ՓԱՐԻԶ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր գրիպի նոր ձեւի զանգվածային համաճարակի սպառնալիք Է երեւացել, հայտարարել են եվրոպացի եւ ամերիկացի գիտնականները, որոնք վերջին տարիներին հետեւում են այդ հիվանդության վիրուսի կերպափոխությանը։
Մենք այն կարծիքին ենք, որ համաճարակը ոչ միայն անխուսափելի է, այլեւ հնարավոր է, որ արդեն սկսվել է», այսօր եվրոպական հրատարակությունները մեջբերում են անում աշխարհի առաջատար վիրուսաբաններից մեկիՙ ամերիկյան Թենեսի նահանգի մանկական հիվանդանոցի պրոֆեսոր Ռոբերտ Ուեսբստերի հոդվածից։ Նա գրիպը համարել է «կենսաբանական մեծագույն սպառնալիք» մարդկության համար։
Գիտնականներն այդչափ տագնապալի հետեւություններ են արել գրիպի վիրուսի վերջին ձեւերի ուսումնասիրման հիման վրա։ Մաթեմատիկական մոդելները ցույց են տալիս, որ մոտ ժամանակներս կերպափոխակ վիրուսների (մուտանտ վիրուսների) տարածվելը կարող է հանգեցնել աննախադեպ համաճարակի։ Այժմ գիտնականները չեն բացառում, որ գրիպի նոր ձեւերի համաճարակներ կարող են սկսվել այս ձմռանը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։