«Ոսկան Երեւանցի» հրատարակչությունը հիանալի նվեր է պատրաստել հայ մշակույթի պատմությունն ուսումնասիրող մասնագետների եւ ընթերցող լայն շրջանակների համարՙ հրատարակելով հանրապետության վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Էդմոնդ Տիգրանյանի «Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ)» հանրագիտարանային հրատարակությունը։
Գրքի շնորհանդեսը կայացավ օրերս «Արմենպրեսի» մամլո սրահում։ Գիրքը ներկայացրեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հրատարակչական վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանը։ «Սա այն բացառիկ հրատարակություններից մեկն է, որը սիրով պետք է ներկայացվեր պետական պատվերով տպագրվելու պատվին, որովհետեւ մի ողջ դարաշրջանի պատմություն է», ասաց Է. Միլիտոնյանը։ Իսկ ինչպես նշեց աշխատության հրատարակման նախանձախնդիրներից մեկըՙ Երեւանի ճարտարապետական համալսարանի ռեկտոր Արեստ Բեգլարյանը, «Էդմոնդ Տիգրանյանի աշխատությունը սոսկ արվեստագիտական ուսումնասիրություն չէ, այլեւ իրավաբանական փաստաթուղթ»։
Շատ ու շատ շինություններ, որոնք կառուցվել են ինչպես Անդրկովկասի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքներում, կամ ավերվել են, կամ փորձ է արվել սեփականաշնորհվել օտարազգիների կողմից։ Ու հենց կեղծարարությունից փրկելու նպատակ ունի այս գրքի հրատարակությունը։
Տարիներ առաջ ամերիկահայ Արմիկ Հակոբյանի հովանավորութամբ այս գրքի փոքրիկ մի տպաքանակ տպագրվեց, որն իրացվեց սփյուռքում։ «Ոսկան Երեւանցի տպագրատուն» արտադրահրատարակչական բաժնետիրական ընկերության եւ հատկապես գործադիր տնօրեն Մեխակ Սարգսյանի նախաձեռնությամբ գիրքն այս անգամ հրատարակվեց պետական պատվերով։ Տպագրատունը խնդրեց հոգալ միայն նյութերի ծախսը։ «Այսպիսի արժեքավոր գրքեր այժմ սակավ են տպագրվումՙ չնայած գրքի ահռելի վիճակին, մեր զրույցի ժամանակ ասաց Մեխակ Սարգսյանը։ Իսկ այս գիրքը, որի հրատարակումը տպագրատանը ոչ մի լումա եկամուտ չբերեց, պետք էր հրատարակել թեկուզ պատմական կեղծումներից զերծ մնալու համար»։
Իսկապես հիշատակության արժանի գործ է կատարվել, որի համար գրքի շնորհանդեսին ներկա մեր անվանի արվեստագետները խորին շնորհակալություն հայտնեցին այս գործը իրականացնողին։
Ս. Գ.