Բողոքում են զոհված ազատամարտիկների հարազատները
ԱԺ հերթական առօրյան երեկ նշանավորվեց արտակարգ իրողությամբ։ Լրագրողները մոտ 1 ժամ ուշացումով մտան նիստերի դահլիճ, որովհետեւ ԱԺ մուտքը շրջափակել էր մարդկանց խուռն բազմությունը։ Նրանք ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատներն էին, նաեւ խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերը։ Արդեն 4 եռօրյա այսպես հավաքվում են մուտքի մոտՙ հուսալով հանդիպել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին։ Նրանք պահանջում են բարձրացնել թոշակները, մարդավայել ապրելու հնարավորություններ ընձեռել իրենց։ Նրանք համոզված են, որ իրենց զոհված ամուսիններն ու զավակներն են այս երկիրը դարձրել անկախ զարգացման ճանապարհին, եւ պետությունն իրենցն է, ոչ թե պաշտոնյաներինը։ Հետաքրքրական է, որ մի կին անզուսպ զայրույթի պահին հայհոյում էր նաեւ «լոտոներին», գոռալով, թե. «ամեն դեպուտատ ինքն էլ մի լոտո է»։ Երեկ, հավանաբար, մարդկանց համբերությունը սպառվել էր։ Լարվածությունը մի պահ շիկացավ այնքան, որ կանանցից մեկը նույնիսկ հարվածեց ոստիկանին։ Հասարակական կարգի պահապանները պարտաճանաչորեն հրելով ու հրմշտելով նրանց, հետ էին պահում մուտքի դռներից։ Իսկ ժողովրդի ընտրյալներն այդպես էլ չէին երեւում։
Կեսօրից հետո, ընդմիջման ժամին, վերջապես ցուցարարների 6 հոգանոց խմբին ընդունեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը։ Հայտնի չէ, թե ինչպիսի խոսք ու զրույց կայացավ նրանց միջեւ, բայց հանդիպումից հետո ցուցարարները խաղաղված հեռացան։
Կ. Դ.