«Հայկական տարազը Ժամանակակից գույներով» շաբաթ օրվա մեր հրապարակման մեջ («Ազգ», 29 նոյեմբերի, 2003 թ.) պատմել էինք ջավախքցի Լիլիթ Ավետիսյանի մասին, որն իր կարպետագործ զգեստների հավաքածուով մասնակցել էր «Ակադեմիա» պատկերասրահում նոյեմբերի 23¬30¬ը կայացած նորաձեւության շաբաթին։ Եվ ահա, երեկ երեկոյան սոսկալի լուր ստացանք, որ կիրակի օրը, նորաձեւության շաբաթի փակման երեկոյից տուն վերադարձած Լիլիթը սպանվել է Երեւանում բնակվող մոր տան հենց դռան առաջ (16¬րդ թաղամաս, 28 շենք, բն. 18)։ Բոլոր մասնակիցների պես նա եւս ներկայացրել էր մեկ մոդել իր հավաքածուից եւ արժանացել վկայականի, քանի որ դրամական կամ այլ մրցանակաբաշխություն չէր եղել։ Միջոցառումից հետո հովանավորներն ու կազմակերպիչները բոլորին հրավիրել են «Աստրալ» դիսկոտեկ ուրախանալու, որտեղից Լիլիթը ընկերուհիների եւ ծանոթ տղաների ուղեկցությամբ դուրս է եկել երեկոյան ժամը 23-ին եւ 27 երթուղային տաքսիով կես ժամ անց հասել շենքի մոտ։ Թե ո՞ւմ ուղեկցությամբ է Լիլիթը վերելակով բարձրացել, առայժմ հայտնի չէ։ Մայրը աղջկա բղավոցից բացել է դուռը եւ տեսել նրան երեսնիվայր դռանը հենված։ Սկզբում կարծել է, թե ուշագնաց է եղել, սակայն շտապ օգնության բժիշկները աղջկա մեջքին հայտնաբերել են հրազենի փամփուշտի վնասվածք։ Նրա վրա բռնության որեւէ հետք չի եղել։ Հիվանդանոց տեղափոխելիս Լիլիթը մահացել է։ Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն։
Հայտնի է միայն, որ չարագործի ձեռքը խլեց լուսավոր աղջնակի կյանքը, որն այնքան էր երազում ազգային ինքնատիպ նորաձեւություն ստեղծել։ Հպարտ էր, որ տատիկի ու պապիկի հետ ապրում էր Ջավախքում ու որոշել էր մշտապես այնտեղ հաստատվել։
Ռ. Պ.