«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2003-11-28 | #220, 2003-11-29 | #221, 2003-12-02


ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՆՈՐՈԳՎԱԾ ԴՊՐՈՑ

Ձմռան շեմին Թալին քաղաքի բնակիչները լավ նվեր ստացան։ 1960թ.-ից ի վեր չվերանորոգված Թալինի թիվ 1 միջ. դպրոցը դեկտեմբերի 1-ից իր դռները բացեց վերանորոգված, կահավորված ու տեխնիկապես հագեցած սարքավորումներով։

2001 թ. ծնունդով թալինցի գործարարներ Արամ Վարդանյանը, Յուրա Մխիթարյանը, բելգիահայ Րաֆֆի Արսլանյանը եւ Գագիկ Խաչատրյանը Թալինում հիմնեցին «Դայմոթեք» ադամանդագործական ընկերությունը, որը մոտակա 32 գյուղերից 600 աշխատատեղերով այսօր իր ուրույն տեղն ունի շուկայում։ Սակայն բելգիահայ բարերարը չսահմանափակվեց միայն այդ ներդրումով։ 1986 թ.-ին, երբ վախճանվում է նրա հայրըՙ ադամանդագործ Մելանթոն Արսլանյանը, Րաֆֆին որոշում է հավերժացնել իր հոր հիշատակը։ Իր գործարար ընկերների խորհրդով այցելում է Թալին քաղաքի դպրոց ու որոշում հիմնովին վերանորոգել։ Այսօր արդեն այդ որոշումն իրողություն է դարձել։ Դպրոցի վերաբացման օրը բոլոր ելույթ ունեցողները խորին շնորհակալություն հայտնեցին բարերարներ տեր եւ տիկին Րաֆֆի եւ Անեկա Արսլանյաններին, շինարարներին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել էին։ Իսկ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն էլ տեղեկացրեց, որ երախտապարտ թալինցիները հարգանքի իրենց տուրքն են մատուցում բարերարի ընտանիքին։ Դպրոցի ուսուցչական կոլեկտիվի, համայնքի ավագանու, Արագածոտնի մարզպետարանի միջնորդությամբ եւ գիտության, կրթության նախարարության թույլտվությամբ Թալինի թիվ 1 միջն. դպրոցն անվանակոչվեց արժանահիշատակ հայ բարերար Մելանթոն Արսլանյանի անվամբ։ Անվանակոչված դպրոցի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Րաֆֆի Արսլանյանին, որը հուզմունքը չկարողանալով թաքցնել, խոստացավ շարունակել բարեգործությունը Թալինի մյուս դպրոցներում նույնպես։

Միջոցառման ընթացքում Թալինի քաղաքապետարանի որոշմամբ կատարած ներդրումների, նոր աշխատատեղերի ստեղծման եւ բարեգործական ծրագրերի իրականացման համար քաղաքի պատվավոր քաղաքացու վկայագրեր շնորհվեցին գործարարներ Արամ Վարդանյանին, Յուրի Մխիթարյանին, Րաֆֆի Արսլանյանին։ Վերջինիս շնորհվեց նաեւ Հայաստանի առեւտրաարդյունաբերողների պալատի «Մերկուրի» ոսկե մրցանակը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4