդհանուր խնդիրների դեմ-հանդիման։ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուս-ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարը նպատակ է դարձել տարբեր համոզմունքների ու հավատքի, ռասաների ու կենսաձեւի մարդկանց համար։ Նորագույն այս աղետը երեւան եկավ 70-ական թթ.։ Առաջին անգամ ՄԻԱՎ-ով հիվանդության դեպք արձանագրվել է ԱՄՆ-ում, մեկ տարի անցՙ Արեւմտյան Եվրոպայում, իսկ հետո կայծակնային արագությամբ հիվանդությունը տարածվել է բոլոր աշխարհամասերում։ ՄԻԱՎ-ը սովորաբար թափանցում է մարդու արյան սպիտակ բջիջներիՙ լեյկոցիդների մեջ եւ վարակելով դրանք թուլացնում իմունային համակարգը։ ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վարակի վերջին եւ ամենածանր փուլն է, որն ավարտվում է մահվամբ։
Ամեն օր աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվում է մոտ 16000 մարդ։ Անցած տարվա տվյալներով աշխարհում արդեն ապրում էր ՄԻԱՎ 42 մլն վարակակիր, որի 29,4 մլն-ը բնակվում է Աֆրիկայումՙ Սահարայից հարավ։ Արեւելյան Եվրոպայի (որի մեջ են նաեւ Հայաստանն ու նախկին խորհրդային հանրապետությունները) եւ Կենտրոնական Աֆրիկայի տարածաշրջաններում, վարակակիրների թիվը հասել է 1,2 մլն-ի։ Համաճարակի ընդգրկումներն այժմ շատ ավելի մեծ են, քան 10 տարի առաջ արված կանխատեսումները։ Հիվանդության ի հայտ գալու սկզբից ի վեր արդեն մահացել է 28 մլն ՁԻԱՀ-ով հիվանդ մարդ, որից 3,1 մլն-ըՙ 2002 թ.։ Մասնագետների կանխատեսումներովՙ հաջորդ 2 տասնամյակներում ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը կաճի։ Կենտրոնական Աֆրիկայում տարեկան այդ ցուցանիշն անցնում է 750 հազարից։ Սպասվում է, որ մինչեւ 2010 թ. կհասնի 850 հազարի։ Ընդհանրապես մոլորակի այս հատվածը ամենից ավելի ծանր է ախտահարված։ Վարակակիրների 22,5 մլն-ն ապրում է այստեղ։
1983 թ. հայտնաբերվեց ՁԻԱՀ-ի 2 դեպք կանանց օրգանիզմում, ում սեռական զուգընկերներն օգտագործում էին ներերակային թմրադեղեր։ Ապացուցվեց, որ վարակը գործում է ոչ միայն համասեռամոլ, այլեւ տարասեռ շփման ընթացքում։ ՁԻԱՀ-ը պայմանավորված է վարակիչ գործոնով (ամենայն հավանականությամբՙ վիրուսով), եւ ոչ թե թունավոր նյութերի, ծագումնաբանական գործոնի կամ արտաքին միջավայրի որեւէ վնասաբեր գործողությամբ։ Անկախ սեռից սեռական զուգընկերների 2-ից ավելի քանակը, գիտնականների համոզմամբ, առավել վտանգավոր ռիսկի գործոն է։ Այս տեսանկյունից համասեռամոլների ու ներերակային թմրադեղեր օգտագործողների հետ ռիսկի խմբերում են հայտնվել նաեւ սեռական ոտնձգությունների ենթարկվող կանայք։ Սա հիվանդության խթանման նոր դրդապատճառ է, որ համեմատաբար ուշ շրջանում է հայտնաբերվել եւ ուսումնասիրվել։
Այսօր արդեն, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց 51 տոկոսը, մոտավորապես 20 մլն դժբախտներ, կանայք են։ Սեռական ոտնձգությունների կամ անցանկալի սեքսի դեմ պայքարելու կանանց անկարողությունը ուղղակիորեն խթանում է աճի բարձր ցուցանիշները հենց նրանց շրջանում։ Քերծվածքները, որ ստանում են բռնության ենթարկված կանայք ու աղջիկները, օրգանիզմ վարակի թափանցման բարձր ռիսկ են։ Հատկապես երիտասարդ կանանց խումբը խոցելի է հարկադիր սեքսի եւ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ախտահարվելու հանդեպ։ Վիճակագրական տվյալներով, ՄԻԱՎ նոր վարակների գրեթե կեսին ենթարկվում են 15-24 տարեկան կանայք։ 2001 թ. Տանզանիայում կատարված ուսումնասիրությունները բացահայտեցին, որ այդ տարիքի կանանց ու աղջիկների շրջանում 2 անգամ ավելի հավանական են ՄԻԱՎ-ի դեպքերը, քան այն կանանց, ովքեր մշտապես 1 զուգընկեր ունեն կամ ում զուգընկերը միայն ամուսինն է։ Բռնությունների ծաղկման պարարտ հող են ստեղծում պատերազմները, ներազգային ու միջազգային հակամարտությունները։ Պատերազմական գործընթացների ժամանակ կնոջ մարմինը նույնպես մարտադաշտի ավար է դառնում։ Հակամարտությունների գոտում տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր կանանց ու աղջիկների բռնաբարություններն աղետալի բարձրացնում են ՄԻԱՎ վարակը հենց այդ տարածաշրջաններումՙ խորտակելով ընտանիքներ ու ճակատագրեր։ Վարակի առաջացման այս դրդապատճառի դեմ առավել դժվար է կանխարգելման ու բուժօգնության միջոցառումներ ձեռնարկել։ Որպես կանոն բռնության ենթարկված ու վարակված կանայք, վախենալով նոր բռնությունից, չեն խոստովանում իրենց նոր, ծանր կարգավիճակի մասինՙ անհնարին դարձնելով իրենց օգնելու հավանականությունը։ Նրանք սարսափում են նաեւ հասարակությունից, որը դատապարտում ու մեկուսացնում է իրենց։ Այդպիսի կանայք սովորաբար արտաքսվում են ընտանիքներից ու հասարակությունից, դառնում ֆիզիկական ու հոգեբանական նոր ճնշումների ու բռնարարքների թիրախ, լքվում ու նետվում են փողոց։ 1998 թ. Հարավային Աֆրիկայում տեղի ունեցավ միայն վայրենի ժամանակներին բնորոշ մի դատաստան։ Ջուգու Դհլամինին մինչեւ մահվան դուռը քարկոծվեց իր իսկ համայնքի բնակիչների կողմից, որովհետեւ ՄԻԱՎ-ի համաշխարհային օրը համարձակվել էր հեռուստատեսությամբ ու ռադիոյով խոստովանել ՁԻԱՀ-ով հիվանդ լինելու փաստը։
Մասնագետների հավաստմամբ, Հայաստանը կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների ցուցանիշներով աշխարհի երկրների ցանկում գտնվում է միջինից ցածր մակարդակում։ Հայաստանի ցուցանիշը ցածր է ի հաշիվ այն երկրների, ուր կանանց նկատմամբ բռնությունը պայմանավորված է ռասայական, կրոնական որոշակի ավանդութային սովորույթներով։ Սոցիոլոգիական դիտարկումներով, հայ ընտանիքներում կանանց 75 տոկոսը ենթարկվում է բռնությունների։ 51 տոկոսըՙ ընտանիքի տարբեր անդամների կողմից, 16 տոկոսըՙ սեռական բնույթի։ Հարցումների համաձայն, բռնությունը, սակայն, Հայաստանում նորմալ երեւույթ է ընկալվում։ Սա անգրագիտության ամենավտանգավոր արտահայտություններից է, եթե նկատի առնենք, որ Հայաստանում տղամարդկանց մի մեծ զանգված ներգրավված է աշխատանքային միգրացիայի պարբերական գործընթացներում, կան ամուսիններ, ովքեր 2-ից ավելի զուգընկերներ ունեն, եւ կան թմրամոլներ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ