Եվրադատարանի համակիրների թիվն ավելանում է
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Նախկին ռադիոինժեներ, այժմ գործազուրկ Լաուրա Ասլանյանը 5 երեխաների մայր է եւ Արաբկիր ու Կենտրոն համայնքներում խմելու ջրի աղտոտումից առավել տուժածներից։ Մինչ օրս էլ, վախն ու կասկածը սրտում, համայնքի շատ բնակիչների նման նա ջուրն օգտագործում է եռացրած վիճակում, բերում Նորքի զանգվածներից կամ «Նոյ» ու «Ապարան» գնում։ Նոյեմբերի 18-ին Լաուրա Ասլանյանը «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի դեմ դատական հայցով ներկայացել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Առավել կարեւորելով նյարդային կորուստները, ապաշնորհ ծառայությունների պատճառով նվաստ վիճակում հայտնվելը, Լաուրա Ասլանյանն իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ից պահանջում է 200 հազար դոլար։ Իսկ թե ինչու հենց այդ գումարը, հետեւյալ բացատրությունն է տալիս։ Ինքը մանրակրկիտ ուսումնասիրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, Եվրադատարան դիմածների հայցերը եւ պարզել, որ նմանօրինակ հանցադեպերի դեպքում հայցատուները մոտավորապես հենց այս գումարի շրջանակներում են փոխհատուցում պահանջում։
Բարոյական փոխհատուցման վերաբերյալ մեր օրենսդրության մեջ ոչ մի տող ու տառ չկա, սակայն 2002 թ. ապրիլի 24-ին Հայաստանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ տեղական օրենքի չգոյության դեպքում այն պիտի գերակա լինի։ Իհարկե, հայցադիմումի բավարարումը քիչ հավանական է, եւ հայցատուն էլ կանխավ թերահավատ է։ Սակայն վճռական էՙ սկսած գործը մինչեւ ավարտ հասցնելու։ Եթե պարտվի, դիմելու է նաեւ Եվրադատարան։ Նրա շահերը ինչպես այդտեղ, այնպես էլ Երեւանում ներկայացնելու է սպառողների միությունը։
Ի դեպ, խմելու ջրից տուժած եւ միությանը դիմած բողոքավորների թիվն արդեն հասել է 160-ի։ Հիմնականում Արաբկիր համայնքից են։ 5 գործ արդեն մտել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, սակայն ե՛ւ հայցատուներին, ե՛ւ սպառողների միությանն անհայտ պատճառներով դատական առաջին նիստերը ձգձգվում են։ Մնացած տուժածների փաստաթղթերը նախապատրաստվում են կրկին դատարան դիմելու համար։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի տեղեկատվությամբ, դիմողների մի մասն ակնկալում է միայն նյութական ծախսերի փոխհատուցում։ Ընդ որում, խիստ տարբեր թվեր են նշումՙ 6 հազար դրամից 140 հազար դրամ։
Իսկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արդեն 1 շաբաթ դիզինտերիայի վարակակիրներ չկան, բոլոր հիվանդները դուրս են գրվել։ Ցրվել է նաեւ վախը, թե աղտոտված ջուրը կարող է դեղնախտի կամ այլ վարակների բռնկման պատճառ դառնալ։ Փառք Աստծո, ոչ մի դեպք չի գրանցվել։ Հիմա եկել է տուժածների փոխհատուցման ժամանակըՙ լինի բարոյական թե նյութական տեսքով։