Քանի դեռ վիրահայության նկատմամբ խտրականությանը վերջ չի դրվել, այդ հարաբերությունները չեն կարող լինել բարեկամական
Երեւանում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իր երկրի «նոր ղեկավարներըՙ Նինո Բուրջանաձեն, Միխայիլ Սաակաշվիլին եւ Զուրաբ Ժվանիան պատրաստ են զարգացնել եւ ամրապնդել հայ-վրացական բարեկամական հարաբերությունները»։
Թբիլիսիի նոր իշխանությունները ցանկություն են հայտնել բարեկամական հարաբերությունները զարգացնել նաեւ Ադրբեջանի հետ։ Ժվանիան Բաքվի «Լիդեր» հեռուստաընկերությանն ասել է. «Մենք ունեցել ենք ընդհանուր շատ խնդիրներ եւ ողբերգություններ։ Կարող եմ ասել, որ Վրաստանը չի կարող ունենալ ավելի մոտ պետություն, քան Ադրբեջանն է»։
Վրաստանում էթնիկ հայերի եւ ադրբեջանցիների թիվը մոտ 550 հազար է կամ բնակչության ավելի քան 12 տոկոսը։ Նախկին նախագահներ Գամսախուրդիայի եւ Շեւարդնաձեի օրոք հայերի եւ ադրբեջանցիների նկատմամբ պետականորեն կիրառվել են խտրականության գրեթե նույն մեթոդները։
Գամսախուրդիայի ժամանակ Դմանիսի շրջանից քշվեցին 800 ադրբեջանցի ընտանիքներ։ Ջավախահայերը թույլ չտվեցին, որ նույնը կատարվի իրենց հետ. նախագահության մեկ տարվա ընթացքում Գամսախուրդիան Ջավախքում նշանակեց չորս պրեֆեկտներ, որոնցից եւ ոչ մեկը չկարողացավ մտնել Ախալքալաք։
Շեւարդնաձեն, ի տարբերություն Գամսախուրդիայի, փոխեց ազգային փոքրամասնությունների հանդեպ մինչ այդ կիրառվող բիրտ քաղաքականությունը, սակայն նրանց սոցիալ-տնտեսական հարցերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը պատճառ դարձավ, որ Վրաստանում հույն բնակչության թիվը պակասի մոտ 7 անգամ, ռուսներինըՙ 5 անգամ։ Հայության թիվը Շեւարդնաձեի իշխանության տարիներին պակասեց մոտ 100 հազարով։
Թբիլիսիում լույս տեսնող «Կովկասյան ակցենտ» թերթը նոյեմբերի 15-ի համարում մեջբերում է հիմնական այն 10 փաստարկները, որոնք վիրահայությանը խոչընդոտում են իրենց զգալու որպես Վրաստանի լիիրավ քաղաքացիներ։ Դրանք են. Վրաստանի իշխանությունները խրախուսում են հայ բնակչության արտագաղթը, բռնի կերպով ձուլում (հայերի վրացացում), անուշադրության մատնում հայերի կենցաղային խնդիրները, վրացական դարձնում Վրաստանի հայկական հուշարձանները, ոտնահարում հայերի իրավունքները, վրացական բանակում հայ զինծառայողներին ստորացնում են, վարում կադրային խտրական քաղաքականություն եւ այլն։
Վերոնշյալ խնդիրներին են առնչվում նաեւ էթնիկ ադրբեջանցիները։ Այստեղ անհրաժեշտ է նկատել, որ Վրաստանում ազգային խնդիրը ոչ թե վրացիների եւ հայերի կամ վրացիների եւ ադրբեջանցիների միջեւ է, այլՙ վրացիների եւ ոչ վրացիների։
Նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, որոնց արդյունքներն արդեն չեղյալ են հայտարարվել, Վրաստանի ադրբեջանցիներն ու հայերը հիմնականում քվեարկեցին Շեւարդնաձեի աջակցությունը վայելող դաշինքի օգտին, այսինքնՙ այն քաղաքականության օգտին, ինչն առաջին հերթին չէր բխում նրանց շահերից։
Վրաստանում հայտնի քաղաքագետ Գիա Նոդիան «Ազգի» հետ զրույցում դա բացատրում է նրանով, որ հայերն ու ադրբեջանցիները տեղեկատվական վակուումի մեջ են եւ հեռուստաէկրանից ավելի լավ գիտեն Շեւարդնաձեին, քան ընդդիմությանը։
«Այլ պատճառներ էլ կան։ Օրինակ, էթնիկ փոքրամասնությունները հիշում են Գամսախուրդիայի կոշտ քաղաքականությունը եւ մտահոգ են, որ Շեւարդնաձեից հետո կարող է շարունակվել Գամսախուրդիայի քաղաքականությունը։ Պետք է նշել նաեւ, որ այն տեղերում, որտեղ էթնիկ փոքրամասնությունները կազմում են մեծամասնություն, կեղծելու հնարավորություններն ավելի լայն են», ասաց Նոդիան։
Մյուս կողմից, նշում է Նոդիան, առաջին անգամ վրացական ընդդիմությունն էթնիկ փոքրամասնությունների քվեներն ստանալու պայքար մղեց նոյեմբերի 2-ին։
Գերազանցապես հայաբնակ Նինոծմինդայում, Ախալքալաքում եւ Ծալկայում Շեւարդնաձեի դաշինքն ստացավ ձայների մոտ 70 տոկոսը, մինչդեռ Թբիլիսիի հայության մեծ մասը քվեարկեց ընդդիմությանՙ Սաակաշվիլու կամ Բուրջանաձե-Ժվանիա զույգի օգտին։
Վիրահայությունը խորհրդարանական ընտրություններում պատշաճ կարգով չէր ներկայացել։ Այսպես, կառավարամետ դաշինքի ցուցակում հայերին տվել էին չանցնող տեղեր, նույնը կարելի է ասել «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքի մասին, իսկ Սաակաշվիլին ընդհանրապես որեւէ հայի չընդգրկեց իր կուսակցական ցուցակում։
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրթյանն ասում է, որ Շեւարդնաձեն տեղյակ չէր կառավարամետ դաշինքի ցուցակում ազգային- փոքրամասնությունների տեղերի մասին, եւ սա ոչ թե Շեւարդնաձեի, այլ այն մարդկանց մեղքով եղավ, ովքեր պատասխանատու էին ցուցակում այլազգիների տեղերի հարցով։
«Որոշ կուսակցություններ վախեցան հայերին ընդգրկել իրենց ցուցակներում, որպեսզի իրենց չմեղադրեն հայամետության մեջ, եթե ոչ ավելի։ Վրացական մամուլը Սաակաշվիլուն այնքան էր հայ համարում, որպեսզի վրացի ընտրողին պոկեն նրանիցՙ հային ինչո՞ւ ձայն տալ», ասաց Բայբուրթյանը։
Բայբուրթյանը հիշեց երկու դեպք, երբ Սաակաշվիլին զանգահարել եւ շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ Մի քանի տարի առաջ Շեւարդնաձեի թիմակիցներից ծայրահեղ ազգայնական Գուրամ Շարաձեն խորհրդարանի ամբիոնից մեղադրել է Սաակաշվիլուն հայկական ծագում ունենալու եւ հայկական լոբբիի հետ համագործակցելու մեջ։ Ապաՙ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, երբ Բոլնիս էր մեկնել Սաակաշվիլին, տեղի շրջանային վարչակազմի ղեկավար Ջափարիձեն Վրաստանի ամենահավանական նախագահին դիմել էր «Դո՛ւ, հայի մեկը» կոպիտ արտահայտությամբ։ Բայբուրթյանը հրապարակավ պահանջեց Ջափարիձեի հրաժարականը, ինչի պատճառով պատժվեց եւ չընդգրկվեց կառավարամետ դաշինքի ցուցակում։
Քանի դեռ Վրաստանում հայերի հանդեպ տարվում է խտրական քաղաքականություն, հայ-վրացական հարաբերությունները չեն կարող լինել բարեկամական։
ԱՄՆ-ի եւ հայտնի միլիոնատեր Ջորջ Սորոսի ֆինանսական աջակցությամբ Էդ. Շեւարդնաձեին իշխանությունից հեռացրած Սաակաշվիլի-Ժվանիա-Բուրջանաձե եռյակի հայտարարություններում ընդգծվում է հայ-վրացական հարաբերությունների առաջնահերթությունը։ Միայն ժամանակը ցույց կտա, թե Վրաստանի նոր իշխանությունները որքան են հետեւողական իրենց խոստումներում։
Չպետք է մոռանալ, որ հեղափոխական եռյակը ժամանակին պաշտպանել է Շեւարդնաձեի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը։ Ժվանիան 1995-2001 թթ. եղել է խորհրդարանի նախագահը, բայց միայն վերջին երկու տարիներին, երբ ընդդիմադիր էր Շեւարդնաձեի կառավարությանը, սկսեց Եվրախորհրդում գանգատվել, թե Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են։ Միայն 2001 թ.-ից հետո՞ են ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում, իսկ 1995-2001 թթ. չէի՞ն ոտնահարվում։
Վրաց ուղղափառ եկեղեցու լուռ համաձայնությամբ Վրաստանում սկիզբ դրվեց «կրոնական ահաբեկչության», երբ Շեւարդնաձեի համախոհ, ծայրահեղ ազգայնական Շարաձեի ու վրաց եկեղեցու կողմից կարգալույծ հայր Բասիլ Մկալավիշվիլու գլխավորած ամբոխը հարձակումներ էր գործում ոչ վրացական եկեղեցիների հավատացյալների վրա։ Թբիլիսիի որոշ հայկական եւ հունական եկեղեցիներ վերածվեցին վրացականի, կաթոլիկների եւ բողոքականների դեմ հարձակումները տեղի էին ունենում նաեւ այն ժամանակ, երբ Ժվանիան խորհրդարանի նախագահն էր, իսկ Սաակաշվիլինՙ արդարադատության նախարարը։ Այն ժամանակ այս «երկրորդ բարեփոխիչները» հրապարակավ երբեք չէին դատապարտում «կրոնական ահաբեկչությունը»։
Սաակաշվիլին, Ժվանիան եւ Բուրջանաձեն դատապարտում էին վրաց որոշ քաղաքական, պետական գործիչների հակահայկական հայտարարությունները, երբ իրենց հասցեին հնչող անձնական վիրավորանք էին տեսնում դրանց մեջ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ