«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԱՃՅՈՒՆԸ ԱՆԳԼԻԱ ՓՈԽԱԴՐՎԵՑ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՑ

Նոյեմբերի 20-ին Ստամբուլում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի եւ HSBC բանկի կենտրոնական վարչության դեմ կատարված ահաբեկչության զոհերի թիվը հասավ 30-ի։ Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, պայթյունների հետեւանքով զոհվածներն ահաբեկչության նպատակակետերին որեւէ առնչություն չունեցող պատահական անցորդներն էին, մեծ մասամբ մահմեդական թուրքեր։ Զոհվածների թվում էին նաեւ Ստամբուլում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Ռոջեր Շորթը եւ հյուպատոսության աշխատակցուհի Լիզա Հելուորթը։

Նոյեմբերի 27-ին ահաբեկչության անգլիացի զոհերի աճյունը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռով փոխադրվել է Անգլիա։ Այդ մասին տեղեկացնում են թուրքական հանրային հեռուստատեսությունը եւ «Զաման» ու «Միլիեթ» թերթերը։ Նրանց տեղեկություններով, զինվորական պատվո պահակախումբը Մեծ Բրիտանիայի հյուպատոսիՙ Անգլիայի դրոշով ծածկված դագաղը նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան վերցրել է Ստամբուլի թաղամասերից Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցուց, ուր ժամանակավորապես հանգրվանել էր Ռոջեր Շորթի աճյունը։ Օդանավակայանում անգլիացի զոհերի համար ամենայն հավանականությամբ հայ եկեղեցականները կատարել են հոգեհանգստյան պաշտոն, որից հետո թուրքական պահակախումբը նրանց դագաղներն ուսերի վրա ինքնաթիռ է փոխադրել։

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4