«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2003-11-28 | #220, 2003-11-29 | #221, 2003-12-02


ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՅ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԻՆ

Մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ անցկացվեց ֆուլ կոնտակտ կարատեի պրոֆեսիոնալ լիգայի մրցախաղ Հայաստանի եւ ԱՊՀ երկրների հավաքականների միջեւ։ Այն կազմակերպվել էր մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ, սեւ գոտի 4-րդ դան Գոռ Վարդանյանի նախաձեռնությամբ։ Կայացած 5 ռաունդանոց 5 մենամարտերում ընդհանուր հաղթանակ տարան Հայաստանի հավաքականի պատվիրակները (3-2)։ Հարկ է նշել, որ մենամարտերը հիմնականում անցան համառ ու անզիջում պայքարում, մարզիկները դրսեւորեցին իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը, աչքի ընկան հնարքների բազմազանությամբ։ 5 մենամարտերից միայն մեկն ավարտվեց ժամկետից շուտ։ Բելառուսցի Միխայիլ Չեպելինկոյի եւ Արտակ Քոչարյանի մենամարտն ավարտվեց 2-րդ ռաունդում մեր մարզիկի մրցակցի բացահայտ առավելության պատճառով։ Հյուրերից հաղթանակ տոնեց նաեւ ռուսաստանցի Դենիս Լուկաշովը, որը միավորների նվազագույն տարբերությամբ (32-30) հաղթեց Կարեն Նահապետյանին։ Մեր մյուս կարատեիստները պարտության մատնեցին իրենց մրցակիցներին եւ ապահովեցին թիմային ընդհանուր հաղթանակը։ Հատկապես տպավորիչ էր քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Սուրեն Ղալաչյանի հաղթանակը վրաց մարզիկ Դավիթ Շվելիձեի նկատմամբ (52-33)։ Հովիկ Թադեւոսյանը հաղթեց ռուսաստանցի Դենիս Երմակովին (33-24), իսկ Կառլեն Մինասյանը 2 միավորի առավելությամբ պարտության մատնեց ուկրաինացի Ալեքսեյ Կանդալինցեւին (27-25)։ Եվ այսպես, Հայաստանի հավաքականը հաղթող ճանաչվեց եւ արժանացավ խաղարկվող գավաթին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4