Ռուսական «Վեդոմոստի» թերթը երեկ տեղեկացրեց, որ «ԵԷՍ Ռոսիի» ՌԲԸ-ն ամերիկյան «AES Corporation» ֆիրմայից 23 մլն դոլարով ձեռք է բերել Վրաստանի էներգետիկ օբյեկտների ակտիվները։ Այդ գումարը տասնապատիկ պակաս է դրանց գնման ժամանակ ամերիկյան ֆիրմայի վճարած գումարից։ «ԵԷՍ Ռոսիի» ընկերության ղեկավարությունը հրաժարվել է հավելյալ մանրամասնություններ տրամադրել։
«AES Corporation»-ի 2003 թ. 3-րդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության մեջ նշվում է, որ ֆիրման 2003 թ. հուլիսին համաձայնել է վրացական էներգետիկ 3 ընկերություններում իր բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառել 23 մլն դոլարով, թեեւ դրանք իրեն արժեցել էին 260 մլն դոլար ուղղակի ներդրումներ եւ Վերականգնման ու զարգացման եվրոպական բանկի 60 մլն դոլարի վարկեր։
Գործարքին լավատեղյակ աղբյուրներից մեկը հայտնել է, որ Վրաստանի էներգետիկ օբյեկտներն իրականում ավելի թանկ են նստել «ԵԷՍ Ռոսիի» ընկերության վրա։ 23 մլն դոլար վճարվել է անմիջականորեն բաժնետոմսերի համար, իսկ ընդհանուր առմամբ գործարքի գումարը կազմել է մոտ 80 միլիոն, ներառյալ վրացական ընկերությունների պարտքերը եւ հիդրոէլեկտրակայանների վարձակալական վճարները։
«AES Corporation»-ին պատկանում էին Թբիլիսիի «Թելասի» բաշխիչ համակարգի բաժնետոմսերի 75 տոկոսը, Թբիլիսիի 600 մեգավատանոց ՊՇԷԿ-ի երկու էներգաբլոկները, Վրաստանից Թուրքիա էներգիա արտահանող «AES Transenergy» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը եւ «Խրամեսի» բաժնետիրական ընկերության երկու ՀԷԿ-երի կառավարման իրավունքը։ Էներգետիկների հաշվարկների համաձայն, գործարքի շնորհիվ «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունը կկարողանա վերահսկել Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրության 20 տոկոսը եւ իրացման 35 տոկոսը։