«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎՆ ԱՅՑԵԼԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակ այցելեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Կենտրոնի մուտքին քաղաքապետին դիմավորեցին Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, հայտնի գործարար ու բարերար Արա Աբրահամյանը, մոսկվայաբնակ հայտնի հայերիցՙ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, Դմիտրի Կարապետյանը, Արմեն Ջիգարխանյանը, Աշոտ Եղիազարյանը եւ այլք։ Այնուհետեւ, արդեն գրասենյակում, Յուրի Լուժկովի եւ նրա հյուրընկալների միջեւ ծավալվեց աշխույժ զրույց, որը նախատեսված կես ժամի փոխարեն տեւեց շուրջ 2 ժամ։ Արծարծվեցին Մոսկվայի հայ համայնքին վերաբերող բազմաթիվ հարցեր եւ, անշուշտ, առաջիկա դեկտեմբերի 7-ին կայանալիք Պետդումայի ընտրություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին քաղաքապետ Լուժկովը մասնավորապես ասաց. «Հայկական համայնքը Մոսկվայում ամենահներից մեկն է եւ ամենից լավ կազմակերպվածը։ Այդ կազմակերպվածությունն ընդգծվեց վերջին 3 տարիներին, երբ Արա Աբրահամյանի գլխավորությամբ կազմվեց Ռուսաստանի հայերի միությունը։ Ինձ համար հաճելի եւ արդյունավետության տեսակետից հարմար է նման կազմակերպված համայնքի հետ գործ ունենալ ի շահ մեր քաղաքի բարօրության»։

Իր հերթին պրն Աբրահամյանը «Ազգի» թղթակցին հայտնեց, որ առաջիկա օրերին նախատեսվում են նման բազմաթիվ հանդիպումներ Ռուսաստանի պետական եւ քաղաքական դեմքերի հետ։ Չմոռանանք, որ նախընտրական շրջան է եւ այսպիսի հանդիպումներն օգտակար են ամեն տեսակետից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4