Լիբանանյան հյուրախաղերից վերադարձել է Երեւանի մնջախաղի թատրոնը։ Նոյեմբերի 16-19-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային միության նախաձեռնությամբ եւ Լիբանանյան ամերիկյան համալսարանի գործակցությամբ իրականացված հյուրախաղերի ժամանակ ներկայացվեցին թատրոնի լավագույն 4 ներկայացումներըՙ «Խաղը», «Արթմնի երազը», «Թռիչքը» եւ, իհարկե, Շարլ Բոդլերի պոեզիայի մոտիվներով ստեղծված «Չարի ծաղիկները»։ Մեզ հասած մամուլի առաջին արձագանքներն իսկապես շոյիչ են ամեն մի թատրոնի համար։ Ինչպես նշված էր «Անդրանիկ» մշակութային միության պատրաստած ազդագրում, Լիբանանյան ամերիկյան համալսարանի «Գյուլբենկյան» սրահում ելույթ էր ունենում «համաշխարհային ճանաչում վայելող» թատերախումբ։ Եվ սա բնավ չափազանցություն չէ։
1972 թվականին հիմնադրված մնջախաղի թատրոնն իսկապես համաշխարհային ճանաչման է արժանացել, որի վերջին վկայությունը երկու տարի առաջ Երեւանում կազմակերպված միջազգային փառատոնն էր։
¬ Այսօր մենք շատ ու շատ հրավերներ ունենք աշխարհի ամենատարբեր երկրներից, մեր զրույցի ժամանակ ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։ Սակայն ինչպես հաճախ նկատելի է մեր իրականությունումՙ ֆինանսական միջոցները չեն բավականացնում։ Շնորհակալությունս եմ հայտնում այս հյուրախաղերի կազմակերպիչներին եւ հովանավորներին, ովքեր հնարավորություն տվեցին հայ մշակույթի մաս կազմող մեր արվեստը ներկայացնել ոչ միայն մեր հայրենակիցներին, այլեւ օտարազգիներին։
Սփյուռքահայությունը, մասնավորապեսՙ լիբանանահայությունը, լավ ծանոթ չէր այս թատրոնին։ Սակայն տեսաերիզներից արդեն որոշակի կարծիք ստեղծվել էր։ Եվ, ահա, ներկայացումներից հետո շքեղ մեկնաբանություններ տպագրեցին ոչ միայն հայատառ, այլեւ անգլիատառ, արաբատառ, ֆրանսատառ թերթերը, հանդեսները։
«Ցավի ծաղիկները» ոչ թե ցավ է պատճառում, այլ երազային ու ցնորական իրավիճակներ է ստեղծում մեզ համար»։ «Մեզ հիացնում են հայ արտիստները, նրանց վարպետությունն ու հասունությունը։ Զարմանալի թատրոն է»։ «Ճիշտ է, մնջախաղը թարգմանության կարիք չունի, սակայն այս հյուրախաղերին եկած երեւանցի արտիստները ապացուցում են, որ Երեւանը լուրջ թատրոնի քաղաք է»։
... Սրանք հատվածներ են օտարալեզու հրապարակումներից։ Շատ ավելի ջերմ են հայերեն հանդեսների ու թերթերի հրապարակումները։
12 մասնակցով Լիբանանում հայ արտիստներն իսկապես շքեղ ներկայացումներ տվեցին, մշակութային մի փոքրիկ փոթորիկ առաջացրին։ Բացի Բեյրութում կայացած ներկայացումներից մեկն էլ եղավ Բուրջ Համուդի «Պողոսյան» հանդիսասրահումՙ վարժարանների երեխաների համար։
Ու, ահա, թատրոնը վերադարձել է Երեւան, այսինքնՙ տուն։ Բայց տո՞ւն է վերադարձել։
Արդեն օգոստոս ամսից Երեւանի մնջախաղի թատրոնը սրահ այլեւս չունի։ Գեղարվեստի ակադեմիայի սրահը, պայմանագրի ժամկետի լրացման պատճառով, հանձնված է տերերին։ Ժիրայր Դադասյանի ասելով մշակույթի նախարարությունը խոստացել է լուծել պետական այս թատրոնի «տան» հարցը։ «Մենք վստահ ենք, լիահույս ենք ու հավատում ենք այս խոստումին, ասում է Ժիրայր Դադասյանը։ Որովհետեւ եթե չհավատանք, ապա ամեն ինչ անիմաստ է դառնում»։
Մենք եւս հույս ունենանք, որ իսկապես միջազգային ճանաչման արժանացած այս թատրոնը տանիք կունենա։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ