«Աստված հայտնվում է այնտեղ, ուր տղամարդն ու կինը միանում են ինտիմ հարաբերություններով», հայտարարում է մունականների գաղափարաբանությունը։ Ազատ սեքսի գաղափարը քարոզվում է իբրեւ մեղավոր աշխարհից փրկության ճանապարհ ու մաքրագործում, աշխարհ, որի վերջը շուտով գալու է։ Մունականները տարին մի անգամ զանգվածային հարսանիքներ են կազմակերպում, որի բոլոր մասնակիցները խմում են 21 բաղադրանյութերից կազմված հատուկ գինի, որի մեջ նաեւ իրենց հիմնադիր Մունի արյունն ու սերմնահեղուկն են։ Հայաստանում գրանցված այս կազմակերպությունը, ցավոք, շատ է բազմացել։ Վերջերս նույնիսկ 600 պատգամավորի մասնակցությամբ համագումար հրավիրեցին։ Եթե կոպիտ հաշվարկ անենք ու ընդունենք, որ յուրաքանչյուր պատգամավոր ներկայացնում էր 4-5 աղանդավորի, ապա միայն սրանց թիվը անցնում է 2 տասնյակ հազարից։ Իսկ ընդհանրապես, դարձյալ մոտավոր հաշվարկներով, շուրջ 5 տասնյակ կրոնական կազմակերպություններում այսօր ներգրավված է Հայաստանի բնակչության պատկառելի քանակՙ 300 հազար մարդ։
Մաշկաբանության եւ սեռավարակաբանության կենտրոնի տվյալներով Հայաստանում սեռավարակ հիվանդությունների զարգացման նոր խթան են դարձել աղանդները։ Վերջին տարիներին ակտիվորեն հանրապետություն են թափանցել կրոնական կազմակերպություններ, որոնց գործունեությունը հիմնված է սեռական հարաբերությունների այլասերված գաղափարաբանության վրա։ Ծնողը երեխայի, երեխանՙ տատ ու պապի, քույրըՙ եղբոր հետ սրբապիղծ հարաբերությունները, բազմակողակցությունը բացատրվում են իբրեւ սեռական կյանքի ազատության դրսեւորում, որը բարձրյալի թույլտվության ու հովանավորության տակ է եւ առօրյա կյանքի բնական ու անբաժանելի մասը։
Հայաստանում որեւէ կառույց չկա, որը պիտի զբաղվեր ու զբաղվի աղանդների գործունեության այս տարատեսակով։ Ընդամենը 4 ամիս առաջ հիմնված Քայքայիչ պաշտամունքներից տուժած քաղաքացիների օգնության ու վերականգնողական կենտրոնը հասցրել է արեւերես հանել ապշեցուցիչ փաստեր ու իրողություններ, որոնք ուղղակի հարվածում են մեր ազգային կենսաձեւի հիմքերին։ Այսօրինակ կազմակերպությունների շարքում կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Ամարյանը մունականներից բացի նշում է սատանապաշտների, ռաջնեյշի, անսահման սիրո հովանավորի, ուրուսվատիի, սայենտալոգիայի աղանդները։ Վերջինը ամենաթարմ նորույթն է աղանդների տեսականու մեջ, եւ մեր հանրապետություն է ներխուժել Վրաստանից։ Առավել ցավալի փաստ է, որ դրանց հովանավորը վերջին տասնամյակում Հայաստանում բուն դրած «Ցանցային մարկետինգ» կոչեցյալ կառույցի ճյուղերն ենՙ հերբոլայֆը, դերմաջեսթիքը եւ այլն։ Ժամանակին դրանց դեմ մամուլի ու հասարակական կազմակերպությունների կողմից տարերային դիմադրության մի քանի փորձեր եղան, բայց քանի որ անհետեւողականություն ցուցաբերվեց, սրանց գործողությունների ոլորտներն ավելի ընդարձակ ու վտանգավոր դարձան։
Աղանդները անվրեպ աշխատող գործիքներ են դարձել նաեւ օտարերկրյա հատուկ ծառայությունների համար։ Հաստատվել է, որ ողջ աշխարհում ցանցեր հյուսած մունականները ակտիվորեն հաղորդակցվում են հարավկորեական հետախուզական ծառայությունների հետ։ Ամերիկայի Կոնգրեսում այս խնդիրը նույնիսկ լուրջ քննարկման նյութ է դարձել։
Որպես կանոն, աղանդները ընդհատակում ենՙ ունեն որեւէ բնակարան ու հավաքատեղի, ուր գաղտնի գործունեություն են ծավալում։ Հայ ընտանիքի բարոյական ողնաշարը այնքան դյուրաբեկ է, որ մեր մտածողության համար անթույլատրելի նորմը կարողացավ թափանցել մեր տան պատերից ներս ու ամրանալ Հայաստանում։
Նորաստեղծ վերականգնողական կենտրոնի տնօրեն Գայանե Հախվերդյանն ու փոխտնօրեն Ալեքսանդր Ամարյանը պատասխանում են «Ազգի» հարցերին։
- Ի՞նչն է մարդկանց տանում դեպի այլասերումը, կամավո՞ր են գնում այդ քայլին, թե ինչ-ինչ հատուկ մեխանիզմներ են կիրառվում։
Գայանե Հախվերդյան (Գ. Հ.)- Այդ բոլոր կազմակերպությունների գործողությունների հիմքում ընկած է շահույթի հետապնդումը, եւ միջոցների մեջ խտրություն չեն դնում իրենց գլխավոր նպատակին հասնելու համար։ Բնակչության մեծամասնությունը կարիքավոր է, եւ շատերի համար արդեն միեւնույնն է, թե ով է իրենց փող տվողը եւ ինչ է պահանջում փոխարենը։ Մենք շատ ենք հանդիպել մարդկանց, ովքեր, հայտնվելով այդ կազմակերպությունների մեջ, ոչ հավատում, ոչ էլ ընդունում են նրանց, պարզապես փողն է հրապուրում։ Եվ իհարկե, կան նաեւ մոլորյալներ, ովքեր մոլեռանդներ են դառնում։ Բարեբախտաբար, սրանց բազմությունը շատ ավելի փոքր է։
Ալեքսանդր Ամարյան (Ա. Ա.)- Եհովայի վկաները, օրինակ, մեկ մարդու իրենց կողմը քաշելու համար ստանում են 100 դոլար գումար։ Կախված «որսի» ֆինանսական վիճակից, նրան պարբերաբար օգնում են 5, 10, 15 հազար դրամով, «սեքնդ հենդ» հագուստ են տալիս։ Ընդ որում, աղանդի ներկայացուցիչները որոշակի գումարների նվիրաբերման աստիճանակարգ ունեն։ Հասարակ մարդկանց խաբում են շատ ավելի փոքր գումարներով, հասարակական սանդուղքին ավելի բարձր դիրք գրավողներին հրապուրելը թանկ է։
- Բայց եթե մարդկանց կարիքն է մղում դեպի այդ կազմակերպությունները, թող մերձենան այլ աղանդների եւ ոչ թե այլասերվածությանը։
Գ. Հ.- Ասենք, որ նույնիսկ այդպիսի ծեսեր ունեցող պաշտամունքների մեծամասնության համար այլասերումը գլխավոր նպատակ չէ, այլ միայն քարոզչության մի բաղադրամաս։ Եվ առաջինը դա չէ, որ ներկայացվում է հոգեորսության ժամանակ։ Հետո միայն, երբ անտեղյակ որսը հայտնվում է թակարդում, բացահայտվում է ամենը։ Բայց հաճախ եթե ցանկանա էլ, արդեն չի կարողանում դուրս պրծնել այնտեղից։ Իբրեւ ներգործության միջոց նոր հավատավորների նկատմամբ կիրառվում են հիպնոս, դեղամիջոցներ։ Արագածոտնի մարզից մեր օգնությանը դիմած մի կին (մենք մեր հասցեն եւ հեռախոսահամարները հրապարակել էինք մամուլում), սարսափահար եկել էր մեզ մոտ եւ պատմում էր, որ գիշերվա մի պահի, համայնքի հավաքներից մեկի ժամանակ արթնացել է եւ ականատես եղել խելահեղ օրգիայի։ Այդ տիկինը պատահաբար էր հայտնվել աղանդի մեջ, իբր տարել էին բուժման նպատակով։ Ամուսնուն այս մասին վախեցել էր պատմել եւ մեզ էր դիմել։ Այսպես կոչված բուժումը կիսատ թողնելովՙ հազիվ կարողացել էր փախչել այդտեղից։ Ավելի հաճախ մեզ դիմում են տուժած երիտասարդների ծնողները, երիտասարդներին ավելի հեշտ են գայթակղում։
- Դուք ասացիքՙ գիշերն էր արթնացել, ի՞նչ է, համայնքներո՞վ են գիշերում։
Ա. Ա.- Այո, շատ-շատերը։ Պաշտոնական վիճակագրությունն այսօր նշում է ամուսնալուծությունների մակարդակի աննախադեպ բարձրացում։ Ես համոզված եմ, որ դրդապատճառներից մեկը պիտի փնտրել նաեւ նրանց այսօրինակ անպատկառ գործունեության մեջ։ Մենք հասցրել ենք արձանագրել մի կարեւոր փաստ եւս. որպես կանոն, այդ աղանդների մեջ ներքաշում են բացառապես կամ կնոջը, կամ ամուսնուն։ Ավելի շատ նախընտրում են կանանց, եւ ոչ պատահաբար։ Ըստ սցենարի մեխանիզմի, հետագայում վարպետորեն օգտագործում են կանանց ու երեխաներինՙ մեր օրենքներով վերապահվող իրավունքները։ Այսինքն, եթե հաջողեց ընտանիքը քայքայել, կինը անչափահաս երեխայի հետ, բնակարանից իր բաժնեմասը ստանում է։ Հետո, ըստ ընդունված կարգի, վաճառում են բնակարանը, եւ գումարը ամբողջությամբ կամ մասամբ անցնում է համայնքին։ Իսկ բաժանվածը ապրում է համայնքի հարկի տակ։ Հիմա Երեւանի փողոցներում պատերի տակ հաճախ կարելի է տեսնել անչափահաս երեխան գրկին թափառաշրջիկ կանանց։ Նրանց մեծ մասը մայրաքաղաք է եկել մարզերից, եւ անկասկած շատերը տուն ու տեղից զրկվել են նշված պատճառների բերումով։
- Որտե՞ղ են ավելի ակտիվ գործում այսօրինակ պաշտամունքները, մայրաքաղաքո՞ւմ, թե՞ մարզերում։
Գ. Հ.- Ցավոք, մարզերում շատ ու շատ ավելի ակտիվ են, քան մայրաքաղաքում։ Մեր դիտարկումներով շատ են բազմացել Վարդենիսում, Ալավերդիում, հիմնականում աշխատում են բնավորվել հեռավոր մարզերում, ուր կենսամակարդակն ու վերահսկողությունը ավելի թույլ են։ Ղեկավար կենտրոնները, սակայն, Երեւանում են։
Ես վստահ եմ, որ այս ճանապարհով սեռական հիվանդություն վաստակածների թիվն անհամեմատ մեծ է մաշկաբանության կենտրոն դիմողների քանակից, պարզապես ոչ բոլորն են դիմում կամ բարձրաձայն խոստովանում։
Վերջերս դատական գործ էր հարուցվել այսպիսի պաշտամունքներից մեկի (ուրուսվատիի ղեկավարի), Գաջագործների 2-րդ փողոց, տուն 16 հասցեում բնակվող Սոնա Ֆահրադյանի նկատմամբ։ Այստեղ նա ապրել է տղայի, հարսի, աղջկա եւ երկու թոռնիկների հետ։ Հարսը երկու փոքրիկների հետ փախել է տնից։ Հետո երեխաներից մեկին իրենք փախցրել են, աղմուկ է բարձրացել, գործը հասել դատարան։ Այդ կինն իրեն անվանել է տիրամայր, ապրել «իմ դեմ խաղ չկա» մերօրյա սկզբունքով, քանի որ բավականին վստահելի տանիք է ունեցել։ Նրա գործունեությանը անդամագրվել ու մասնակից են եղել ներքին գործերի, պետավտոտեսչության ճանաչված պաշտոնյաներ (Գագիկ Ֆահրադյան, Մելիք Սողոմոնյան) եւ նույնիսկ նախկին մի պատգամավոր Վարդան Լալայան անունով։ Ինքըՙ տիկին Սոնան, ժամանակին աշխատել է ներքին գործերի բուժական համակարգումՙ իբրեւ հոգեթերապեւտ, բավականին կրթված կին է եւ գործում է, այսպես ասած, բարձր արժեքների անունից։ Իր հոտի ներկայացուցիչների համար Նարեկացի, «անձամբ» Ելենա Ռերիխի անունից տիեզերքից առաքված ուղերձներ է կարդացել եւ այլն։ Հիմա տիկին Սոնան անհետ կորել է, եւ դատավարությունն էլ ընդհատվել է։
Ա. Ա.- Փոքրիկի մայրըՙ Մարիա Նազարովա Զուրաբովնան, դատարանին տված ցուցմունքների ժամանակ պատմեց նաեւ մանրամասներ ծիսական արարողություններից։ Ծեսի մեղայական փուլից հետո բոլորը մտնում են մի անկողին եւ թե ինչ է կատարվում այդ ժամանակ, դժվար է պատկերացնել։ Երրորդ փուլը աղանդավորների հիպնոսն է։ Ունեն նաեւ պատժիչ մեխանիզմներ, օրինակ, քացախով հոգնաները։ Դա նշանակում է, որ մեղավոր մարմինը մաքրագործվել է կեղտերից։ Մեր տվյալներով, «տիրամայր» Սոնային հաջողվել է հավաքագրել 30-40 մարդու։
- Այդ աղանդները փաստորեն գիտեն ձեր կազմակերպության գոյության մասին, ինչպե՞ս են վերաբերվում։
Գ. Հ.¬ Դրանց անդամագրված պաշտոնյաներից մեկից (Գագիկ Ֆահրադյան) սպառնալիքներ ենք ստացել, փորձել է նույնիսկ կաշառել մեզ։ Իսկ ընդհանրապես այդ քայքայիչ պաշտամունքները, որոնք ինչ-որ կերպ մատնել են իրենց գոյությունը, ընդհատակ են անցել, սպասում են ջրերը խաղաղվելուն, որպեսզի նորից ջրի երես ելնեն։
- Ունեւորներին ի՞նչն է հրապուրում, որ հայտնվում են աղանդների մեջ։
Ա. Ա.¬ Դրանց մեծ մասը շատ հարուստ կազմակերպություններ են։ Հայտնի է, որ, օրինակ, Եհովայի վկաները միայն անցած տարի ծախսել են 72,4 մլն դոլար, մինչդեռ նրանց թիվը ողջ աշխարհում չի անցնում 6 մլն-ից։ Հարուստների ու պաշտոնյաների վրա ավելի շատ են աշխատում եւ ավելի շատ են վճարում նրանց։ Նրանք պետք են իրենց նաեւ իբրեւ տանիք ու հովանավոր, ինչպես պետավտոտեսչության ու ներքին գործերի հիշատակված պաշտոնյաները։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ