Նշել է ԼՂՀ վարչապետը
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության նոյեմբերի 28-ին տեղի ունեցած նիստում վարչապետ Անուշավան Դանիելյանն ամփոփել է այս տարվա 10 ամիսների տնտեսական ցուցանիշները։ Դատելով այդ ցուցանիշներից, ԼՂՀ տնտեսությունն էական առաջընթաց է արձանագրել։
Պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ կազմել են 143 տոկոս, շահութահարկի գծով ցուցանիշըՙ 140 տոկոս, եկամտահարկի գծովՙ 138 տոկոս։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս տեմպերի պահպանման դեպքում 2004 թ.-ին 2002 թ.-ի համեմատ կարձանագրվի եկամուտների կրկնակի աճ։
Արդյունաբերության աճը կազմել է 138 տոկոս։ Այս դեպքում եւս արձանագրվում է կրկնապատիկ աճ երկու տարին մեկ անգամ։ 2001 թ.-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 5,5 մլրդ դրամ, 2003 թ.-ին կկազմի 11 մլրդ դրամ։ Արտահանումն աճել է 2,6 անգամ, կապիտալ շինարարության ծավալներըՙ 3,7 անգամ։ Ընդհանուր առմամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 20 տոկոսով։ Փոխվել է նաեւ ՀՆԱ-ի կառուցվածքը։
Ըստ Անուշավան Դանիելյանի, եթե 2000 թ.-ին արդյունաբերական արտադրանքի մեջ մասնավոր հատվածի բաժինը կազմել էր 25 տոկոս, ապա այժմՙ 70 տոկոս։ Նա նաեւ ընդգծել է, որ տնտեսական աճի բարձր տեմպը տնտեսական բարեփոխումների ծրագրի հետեւողական իրականացման, հատկապես հարկային բարեփոխումների արդյունք է։
Ելույթի վերջում Անուշավան Դանիելյանը նշել է.
¬ Այսպիսի ցուցանիշներով, թվում է, մենք պիտի հպարտանանք։ Միջազգային հանրությունը պետք է համոզվի, որ մենք ի վիճակի ենք ոչ միայն կարճ ժամանակահատվածում հաղթահարել հետպատերազմյան սինդրոմը, անցկացնել ազատ, արդար ընտրություններ, կառուցել ժողովրդավարական երկիր, պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը, այլեւ ունենալով չճանաչված պետության կարգավիճակ ու զրկված լինելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությունից, գտնվելով մեզ պարտադրված շրջափակման մեջ, արձանագրել տնտեսական աճի բարձր ցուցանիշներ, կառուցել պետություն, որտեղ ժողովուրդը պետք է ապրի արժանապատիվ կյանքով ու հպարտանա իր հայրենիքով։