Նոյեմբերի 6-9 Նեապոլում կայացավ Voci nel Sole («Ձայներ արեւի տակ») խմբերգային երաժշտության Երկրորդ միջազգային փառատոնը, որին առաջին անգամ մի կոլեկտիվ մասնակցեց Հայաստանիցՙ «Փարոս» կամերային երգչախումբը։
Այս տարի «Փարոս» երգչախումբը, որի գրեթե բոլոր անդամները հաշմանդամի սայլակներով են, նշում է իր գոյության 10-ամյակը։ Երգչախումբը ստեղծվել է 1993 թ. Միջազգային հետտրավմատիկ վերականգնողական կենտրոնում (ՄՀՏՎԿ) եւ իր գործունեության բոլոր տարիներին անբաժանելիորեն կապված է այդ հաստատության հետ։ ՄՀՏՎԿ տնօրեն, Հայաստանի Կարմիր խաչի միության նախագահ Մխիթար Մնացականյանի բարի կամքի եւ անփոփոխ աջակցության շնորհիվ երգչախմբի անդամները տարեկան 2 անգամ վերականգնման հերթական կուրս են անցնում Կենտրոնի հյուրընկալ պատերի ներքոՙ համատեղելով այն ամենօրյա փորձերի հետ։
10 տարվա ընթացքում «Փարոսը» բազմիցս ելույթ է ունեցել Երեւանի տարբեր համերգասրահներում եւ Հայաստանի տարբեր շրջաններում։ Այս բոլոր տարիներին երգչախմբի անփոփոխ ղեկավարն է մաեստրո Վաչագան Նավասարդյանը, որը հազվագյուտ հաստատակամությամբ իր կոլեկտիվը տանում է նոր ստեղծագործական բարձունքների։ Պարզ միաձայն ժողովրդական երգերի յուրացումից սկսելովՙ երգչախումբն աստիճանաբար բարդացնում էր իր երգացանկը եւ բազմամյա համառ աշխատանքի շնորհիվ այսօր «Փարոսը» կատարում է հայ եւ արտասահմանյան երգահանների բարդագույն քառաձայն ստեղծագործություններ։
Հաջող էին նաեւ երգչախմբի արտասահմանյան հյուրախաղերը Լիբանանում (1997 թ.), Թբիլիսիում (1998 թ.ՙ Սպիտակի երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ) եւ Մեծ Բրիտանիայում, ուր «Փարոսը» մասնակցեց Ջերսի-2000 միջազգային խմբերգային փառատոնին եւ մի շարք բարեգործական համերգներ տվեց։
Անցյալ տարի Բաց հասարակության ինստիտուտի Սորոսի հիմնադրամի աջակցությամբ խումբը նոր համերգային ծրագիր յուրացրեց եւ ձայնագրեց իր առաջին լազերային ձայնասկավառակը։
Նեապոլից ստացված հրավերը եւ պատվավոր էր, եւ պարտավորեցնող։ Առաջին հերթին հարկ էր լուծել հավերժ մի խնդիրՙ այդ թանկ ուղեւորության համար հովանավորներ գտնել։ Այս հարցում անգնահատելի աջակցություն (այն էլ ոչ առաջին անգամ) ցուցաբերեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Թինա Ասատիանին, դիմելով ավիատոմսերի վճարն ապահովելու խնդրանքով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հարցիՙ նախագահի կողմից դրականորեն լուծելն էլ կանխորոշեց ողջ միջոցառման հաջողությունը։
«Փարոսին էական աջակցություն ցուցաբերեցին նաեւ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Հայաստանում Իտալիայի դեսպանության կցորդ Ջորջիո Մարկոնին, ինչպես նաեւ ամերիկացի բարերար, «Ռոդա գրուպ» ընկերության նախագահ Ռոջեր Շտրաուխը։ Տեխնիկական խնդիրների լուծումն ստանձնեց «Ունիսոն» հասարակական կազմակերպությունըՙ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի ղեկավարությամբ։
Ինչ վերաբերում է փառատոնի կազմակերպիչներին, ապա վերջիններս ոգեւորությամբ ընդունեցին այդ խոշորագույն մշակութային իրադարձությանը հայ հաշմանդամների երգչախմբի մասնակցության մտահղացումը եւ իրենց կողմից հնարավոր գտան գործնականորեն անվճար տեղավորել «Փարոսի» երգիչներին հոյակապ մի հյուրանոցում։
Մրցույթին մասնակցեց 16 երգչախումբՙ եվրոպական 7 երկրներից։
Ըստ ժյուրիի անդամների, որի կազմում էին Իտալիայի երաժշտանոցների պրոֆեսորներ, մասնակիցների մակարդակը այս անգամ չափազանց բարձր էր, եւ շատ դժվար էր այս կամ այն կոլեկտիվի օգտին որոշում կայացնելը։ Մեր երգչախմբի երգացանկում ընդգրկված էին Կոմիտասի, Եկմալյանի եւ Կանաչյանի խմբերգերը։ Հայ երաժիշտների կատարմամբ հնչեց նաեւ Սկարլատիի O cessate di piagarmi ստեղծագործությունը, որը նույնպես բարձր գնահատականի արժանացավ։
Արդյունքում «Փարոսն» ընդգրկվեց լավագույն հինգ կոլեկտիվների կազմի մեջ եւ ստացավ հատուկ դիպլոմ։ Մեր երգչախմբին արժանացրին մեծ պատվիՙ մենահամերգով հանդես գալու Terme di Agnano համալիրի դահլիճում։
Փառատոնի ավարտից հետո «Փարոսը» 2 օր անցկացրեց Հռոմում, որտեղ այլեւայլ տեսարժան վայրերի հետ եղավ նաեւ Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարում, որտեղ բացառիկ թույլտվություն ստացավ կատարել մեկ ստեղծագործություն։ Կոմիտասի Պատարագից «Ազգային օրհներգի» կատարումը դարձավ «Փարոսի» Իտալիայում կայացած հյուրախաղերի արժանավոր պսակը։
ՌԱՍՄԻԼԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, Նեապոլ-Հռոմ-Երեւան