«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2003-11-26 | #218, 2003-11-27 | #219, 2003-11-28


ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ԶՈՀՐԱՊ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Ամերիկայի հայկական եկեղեցու Արեւելյան թեմից էլ. փոստով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ավելի քան 40 կարեւոր, պատմական արժեք ներկայացնող փաստաթղթեր են նվեր ստացել հայտնի լրագրող, «Պայքար» շաբաթաթերթի խմբագիր Գրիգոր Քյոսեյանից (Ուոթերթաուն, Մասաչուսեթս)։

Փաստաթղթերը, որոնց մեջ են 1903-1904 թթ. Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի նամակներըՙ ուղղված Ամերիկայի հայկական եկեղեցու թեմի առաջին հոգեւոր հովիվ Հովսեփ եպս. Սարաջյանին, երկու ձեռագիր, բայց անստորագիր նամակներ (հավանաբար գրված Զավեն արք. Տեր-Եղիայանի կողմից 1915 թ.)ՙ ուղղված Ղեւոնդ արք. Դուրյանին, երբ վերջինս Բալկաններում էր, այլ նամակներ Սբ. Էջմիածնից գրված Ամերիկայի թեմի առաջնորդ հայր Արսեն Վեհունուն եւ պրն Սիվազլիինՙ Հայ ազգային պաշտպանության միության նախագահին, եւ մեկ նամակ հայտնի գրաքննադատ Հակոբ Օշականից, պահվելու են հայկական եկեղեցու Արեւելյան թեմի ուսումնասիրությունների եւ տեղեկատվության «Գրիգոր եւ Կլարա Զոհրապ» կենտրոնումՙ հետագա պատմական ուսումնասիրությունների համար։ Դրանց մեծ մասը կարեւոր է այն առումով, որ 1915 թ. Ցեղասպանությանն անդրադարձող առաջին արձագանքներից են։

Նվիրատունՙ պրն Քյոսեյանը, խմբագրել է նաեւ հայերեն թերթեր Բեյրութում, թղթակցում է Փարիզի «Յառաջին»։ Իր գրական ժառանգության կարեւոր գործերից են ֆրանսահայ նկարիչ, ակադեմիկոս Գառզուի եւ ֆրանսահայ գրող Շահան Շահնուրի մասին ուսումնասիրությունները, որոնց հիմքում ընկած են իր անձնական, մտերմիկ շփումներն այդ արվեստագետ հսկաների հետ։ Ներկայումս նա աշխատում է մեկ ուրիշ հատորի վրա, որտեղ քննության են առնվելու Շահնուրի թղթակցությունները Գուրգեն Մահարու հետ։

Առիթից օգտվելով «Զոհրապ» տեղեկատվական կենտրոնը կոչ է անում բոլոր մտավորականներին, մասնավորապես լայն հասարակությանն ընդհանրապեսՙ նվիրելու Արեւելյան թեմին ամեն տեսակի արժեքավոր փաստաթղթեր, գրքեր կամ իրեր, որպեսզի հետագա սերունդները հնարավորություն ստանան ուսումնասիրելու մեր ժողովրդի անցյալը։

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4