ՍՏԱՎՐՈՊՈԼ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շաբաթ օրը Պյատիգորսկի Սբ Սարգիս հայկական եկեղեցու օծումով ավարտել է ուղեւորությունը Ստավրոպոլի երկրամաս։ Նա ասել է, որ Սբ Սարգիսը, որի հիշատակը կապված է Կովկասում քրիստոնեության տարածման հետ, հոգիները հաղորդակից է դարձնում մտածումների մաքրությանը, բոլոր կարիքավորներինՙ լինի նա ուղղափառ, մահմեդական կամ այլ կրոնի հավատացյալ, օգնություն ցույց տալուն։
Կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Ստավրոպոլի եւ Վլադիկավկազի եպիսկոպոս Ֆեոֆանի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանի հրատապ խնդիրների լուծմանը Ռուս ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների մասնակցության հնարավորությունները։
Վեհափառ հայրապետը Պյատիգորսկում այցելել է հայոց լեզվի եւ ազգային մշակույթի ուսումնասիրման դպրոց։