«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2003-11-29 | #221, 2003-12-02 | #222, 2003-12-03


«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Վերջիվերջո մենք գալու ենք այն հեղափոխական իրավիճակին, որ ստեղծվել է ԱՊՀ մյուս երկրներում, եւ քանի դեռ իշխանությունը չի ճանաչել իր սխալներըՙ կանգնելու է հեղափոխական իրավիճակի առջեւ», հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը դեկտեմբերի 2-ին կուսակցության հիմնադիր համագումարին։

Ըստ նրա, կուսակցության հիմնական սկզբունքներն են «ժողովրդավարությունը, ազատական տնտեսությունը, պանարմենիզմը եւ աշխարհաքաղաքական խաչմերուկի սկզբունքը»։ Արամ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ «Նոր ժամանակներ» կուսակցությունը, ի տարբերություն մի շարք այլ քաղաքական ուժերի, կունենա հստակ դիրքորոշում եւ երբեք չի դավաճանի իր սկզբունքներինՙ ելնելով կոնյունկտուրայից։

Արամ Կարապետյանը հարց ուղղեց քաղաքական կոալիցիայի երեք կուսակցություններին. «Այսօր Հայաստանում ստեղծվել են արտերկրյա մենաշնորհներ, նույնիսկ էներգետիկայի 78%-ը գտնվում է ռուսական մի ընկերության ձեռքում։ Այս իշխանությունների ո՞ր քաղաքական կուրսն եք դուք պաշտպանում»։

Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության առնչությամբ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ Վրաստանում կատարվածն արհեստականորեն չի տեղափոխվելու հայաստանյան քաղաքական դաշտ, ինչը, սակայն, բնավ էլ չի նշանակում, որ Հայաստանի քաղաքական ուժերը երբեւէ չեն ցանկանա փոխել ստեղծված իրավիճակը։ Ըստ նրա, առկա է փոփոխությունների երկու ճանապարհ. մի ուղինՙ երբ իշխանությունները համագործակցում են ընդդիմության հետ, եւ երկրորդՙ երբ իշխանությունները պնդում են, «որ ամեն ինչ լավ է, եւ այս դեպքում քաղաքական ուժերը համախմբված կփորձեն փոխել իշխանություններին»։

Արամ Կարապետյանը խոստացավ, որ Հայաստանում լինելու են փոփոխություններ. «Մեր ցանկությունը միայն այն է, որ դրանք լինեն Սահմանադրության շրջանակում, իսկ եթե ոչՙ առանց վախենալու ասում ենք, որ գործողությունները կարող են կրել պոռթկման բնույթ, ու որեւէ մեկը թող չկասկածի, որ ես եւ իմ կողմնակիցները լինելու ենք առաջին շարքերում»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4