«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


ԳՅՈՒՄՐԻ. «ԱՆԻ» ԹԱՂԱՄԱՍԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է

Իսկ Շիրակում արդեն ձմեռ է

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նոյեմբերի 27-ին հանդիպելով տեղի հեռուստալրագրողներին, տեղեկացրել է, որ նախօրյակին հանրապետական բարձր մակարդակներում ի վերջո քննարկվել է քաղաքի «Անի» թաղամասի ջեռուցման հարցըՙ որեւէ լուծում գտնելու նպատակով։ Ըստ ամենայնի, քննարկվել են խնդրի լուծման երեք տարբերակներՙ Մայիսյանի ջերմակենտրոնի միջոցով նախկինի նման կենտրոնացված ջեռուցում, լոկալ եւ անհատական ջեռուցում։ Վերջինի դեպքումՙ թաղամասի շենքերի գազաֆիկացման միջոցով։ Թե այդ տարբերակներից որը կկիրառվիՙ քաղաքապետն իր հեռուստաելույթում առայժմ չորոշակիացրեց, միայն նշեց, որ «Հայռուսգազարդի» հետ բանակցություններ են ընթանում, եւ խնդիրը կլուծվի։

Իսկ մինչ այդ Շիրակի ձմեռն արդեն եկել է։ Ճիշտ էՙ վերջին օրերին եղանակը բավական բարեհաճ է գյումրեցիների նկատմամբ, սակայն քաղաքի առայժմ միակ ջեռուցվող թաղամասի բնակիչները, որոնք ապրում են պաղ բետոնե շենքերում, բողոքում են, որ բնակարաններում արդեն իսկ հնարավոր չէ դիմանալ ցրտին։ Թաղամասում ձմռանն ինքնուրույն չնախապատրաստված դպրոցներում եւս բարվոք չէ վիճակը, շատ են հիվանդության պատճառով աշակերտների բացակայությունները։ Աստված մի արասցե, եթե այս պայմաններում վրա հասնեն այստեղի իսկական սառնամանիքները։

Որ ջեռուցման հարցը ժամանակին չի լուծվել, հիմնական պատճառն, անշուշտ, բաժանորդների վատ վճարումներն են, տարիների ընթացքում կուտակված մեծ պարտքերը ջերմամատակարարներին, վերջիններիս կողմից էլՙ էներգետիկներին։ Սակայն ամեն անգամ ձմռան շեմին իշխանությունների առջեւ կանգնում է նաեւ չջեռուցելու հնարավոր հետեւանքների սարսափելի ուրվականը, եւ ինչ-ինչ լուծումներ ժամանակավորապես գտնվում են։ Մինչդեռ այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ խնդիրը արմատական ու վերջնական լուծում է պահանջում։ Քաղաքապետի խոսքից կարելի էր հասկանալ, որ այս տարի անհավանական է կամ քիչ հավանական է կենտրոնացված ջեռուցման տարբերակը։ Մինչդեռ լոկալ կամ, առավել եւս, անհատական ջեռուցման անցնելու համար, որոնցից գոնե երկրորդը հսկայածավալ աշխատանք է պահանջում, ժամանակը բաց է թողնված։ Հանաք բան չէՙ 6,5 հազար բնակարանանոց թաղամասը զրոյից սկսել գազաֆիկացնել եւ հասցնել, որ ձմեռը չանցնի։ Էլ չենք ասում, որ դեռ հարց է, թե հիմնականում անապահով խավերով բնակեցված թաղամասի ընտանիքների քանի տոկոսը կկարողանա այս պահին միջոցներ գտնել նման ծախսեր վճարելու համար։ Ուստի որքան էլ որ ինչ-ինչ առումներով դժվար լինի, արդեն ձմռան փաստի առաջ կանգնելուց հետո գործնական առումով միակ իրատեսականն այնուամենայնիվ թվում է այս տարի եւս կենտրոնացված ջեռուցման համակարգի գործարկումը։ Իհարկեՙ միաժամանակ ապահովելով բնակիչ-բաժանորդների վճարումները։ Իսկ հաջորդ տարվա համար մեկ այլ տարբերակի նախապատրաստումը կարելի կլինի սկսել այժմվանից։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4