ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների կապերի հետագա ամրապնդման կոչ է արել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, որը նոյեմբերի 28-ին Վլադիկավկազում Հայ առաքելական եկեղեցու 160-ամյակի առթիվ ժամանել է Հյուսիսային Օսիա։
Ամենայն հայոց կաթողիկոսը ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտարարել է, որ «հայ-ռուսական կապերը դարերի պատմություն ունեն, եւ բոլոր ժամանակներում դրանք աչքի են ընկել հետեւողականությամբ եւ ամրությամբ»։ «Այդ պատճառով այսօր առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել մեր ժողովուրդներիՙ Կովկասի ժողովուրդների միասին ապրելու մեր հայրերի եւ պապերի ավանդույթները», ընդգծել է Վեհափառ հայրապետը։
Ինչ վերաբերում է Վլադիկավկազի հայոց եկեղեցուն, ապա Գարեգին Բ կաթողիկոսը նշել է, որ «160 տարվա ընթացքում տաճարը եւ ոչ մի օր չի փակել իր դռները հավատացյալների առջեւ, ինչը վկայում է բարեկամության եւ հարգանքի մասին, որ տածում են միմյանց հանդեպ Վլադիկավկազի տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչները»։
Նույն օրը Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Հյուսիսային Օսիայի նախագահ Ալեքսանդր Ձասոխովի հետ, իսկ հետո աղոթել հայկական եկեղեցում Կովկասի բոլոր ժողովուրդների բարեհաջողության համար։