ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հօգուտ Ադրբեջանի լրտեսության մեջ մեղադրվող ՀՀ 4 այլազգի քաղաքացիներին պետք է հանցավոր ճանաչել եւ դատապարտել 11-15 տարվա ազատազրկման։ Նման միջնորդությամբ հանդես եկան մեղադրողներ Արամ Ամիրզադյանը եւ Գեւորգ Երեմյանը, նոյեմբերի 28-ին հրապարակելով մեղադրական ճառը։ Մեղադրողները պնդեցին մեղադրանքի ամբողջ ծավալը։
Մեղադրող կողմը նախաքննությամբ եւ 8 ամիս տեւած դատաքննությամբ լիովին հիմնավորված եւ ապացուցված համարեց ամբաստանյալ Նինա Շիլինայի դեմ ներկայացված մեղադրանքը լրտեսության եւ Երեւանի «Էրեբունի» հյուրանոցում 1993 թ. մայիսին դիվերսիայի հանցափորձ կատարելու մասին։ Գործով ապացույցներ են ձեռք բերված, որ Շիլինային հավաքագրել են ադրբեջանական հատուկ ծառայությունները, ստացել եւ կատարել նրանց հանձնարարությունները, նրա միջոցով հավաքագրվել են նաեւ նրա ամուսին Էդգար Ֆիլկովը, տագրըՙ Ալեքսանդր Գասպարյանը, ամուսնու զարմուհինՙ Իվետա Ֆիլկովան։ Ապացուցված է նաեւ դիվերսիայի հանցափորձին Շիլինայի մասնակցությունը։ Ըստ գործի տվյալների, դիվերսիան չի իրականացել Շիլինայի եւ նրա «գործընկեր», ինքնությունը չպարզված ոմն Ռաֆիկի կամքից անկախ պատճառներով։
Մեղադրող կողմը միջնորդեց Շիլինային դատապարտել 15, Ֆիլկովինՙ 13, իսկ Գասպարյանին եւ Ֆիլկովայինՙ 11-ական տարվա ազատազրկման։
Մեղադրող կողմը ապացուցված համարեց նաեւ պետական գաղտնիք հրապարակելուՙ ամբաստանյալ Արթուր Օգանեզովին ներկայացված մեղադրանքը, միջնորդելով նրան դատապարտել 2 տարվա ազատազրկման։