«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԱՍ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԳԱՅԹԱԿՂԵԼ Է ԿԻՊՐԱՑԻ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Նրանք հերթի են կանգնում, որ հունական անձնագիր ստանան

Դեկտեմբերի 14-ին Կիպրոսի թուրքական հատվածում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ 2004 թ. մայիսի 1-ին Կիպրոսի Հանրապետությունն անդամակցելու է Եվրամիությանը։ Քանի որ թուրքական հատվածը դեռեւս 1974թ. տարանջատվել է հունականից եւ այնտեղ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն» էր հռչակվել, ուստի ԵՄ-ին անդամակցության հանգամանքը թուրքերին չէր վերաբերում։ Այլ կերպՙ Կիպրոսի Հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին կատարվում է առանց թուրքական հատվածի։

Մինչդեռ կիպրացի թուրքերը նույնպես ձգտում են եվրոպական ընտանիքի մաս կազմել, իսկ հունական կողմն արձագանքում է նրանց ձգտումներին։ Թերեւս այդ առումով պատահական չէր կիպրացի թուրքերի առջեւ սահմանների բացումը, որը տեղի ունեցավ 2003 թ. ապրիլի 23-ին, ինչպես նաեւ նրանց Կիպրոսի Հանրապետության անձնագրի տրամադրումը։

«Ազգը» նոյեմբերի 24-ի համարում «Կիպրոսում ձախողվում է Թուրքիայի ռազմավարությունը։ Կղզու մասնատումը հետզհետե անիրականանալի է դառնում» խորագրով անդրադարձել էր թուրքական հատվածում նախատեսվող ընտրություններին, ինչպես նաեւ Թուրքիայի համար դրանց հնարավոր անցանկալի հետեւանքներին։ Այն առումով, որ եվրոպական ընտանիքին մաս կազմելու կիպրացի թուրքերի ձգտումը նրանց հակադրում է վերոհիշյալ ինքնակոչ հանրապետության նախագահ Ռաուֆ Դենքթաշին, եւ վերջինս դառնում է ընդդիմության թիրախ։

Քանի որ Դենքթաշը Թուրքիայի դրածոն է, ուրեմն կիպրացի թուրքերը, հանձին նրա, ընդդիմանում են Թուրքիային։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ դեկտեմբերի 14-ի ընտրությունները բացի Դենքթաշից ճակատագրական էին լինելու նաեւ Թուրքիայի կիպրական քաղաքականության համար։

Ինչ վերաբերում է դեռեւս 1983թ. հռչակված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը», ապա դրա համար էլ ճակատագրականը Կիպրոսի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կիպրացի թուրքերի հոծ զանգվածների ներխուժումն է հունական զանգված։ Այդ մասին նոյեմբերի 28-ի համարում ուշագրավ տեղեկություններ է հաղորդում «Միլիեթը»։

Ըստ թուրքական թերթի, հունական հատված անցնելու համար թուրքերը հյուսիսային հատվածից ժամեր առաջ ճանապարհ են ընկնում, ժամերով անցակետի մոտ սպասելուց հետո այս անգամ էլ տեղական ժամանակով 07։00-ին բացվող անձնագրային բաժանմունքների մոտ են հերթի սպասում։ Լինում է, որ հերթերը հաճախ 03։00-ին, նույնիսկ ավելի շուտ են գոյանում։ Օրական 100 հոգու սպասարկելու հաշվարկով ստեղծված բաժանմունքներին 300-500 մարդ է դիմում, ինչը, «Միլիեթի» վկայությամբ, իրարանցումների եւ քաշքշուկների տեղիք է տալիս։ Այնուհետեւ «Միլիեթը» գրում է. «Ամեն առավոտ անձնագրային բաժանմունքների առջեւ հերթագրվելու համար իրար դեմ անխնա պայքարող թուրքերի եւ աշխատանքի ծանրությունից բողոքող բաժանմունքի հույն պաշտոնյաների միջեւ ժամանակ առ ժամանակ վեճեր են առաջանում»։

Կիպրոսի Հանրապետության ներքին գործերի անձնագրային վարչությունից, «Միլիեթից» ստացած տեղեկությունների համաձայն, առ այսօր 200 հազար բնակչություն ունեցող թուրքական հատվածից Կիպրոսի Հանրապետության անձնագիր կամ ծննդյան վկայական ստանալու համար հունական համապատասխան մարմիններ են դիմել 100.073 կիպրացի թուրքեր։ Դիմորդներից 23.500-ը անձնագիր, 8253-ըՙ արտասահման մեկնելու անձնագիր, 68594-ըՙ ծննդյան վկայական են ստացել։ Ներքին գործերի նախարարության աշխատակից Քիրիկոս Թրիադաֆիլիդիսը «Միլիեթին» զգուշացրել է, որ մերժվում են թուրքական հատվածի այն բնակիչները, որոնք ծագումով Թուրքիայից են, քանի որ նրանք Կիպրոսի Հանրապետության քաղաքացիություն ստանալու իրավունք չունեն։

Օգտվելով առիթից նշենք, որ եթե նույնիսկ կիպրացի թուրքերին Կիպրոսի Հանրապետության անձնագրերի շնորհումը չլուծի կիպրական հիմնահարցը, այսինքնՙ չվերականգնվի կղզու միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը, միեւնույն է, նրանք դրանով ԵՄ-ի քաղաքացի են դառնում։ Իսկ դա գայթակղիչ հեռանկար է կիպրացի թուրքերի համար, կարծում ենք, ընտրություններում վերջապես կլուծվի Ռաուֆ Դենքթաշի հարցը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4