Նորաստեղծ Համաշխարհային հայկական կազմակերպությունը (ՀՀԿ) պետք է լուծի բազմաթիվ հարցեր, որոնք կուտակվել են տարիներով, նույնիսկ դարերով։ Նախ հարկավոր է ստեղծել կառավարման ապարատ, որի կառույցն ընդունվել է հիմնադիր համագումարում։ Կազմակերպական աշխատանքներն անչափ դժվար են, եւ մենք, որ առայժմ չենք մասնակցում դրանց, բայց ունենք մեծ ցանկություն եւ որոշ հնարավորություններ, կուզենայինք օգնել։
Երկու խոսքով ուզում եմ արտահայտել որոշ պարզ մտքեր, տալ հասարակ թվացող որոշ հարցեր, որոնք առայժմ պատասխաններ չունեն։ Եվ մեծապես հուսով եմ, թե ՀՀԿ-ն իր աշխատանքը կսկսի այդ հասարակ հարցերի պատասխանների պատրաստումից։
Հիշեցնում եմ, որ աշխարհում իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ... շատ դժվար է ճիշտ, հօգուտ սեփական ժողովրդի ու պետության գործել։ Ուստի առավել եւս անհրաժեշտ է ունենալ տարրական հարցերի պատասխանները։
Հարց 1։ Առաջին անգամն է, որ հայերը հեռանում են հայրենիքից, երբ իրենց չեն արտաքսում այնտեղից։ Ինչո՞ւ։ Տնտեսական աճի (14 տոկոս) պայմաններում մինչեւ օրս գնում են ու գնում, բայց չեն վերադառնում։ Նշանակում էՙ ինչ-որ բան կարգին չէ։ Նշանակում էՙ ինչ-որ տեղ կաղում է վիճակագրությունը, կամ էլ տնտեսության վիճակն այն չէ։ Լավատեղյակ մարդիկ ասում են, որ Հայաստանում կարելի է աշխատել «Լինսի» ծրագրի գծով եւ թանկարժեք քարերի մշակման ասպարեզում։ Եվ որ աշխատելու ուրիշ տեղ չկա։ Հայաստանում եղած մարդկանց աչքին են զարնում Երեւանում բազմաթիվ անգործ տղամարդկանց գոյությունը եւ մարզերում բնակչության բացակայությունը։ Ակնհայտ է, որ 90-ական թթ. սկզբներին Հայաստանի տնտեսությանը հասցվել է այնպիսի հարված, որ արձագանքը դեռ երկար կհնչի 35-ից բարձր տարիքի հայերի ականջներում։ «Սակայն անկումն այնքան խոր եւ լուրջ էր, որ աճի ներկա տեմպերը չեն կարող տեսանելի ապագայում հանգեցնել լուրջ փոփոխությունների» (ՀՀԿ ստեղծման կազմկոմիտեի նախագահ Արա Աբրահամյանի զեկուցումից)։ Հայաստանին օգնելու անհրաժեշտությունն ակնհայտ է։ Եվ դա անում են մեր բազմաթիվ հայրենակիցները։ Բավական է նշել թեկուզ Քըրք Քըրքորյանի, Շառլ Ազնավուրի անունները։ Իհարկե, անվիճելի է նաեւ Ռուսաստանի հայերի միության դերը, որն օգնում է ոչ միայն Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին, Ռուսաստանի հայ սփյուռքին, այլեւ տարերային աղետներից տուժած ՌԴ շատ տարածաշրջանների։ Սակայն այդ բոլոր գործողությունները խառնաշփոթ, անկազմակերպ են։ Վերջ ի վերջո, Հայաստանը չի կարող իր համար օգնություն պատվիրել։ Ուստի օգնության բոլոր քայլերի կենտրոնացումը հարկավոր է անցկացնել մեկ մաղով։ Եվ թող դա լինի ՀՀԿ-ն։ Եվ թող լինի «վերադարձ ի հայրենիք»։
Տարրական հաշվարկների համաձայն, մասնավոր անձանցից Հայաստան մուտք է գործում ավելի քան 1 մլրդ դոլար։(*) Հայաստանում իրականում ապրում է մոտ 2 մլն քաղաքացի (այս բոլոր տվյալները ոչ պաշտոնական են)։ Այսպիսով, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տարեկան ստանում է 500 դոլար օգնություն, այսինքնՙ ամսական 42 դոլար։ Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Հայաստանի բյուջեն 400 մլն դոլար է (Վլադիմիրի մարզը, որտեղ հիմա ապրում եմ, տարածքով հավասար է Հայաստանին եւ ունի 226 միլիոնանոց բյուջե)։ Կարծում եմ, փոքր գումար չէ։ Ուրեմն ինչո՞ւ են մարդիկ փախչում։
Հայաստանի քաղաքացիներին չպետք է դարձնել անտարբեր կերպով փողի սպառող մուրացկաններ։ Հայերը միշտ էլ աչքի են ընկել աշխատասիրությամբ։ Հանուն ընտանիքի բարօրության նրանք պատրաստ են եղել շատ աշխատել եւ շատ ստանալ։ Վերհիշենք 1970-1985 թվականները, երբ Հայաստանն ամռանը դատարկվում էր տղամարդկանցից. նրանք մեկնում էին լայնարձակ Միությունում փող վաստակելու։ Իսկ հիմա... մեկնած տղամարդկանց մի մասը նույնիսկ իրեն չի ապահովում, չխոսելով արդեն փող ուղարկելու մասին։ Հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ հայերը Ռուսաստանում նոր ընտանիք են կազմում, Հայաստանում իրենց ընտանիքը թողնելով բախտի քմահաճույքին։ Իրավիճակը շատ տագնապալի է եւ վախեցնող։
Հարց 2։ Ինչո՞ւ չեն կարգավորվում սփյուռքից Հայաստան ուղարկվող դրամական հոսքերը։ Գուցե դրանով կզբաղվի ՀՀԿ-ն։
Կուզենայի անել առաջարկություններ. քննարկել դրամական հոսքերի վերահսկման կազմակերպումը, ստեղծել ֆոնդեր, թողարկել բաժնետոմսեր, կառուցել գործարաններ։ Հարկավոր է Ռուսաստանում բնակվող հայերի կողմից արված ներդրումներով բացել աշխատատեղեր, որտեղ առաջին հերթին կկարողանան աշխատել նրանց ազգականները, եւ շահաբաժիններն էլ ամեն ամիս պետք է նրանք ստանան։ Դա ձեռնտու է թե՛ ուղարկողներին եւ թե՛ ստացողներին։ Դա ձեռնտու է ամենքին։
Ամենքին հայտնի է հայերի սերը գիտարար աշխատանքների նկատմամբ։ Ժամանակին Հայաստանը շատ զարգացած էր ԷՀՄ-ների եւ ծրագրերի մշակման ասպարեզում (Երեւանի Մերգելյանի անվան ՄՄԳՀԻ-ն, «Անի» ԳԱՄ-ը եւ կից միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտը, որտեղ աշխատել եմ, «Աստրո» ԱՄ-ն եւ վերջապես հանրահայտ «Մարս» ռոբոտատեխնիկական գործարանը)։ ԽՍՀՄ-ում համակարգչի սկավառակ բացող առաջին սարքը, ջերմատպիչ միակ սարքը, առաջին մոնիտորներից մեկը եւ շատ այլ սարքավորումներ մեզ մոտ են ստեղծվել։
Մի՞թե դժվար է ներկայումս ԱՊՀ-ն հեղեղել, օրինակ, համակարգիչների հայկական պլատաներով, իրաններով, ստեղնաշարերով կամ թեկուզ մկներով։
Հարց 3։ Ինչո՞ւ դրանք չեն պատրաստում։ Գուցե դրանով եւս զբաղվի ՀՀԿ-ն երկրորդ հարցին պատասխանելու շրջանակներում։
Ուզում եմ մեջբերում անել ՀՀԿ ստեղծման կազմկոմիտեի նախագահ Ա. Աբրահամյանի զեկուցումից. «Հանուն պետականության եւ հայ ժողովրդի պահպանման մղվող ճակատամարտը կարող է հերթական անգամ տանուլ տրվել, եթե ազգային ընտրախավը չդրսեւորի ռազմավարական ընկալում, եթե պետությունն ակտիվորեն չպաշտպանի միասնական հասարակական կազմակերպության շրջանակներում աշխարհի հայերին կառույցի մեջ միավորելու գաղափարը»։
Սրան ավելացնելու բան չկա։ ՀՀԿ-ի ստեղծումն այլընտրանք չունի։ Արտասահմանում գործող քաղաքական կուսակցություններն ունեցել են երկու առաքելություն. Հայ դատի լուծումը եւ անկախ պետության վերականգնումը։ Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծումից հետո Հայ դատի լուծումը նույնպես կենտրոնանում է պետական կառույցների ձեռքին, իսկ արտերկրի կուսակցություններին եւ մյուս հասարակական կազմակերպություններին մնում է պետությանն օգնելու դերը։ Ես կարծում եմ, որ այդ հասկացություններն ակնհայտ էին դառնում ամենքի համար։ Եվ հարկավոր էր սփյուռք-հայրենիք հարաբերություններում քաղաքական կուսակցությունները փոխարինել ուրիշ հասկացությամբ։ Հարցի լուծումը դառնում էր չափազանց կարեւոր։ Եվ ՀՀԿ-ի ստեղծումը լուծում է բազմաթիվ հարցեր։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքական կուսակցություններն այլեւս անելիք չունեն։(**) Արտերկրում դրանց գոյության իմաստը դառնում է անբացատրելի։ Տարագիր կուսակցությունները պետք է վերադառնան հայրենիք։ Սփյուռքում պետք է մնան բարեգործական հասարակական կազմակերպությունները, իսկ աշխարհի հայությանը կապող օղակի դեր պետք է խաղա ՀՀԿ¬ն։ Ինչպես նշել է Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանը, «պետության վերականգնումը բեկումնային պահ է ազգային կյանքում, պահանջում է ազգային արժեքների վերաիմաստավորում եւ ազգային գաղափարախոսության ձեւավորում։ Ես կարծում եմ, որ ազգային գաղափարախոսությունն արդեն ձեւավորված է։ Դրա սկիզբը դրվեց 1993-1994 թթ., երբ Հայաստանը շահեց պատերազմը։ Այն ժամանակ հայերն զգացին հաղթելու, առջեւում լինելու, ուժեղ եւ հպարտ ժողովուրդ լինելու համը։ Չի կարելի կորցնել այդ զգացումները։ Ավելին, հարկավոր է դրանք ամրապնդել աշխարհի բոլոր հայերի գիտակցության մեջ։
Եվ բարի ճանապարհ մաղթենք Համաշխարհային հայկական կազմակերպությանը։
ՀՐԱՉԻԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, Վլադիմիրի մարզ, ք. Ալեքսանդրով, ՌՀՄ տեղական բաժանմունքի նախագահ
(*) Մենք առաջին անգամ ենք հանդիպում նման թվի, որը սովորաբար տատանվում է 200-250 մլն դոլարի միջեւ (խմբ.)։
(**) Հիշեցնենք, որ ՀՀԿ¬ն եւ նրա նախագահը միշտ էլ պնդել են հակառակը (խմբ.)։