Ուղիղ 6 տարի առաջ դեկտեմբերի 1-ին հայկական ավիափոխադրումների շուկայում հայտնվեց նոր անունՙ «Բրիտիշ էրուեյզը»։ Աշխարհում լայն ճանաչում ու բարի համբավ վայելող ավիաընկերությունը կարճ ժամանակում Հայաստանում եւս իր հաստատուն տեղը գտավ մրցակիցների շարքում։
Երեկ «Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում «Բրիտիշ մեդիտերանիըն էրուեյզ լիմիթեդ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոն Ավագյանն ընդունելություն էր կազմակերպելՙ նվիրված ընկերության 6-րդ տարեդարձին։ Արդեն ավանդույթ է դարձել, որ «Բրիտանական ավիաուղիները» հատուկ պատվոգրերով ամեն տարի պարգեւատրում է այն լավագույն գործակալություններին, որոնք ավելի լավ են աշխատել ավիաընկերության հետ։ Այս տարի որոշել է 6 տարբեր անվանակարգերով պարգեւատրել հայաստանյան մոտ 40 գործակալություններից 6-ին։
Երեկոն ողջույնի եւ երախտիքի խոսքով բացեց երեւանյան գրասենյակի տնօրեն Սիմոն Ավագյանը։ Տոնակատարության եւ պատվոգրերի հանձնման առիթով հատուկ Երեւան էին ժամանել «Բրիտիշ մեդիտերանիըն» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեզ Հեթերինգտոնը եւ վաճառքի ու մարկետինգի գլխավոր տնօրեն Ռիչարդ Քանը։ Պրն Հեթերինգտոնը, ողջունելով ներկաներին, նշեց. «Անցած 6 տարիների ընթացքում մենք բախտ ունեցանք զարգացնելու մեր համագործակցությունը եւ բարեկամական հարաբերություններ ստեղծել այն բոլոր գործակալությունների հետ, որ այսօր այստեղ ներկա են ու մեզ հետ նշում են մեր տոնը։ Առանց ձեր ջանքերի, մեր բիզնեսը չէր կարող հաջող բնույթ կրել»։ Պրն Հեթերինգտոնը նաեւ ընդգծեց, որ միայն այս տարվա ամռան տվյալներով, ավիատոմսերի վաճառքը Լոնդոնից Երեւան եւ հակառակ ուղղությամբ ավելացել է 1/4-ովՙ կազմելով 22 տոկոս աճ։ Ընկերության հիմնական խնդիրներից մեկն է զարգացնել իրենց բիզնեսը մեր երկրում գործող գործակալությունների միջոցովՙ ի նպաստ թե՛ ընկերության, թե՛ գործակալությունների։
Պարգեւատրումների 6 տարբեր անվանակարգեր շնորհվեցինՙ
Բացառիկ ներդրում ունենալու համար լավագույն գործակալ համարվեց «Սաբերատուր-Սեւանը»։ Վաճառքում լավագույն առաջընթաց հանդես բերելու համար լավագույնն է ճանաչվել «Սայդեն տրավլը»։ Լավագույն նոր գործակալ է ճանաչվել «Տատյանս թրավլը»։ Տարվա լավագույն գործակալ անվանակարգով կապույտ կնիքով պատվոգրին արժանացավ «Գլոբ թրավլը»։ Նույն անվանակարգի արծաթե կնիքով պատվոգիրը շնորհվեց «Արմենիա թրավլ+Մ»-ին։ Տարվա լավագույն գործակալ ոսկյա կնիքով պատվոգիրը շնորհվեց «Լեւոն թրավլին»։
Մինչեւ ուշ երեկո ներկաները տոնում եւ շնորհավորում էին միմյանց ու նոր աշխատանքային առաջարկներ անում։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ