ԱԽԱԼՔԱԼԱՔ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, Ա-ԻՆՖՈ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, հունվարի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է նաեւ հայ թեկնածուՙ թբիլիսաբնակ Յուրի Մկրտումյանը։ Վրաստանի հայերի միության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը հայտնում է, որ Յուրի Մկրտումյանը ոչ մի տեղ չի աշխատում եւ զբաղվում է հասարակական գործունեությամբ։
Յուրի Մկրտումյանը ծնվել է 1966 թվականին, Թբիլիսիում։ Մասնագիտությամբ հիդրոշինարար է, ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Թեեւ դժվարությամբ է խոսում հայերեն, սակայն երեխաները հաճախում են Թբիլիսիի հայկական դպրոցներից մեկը։
Յուրի Մկրտումյանի թեկնածությունը առաջադրող նախաձեռնող խմբի հինգ անդամներից երկուսը հայ են, երկուսըՙ ռուս, մեկըՙ վրացի։