«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ, ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԳԻՏԱԿՑԵՆ

Թեպետ հաճախ հենց կանայք են միմյանց խանգարում

<200322002.jpg>

«Հայաստանում կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004¬ 2010 թթ. ազգային ծրագիրը» մեր կառավարությունը դեռեւս չի հաստատել, քանի որ մինչ այդ նախատեսված են լայն քննարկումներ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ԱԺ պատգամավորական խմբերի, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ այլոց մասնակցությամբ։ «Կանանց հանրապետական խորհրդի» նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ ծրագրի անդրանիկ քննարկումը, որին հրավիրվել էին 15 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, լրագրողներ։ Նրանցից շատերը, ինչպես ընդունված է մեզանում, ծրագրին առաջին անգամ ծանոթացան հենց քննարկման ընթացքում, ինչն էլ ենթադրում էր ոչ խորքային, ընդհանրական մոտեցումներ, առաջարկներ։ Դրանց մասին խոսելուց առաջ նախ տեսնենք, թե ինչ է վերոհիշյալ ազգային ծրագիրը, որը բաղկացած է 7 բաժիններից. կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովումը ընտանեկան, հասարակական եւ քաղաքական կյանքում, կանանց սոցիալ¬տնտեսական վիճակի բարելավում, կրթության ոլորտ, կանանց առողջական վիճակի բարելավում, կնոջ նկատմամբ բռնության վերացում, զանգվածային լրատվամիջոցների եւ մշակութային հաստատությունների դերը կանանց հիմնահարցերի լուսաբանման եւ կնոջ ընդօրինակելի կերպարի ձեւավորման ընթացքում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Ի դեպ, ծրագիրն ազգային է, բայց իրականացվելու է ոչ թե համահայկական, այլ միջազգային եւ հասարակական մի շարք կազմակերպությունների համագործակցությամբ։

Եվ այսպես, ի՞նչ էր առաջարկում «Կանանց հանրապետական խորհուրդը» ի դեմս նախագահ Նորա Հակոբյանի։ Նրա համոզմամբ, ծրագրի իրականացման գործում մեծ անելիք ունեն կուսակցական կանայք, որոնք համայնքների հետ ամենօրյա աշխատանքի միջոցով աստիճանաբար կհասնեն քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացմանը, այդ ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ մշակելով կրթական ծրագրեր ու դրանք դարձնելով կուսակցական ծրագրերի հիմնասյուները։

Իսկ սոցապահովության փոխնախարար Կարինե Հակոբյանը ներկայացրեց ծրագրի փորձագիտական վերլուծությունը, որից հետո կարծիքներով հանդես եկան քննարկմանը ներկա գրեթե բոլոր մասնակիցները։ Ոմանց կարծիքով կանանց հասարակական ցածր գիտակցության հիմքում ընկած է սոցիալ¬տնտեսական ծանր վիճակը, ըստ ոմանց էլՙ նրանց քաղաքական առաջընթացի առջեւ ամուր պատնեշ դնողները հիմնականում տղամարդիկ են, թեպետ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ կանայք տկար մտքով տղամարդկանց ավելի են գերադասում, քան ողջախոհ կանանց։

Անշուշտ, հնչեց նաեւ սուր քննադատություն քաղաքական դաշտում իրենց դիրքերից ամուր կառչած տղամարդկանց հասցեին, նրանց անտարբեր ու անսիրտ վերաբերմունքը համարելով երկրում առկա սոցիալ¬տնտեսական ծանր վիճակի պատճառներից մեկը։ Նրանք այսօր մանկապարտեզներ են վաճառում, պայմաններ չեն ստեղծում բազմազավակ ընտանիքների աճի համար, եւ ամենքիս աչքի առջեւ փլուզվում է հայ ընտանիքը, որը մեր ամենամեծ հպարտությունն է եղել։ Առաջարկվեց ստեղծել հասարակական վերահսկողության մեխանիզմներՙ հատկապես կրթական ու առողջապահական համակարգում ուժգնացող կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Պաշտոնյա բոլոր տղամարդկանց խորհուրդ տրվեց մեկ անգամ եւս կարդալ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը, հասկանալու համար կնոջ իրավունքները հայ ավանդական ընտանիքում։ Մեր իրականության մեջ վերջին տարիների քաղաքական տեղաշարժերը ցույց տվեցին, որ կանանց քաղաքականության մեջ ներգրավելու փորձեր եղան ոչ գիտակցաբար, այլ զուտ անձնական նկրտումներով։ Հենց այդ միտումով էլ Վանո Սիրադեղյանը ժամանակին քաղաքական կյանք մտցրեց իրեն այնքան նվիրված 8 կանանց։

Կարծիքները շատ էին, բազմաբնույթ, իսկ ծրագիրը ներկաների համոզմամբ կարիք ունի համակողմանի մշակման, որպեսզի չմնա որպես փաստաթուղթ, այլ գործնականորեն նպաստի կանանց հասարակական գիտակցության բարձրացմանըՙ ամուր, կրթված ու առողջ ընտանիք ու հասարակություն ունենալու համար։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4