«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2003-11-29 | #221, 2003-12-02 | #222, 2003-12-03


ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

Բայց վերջնական Բուրջանաձեն պիտի որոշի

ԹԲԻԼԻՍԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր որոշել է կրկնական խորհրդարանական ընտրությունները նշանակել 2004 թվականի հունվարի 25-ին։ Գերագույն դատարանի կողմից նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները նոյեմբերի 25-ին անվավեր ճանաչվելուց հետո կրկնական ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան դրանից երկու ամիս անց։ ԿԸՀ-ն նաեւ որոշում է ընդունել պաշտոնապես դիմել նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեինՙ խնդրելով սահմանել խորհրդարանական ընտրությունների վերջնական ամսաթիվը, քանի որ ԿԸՀ-ն այն կարծիքին է, որ մինչեւ հունվարի 25-ը «չի հաջողվի հարկ եղած ձեւով նախապատրաստվել ընտրությունների անցկացմանը»։

ԿԸՀ-ի նախագահ Զուրաբ Չիաբերաշվիլին հայտարարել է, որ «քանի դեռ Բուրջանաձեն կատարում է նախագահի պարտականությունները, նա իրավունք ունի նշանակել ընտրությունների վերջնական ամսաթիվը»։

Գերագույն դատարանը անվավեր է ճանաչել նոյեմբերի 2-ին կայացած ընտրությունները համամասնական կուսակցական ցուցակներով։ Դրանց համապատասխան ընտրվել էր 150 պատգամավոր։ Իսկ ինչ վերաբերում է մեծամասնական ընտրատարածքներում կայացած ընտրություններին, ապա դրանց արդյունքները լուծարված չեն։ Դրանցից 65-ում արդեն ընտրված են պատգամավորներ, եւս տասումՙ երկրորդ փուլը կկայանա հունվարի 4-ին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4