«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


6.072.557 ԱՄՆ ԴՈԼԱՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՒՄ ԱՐՑԱԽԻ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մեկական միլիոն Լուիզ Սիմոն-Մանուկյանից եւ Ալբեր Բոյաջյանից

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ընդհանուր երկարությունը 170 կիլոմետր է։ 44 կմ արդեն կառուցված է, 26 կմ այժմ կառուցվում է։ Մայրուղին ամբողջացնելու համար պետք է կառուցել եւս 100 կմ։ Մեկ մետրի արժեքը 150 դոլար է, այսինքնՙ աշխատանքներն ամբողջացնելու համար հարկավոր էր եւս 15 մլն ԱՄՆ դոլար։

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնը։ Երեւանի ժամանակով 20.00-08.00 տեւած հեռուստամարաթոնի ընթացքում ողջ աշխարհում սփռված հայությունն ավելի քան 6 մլն դոլար նվիրատվություն կատարեց Արցախի Մարտակերտ-Հադրութ ճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտելու համար։ Սա 18%-ով ավելի է նախորդ տարվա մարաթոնի ցուցանիշից։

12 ժամ տեւած հեռուստամարաթոնը հայաշատ Գլենդեյլի կայանից հեռարձակվեց ողջ աշխարհում։ Հեռուստամարաթոնին մասնակցելու էին մեկնել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, մասնակցում էին նաեւ Կալիֆոռնիայում հայտնի ազգային գործիչներ, բարերարներ, հոգեւորականներ։

Երբ մարաթոնի մեկնարկից անցել էր մի քանի ժամ, ԼՂՀ նախագահն ասաց. «Մեր սպասելիքները մի քիչ ավելի համեստ էին։ Հույս ունեմ, որ այս տարի մենք ճանապարհի մեջքը կկոտրենք եւ կհավաքենք այն գումարը, որը լուրջ հիմք կստեղծի ապագայի համար»։

Ստեփանակերտից դեպի Մարտակերտ կամ Մարտունի տանող միակ ճանապարհը նախկինում անցնում էր Աղդամ քաղաքով, իսկ Ստեփանակերտից դեպի Հադրութՙ Աղդամով եւ Ֆիզուլու շրջանով։ 1994-ինՙ հրադադարի հաստատումից անմիջապես հետո, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը սկսեց անկախ ենթակառուցվածքների եւ հաղորդակցության ուղիների ստեղծումը, նորացումն ու զարգացումը։

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին միանալով «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհին, կապահովի Լեռնային Ղարաբաղի շրջանների եւ Հայաստանի անմիջական կապը։ Այն անցնում է ԼՂՀ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի շրջանների քսանից ավելի բնակավայրերով։ 8-10 կիլոմետր հեռավորություն ունի ավելի քան 100 բնակավայրերից։ Ավտոմայրուղու կառուցված հատվածներում հնարավոր է ընթանալ միջինը 80 կմ/ժամ արագությամբ։ Եթե մայրուղին ամբողջությամբ կառուցվի, Մարտակերտից Հադրութ հնարավոր կլինի հասնել մոտ երկու ժամում։

Ավտոմայրուղու կառուցված եւ դեռ չկառուցված հատվածներում վերականգնվում եւ ստեղծվում են արտադրական ձեռնարկություններ, հյուրանոցներ, զգալիորեն աճել է զբոսաշրջիկների թիվը։

Հայաստանյան նվիրատվություններից ամենից մեծը «Քաջարան» պղնձամոլիբդենային կոմբինատինն էՙ 50.000.000 դրամ, արցախյանիցՙ «Ղարաբաղ-տելեկոմ» ընկերությանըՙ 5.000.000 դրամ։

«Խորհրդանշական է, որ այս թելեթոնին մասնակցել է 55.000 արցախցի, - իր խոսքում ասաց ԼՂՀ նախագահը։ - Այսօր Արցախում 2.5 անգամ ավելի շատ հայ է գալիս բնակվելու, քան մեկնում է Արցախից։ Դա նշանակում է, որ մեզ հաջողվում է մեր ժողովրդի համար արժանապատիվ կյանք ստեղծել։ Եթե պատերազմի տարիներին մենք փակել էինք սահմանները, եւ մինչեւ 50 տարեկան ոչ մի արցախցի իրավունք չուներ դուրս գալու Արցախի սահմանից, այսօր մենք բոլորս հասկանում ենք, որ նույն մեթոդներով հնարավոր չէ հայությանը պահել Արցախում, այսօր մենք պետք է պայմաններ ստեղծենք։ Այստեղ, իհարկե, սփյուռքի դերը շատ մեծ է»։

Հեռուստամարաթոնին խոշոր նվիրատվություններ են կատարել Լուիզ Սիմոն Մանուկյանը (1.000.000 ԱՄՆ դոլար), Ալբեր Բոյաջյանը (1.000.000 ԱՄՆ դոլար), Ջերարդ Քաֆեսջյանը (500.000 ԱՄՆ դոլար), Արա Աբրահամյանը (200.000 ԱՄՆ դոլար)։

Հեռուստամարաթոնի ընթացքում Ալբեր Բոյաջյանը կոչ էր անում բոլոր սփյուռքահայերինՙ նվիրատվություններ կատարել մայրուղու շինարարության համար եւ բոլորին ապացուցել, որ նրանք կանգնած են Հայաստանի եւ Արցախի թիկունքին։ «Զարմանք կպատճառե ինձի, որ մենք ունինք այստեղ ահագին բժիշկներ, ահագին փաստաբաններ, ճարտարապետներ, որոնց այսօր չեմ տեսեր։ Ինչո՞ւ արդյոք։ Այն բժիշկները, որ գացեր են Հայաստան, ավարտեր են հոն, եկած են այստեղ եւ հայերը կբուժեն, ինչո՞ւ այդ դրամին մեկ մասը չեն հանձներ աս ծրագրին համար։ Ասիկա բոլորիս պարտականությունն է»։ Նա կոչ արեց ԱՄՆ-ում ժամը 1500 դոլար ստացողներին 2 շաբաթվա «չնչին» գումարն այս գործին դնել։

Նոյեմբերի 13-ից 16-ը Ֆրանսիայի հայկական հիմնադրամը նույն նպատակով ֆոնեթոն էր հայտարարել։ Ստացվեց 900.000 ԱՄՆ դոլար նվիրատվության խոստում, որն 2002 թ.-ի տվյալների համեմատ աճեց 9%-ով։

Երեկ առավոտից «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստացվում էին խոստացված գումարները։ «Շատ երեխաներ, երիտասարդներ էին զանգահարում։ Խոստանում էին 5.000 դրամ, 10.000 դրամ։ Զարմանալի էր, գիշերվա 12-ից հետո մի քանի 16-17 տարեկան տղաներ եկան եւ 10.000-ական դրամ տվեցին», պատմում էին հիմնադրամի աշխատակիցները։

«Հայերը վերադառնալու են Արցախ եւ շենացնելու են մեր հայրենիքը, - ասաց Արկադի Ղուկասյանը։- Համոզված եմ, որ հաղթած ժողովուրդն իրավունք չունի վատ ապրելու։ Եթե կարողացել ենք հաղթել մեզ պարտադրված պատերազմում, շատ մեծ հաջողություններ ենք ունենալու տնտեսական պատերազմում»։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4